«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաեւ այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան: ՀՀ կառավարությունը մինչ օրս գումար չի հատկացրել: ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. «Պարոն Ծառուկյանի հետ օրեր առաջ խոսել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ ասելով, որ գումարի անհրաժեշտություն կա: Ծառուկյանն էլ, մեծ հարգանք տածելով Ֆ. Մարտիրոսյանի նկատմամբ, նրա ընտանիքին է փոխանցել 20 հազար ԱՄՆ դոլար»: Զրուցեցինք նաեւ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանի հետ՝ պարզելու, թե ինչու գործադիրն իր վրա չի վերցնում ծախսերը: «Բյուջեով նախատեսված է հուղարկավորությունը կազմակերպելու համար մինչեւ 1 միլիոն 700 հազար գումար հատկացնել, որոշումը կլինի, ու դա կֆիքսվի: Որոշումը կստորագրվի այսօր, վաղը կլինի մեր կայքում: Իսկ ինչ վերաբերում է տեղափոխմանը, ապա նշված կլինի, որ այդ դեպքում եւս կփոխհատուցվեն»,-ասաց Բերբերյանը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ