Քուվեյթը 100 հազար դոլար կհատկացի Հայաստանում գտնվող սիրիահայերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քուվեյթը 100 հազար դոլարի օգնություն կհատկացի Հայաստանում գտնվող սիրիահայերին, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ նոյեմբերի 29-ին կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ եւ լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին։ Սփյուռքի նախարարի հետ նախորդ հանդիպման ընթացքում  դեսպանը պատրաստակամություն էր հայտնել սիրիահայերին առնչվող խնդիրների մասին զեկուցել իր երկրի ղեկավարությանը, այնուհետեւ սահմանել համագործակցության տարբերակներ:
Պարոն Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին նախարարին տեղեկացրեց, որ նրա՝ Քուվեյթ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գտնվող սիրիահայերին 100 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Նախարար Հ. Հակոբյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում գտնվող սիրիահայերի հիմնախնդիրները եւ աջակցության ծրագրերն իրականացնելու այն անհրաժեշտ ուղղությունները, որոնց  պետք է առանձնահատուկ ուշադրություն  եւ առաջնահերթություն հատկացնել:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի առաջիկայում Հայաստան կայցելեն Իսլամական բարեսիրական կոմիտեի ներկայացուցիչները: Սփյուռքի նախարարության օգնությամբ նրանք տեղում կուսումնասիրեն եւ կծանոթանան իրավիճակին,  այնուհետեւ՝ համատեղ կկազմակերպվեն եւ կիրականացվեն աջակցության ծրագրերը:




Լրահոս