Օգոստոսի 17-ի իր համարում «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը պատրաստվում է ներման դիմում գրել Սերժ Սարգսյանին: Մարգար Օհանյանի եղբայր Մուշեղ Օհանյանն էլ հաստատել էր տեղեկությունը, թե ներման դիմումն արդեն գրվել է: Թեեւ ՀՀ ՃՈ նախկին պետի եղբայրը վստահաբար հայտնում է, որ ներման դիմումը գրվել է, այնուամենայնիվ, նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը խուսափում է պատասխանել: «Ես չգիտեմ՝ գրվել է ներման դիմում, թե ոչ, ու ոչինչ ասել չեմ կարող այդ մասին»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր պաշտպանը: Ինչեւէ, ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Մուշեղ Օհանյանի հետ՝ հասկանալու, թե, ի վերջո, ինչ սպասելիքներ կան Սերժ Սարգսյանից: -Պարո՛ն Օհանյան, Դուք ասում եք, որ ներման դիմում գրվել է Սերժ Սարգսյանին, իսկ Ձեր եղբոր պաշտպանը նշում է, թե տեղյակ չէ: Ուզում ենք հասկանալ՝ ի վերջո, դիմում գրվե՞լ է, թե՞ ոչ: -Դիմում իսկապես գրվել է, եւ մենք սպասում ենք: -Հաշվե՞լ եք՝ ինչքան ժամանակ է անցել դիմումը ներկայացնելուց մինչ այսօր: -Երկու ամսից ավելի է, ինչ ներկայացրել են Սերժ Սարգսյանին: -Իսկ ինչպե՞ս կբացատրեք երկամսյա այս լռությունը: -Չեմ կարող բացատրել, դեռ սպասում ենք: -Միգուցե Սերժ Սարգսյանի այս լռությունը չներելու նրա մտադրությո՞ւնն է: -Ես կարծում եմ, որ կների: -Իսկ եթե հակառակը լինի, եւ չների՞: -Իմ հույսը դրական պատասխանն է: -Ձեր եղբորը վերջին անգամ ե՞րբ եք տեսել: -Այդ հարցին չեմ ուզում պատասխանել: -Ինչո՞ւ: -Դե չեմ ուզում: -Վերջին անգամ Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, թե նա առողջական խնդիրներ ունի: Տեղյա՞կ եք, թե հիմա ինչպես է: -Ճիշտ է, ունի առողջական խնդիրներ, բայց ոչ մի լուրջ բան չկա, եւ ամեն ինչ լավ է: -Մինչ նախագահական ընտրությունները Ձեր եղբորն ազատ կարձակե՞ն: -Ես կարծում եմ՝ ավելի շուտ կլինի: -Հստակ օր գիտե՞ք: -Ոչինչ չեմ կարող ասել: Ես ամեն օր էլ սպասում եմ: