«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը, ինչպես հայտնի է, զբաղեցնում է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում թիվ 200 դպրոցի հաշվին ցանկանում է տուն կառուցել: Ըստ նույն տեղեկությունների՝ այդ դպրոցը երեք մասնաշենք ունի, որոնցից մեկը Արման Սահակյանը սեփականաշնորհել է ու ցանկանում է այն դարձնել բնակելի տուն:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչու է որոշել հենց այնտեղ իր համար տուն կառուցել: Արման Սահակյանը հարցը լսելուց հետո երկար դադար տվեց, ապա պատասխանեց. «Ամոթ էլ է դրա մասին հարց տալը, որովհետեւ բացի նրանից, որ այդպիսի բան չկա, երկրորդն էլ ես ինձ թույլ չեմ տա, որ դպրոցի մասնաշենք սեփականաշնորհեմ ու տուն սարքեմ»: Հուսանք, որ այդպես կլինի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: