«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 11-ին ԼՂՀ պաշտպանական բանակի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Էդուարդ Մելքումյանի հայրը` Գենադի Մելքումյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր որդին ինքնասպան չի եղել, այլ այդպես «սարքել են»: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտական դիրքում, ժամը 01:30-ի սահմաններում: Էդուարդ Մելքումյանը Արցախի Բերձոր համայնքի բնակիչ էր, նրա ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երկու շաբաթ:
Ըստ նախնական վարկածի՝ զինվորն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք: Զինվորի հայրը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դեպքից երկու օր առաջ խոսել է որդու հետ. «Ախր, շատ ուրախ-ուրախ խոսեց հետս: Ավելին ասեմ` ընդամենը երկու օր էր մնացել, որ դիրքերից իջներ ու …»: Որդեկորույս հայրը չցանկացավ մանրամասնել, թե որդու դիակի վրա ինչ վնասվածքներ կան, նա միայն ասաց, թե վստահ է, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել. «Այս ամենը սարքել են, այսքանը կասեմ»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: