Ազգային ժողովն քննարկվել է Կառավարության ներկայացրած «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Կառավարությանը հնարավորություն կտրվի նվազեցնել բյուջեի դեֆիցիտը եւ նոր պարտքեր ներգրավել:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ կետերում «պետական» բառը փոխարինել «կառավարության» բառով, իսկ 7-րդ կետում «պետական պարտքը» փոխարինել «կառավարության պարտքը» բառերով: Բանն այն է, որ «Պետական պարտքի մասին» ՀՀ գործող օրենքով հստակ սահմանվում են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի ՀՀ պետական պարտքը:
Օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ «Պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը»: Իսկ 8-րդ կետը սահմանում է, որ «6-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին չհամապատասխանող պետական պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է»: Այժմ, ըստ ՀՀ օրենքի, Հայաստանի պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե գերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը պետք է 3 տոկոսից քիչ լինի:
Ըստ խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորների՝ այս նախագծով Կառավարությունը պատրաստվում է նոր վարկային միջոցներ ներգրավել, ինչի արդյունքում ՀՀ արտաքին պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը:
Պատգամավորները հայտարարում են, որ եթե օրենքում չկատարվի վերը նշված փոփոխությունը, ապա Կառավարությունը չի կարողանա կրկին պարտք անել: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը դեմ է այն փոփոխություններին, որոնք ՀՀ Կառավարությունն առաջարկում է կատարել: Միքայել Մելքումյանից փորձել ենք պարզել, թե նախագծի ընդունման դեպքում առաջիկայում ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը:
-Ես շատ լուրջ վերապահումներ ունեմ այդ նախագծի հետ կապված: Պետական պարտքը փոխարինվում է Կառավարության պարտքով, ուղղակի մեթոդաբանորեն այդ տոկոսը համախառն ներքին արդյունքի նկատմամբ իջեցվում է մեխանիկորեն, այսինքն՝ որոշակիորեն ռիսկայնությունը պետության համար իջեցնում են, որին ես կոնկրետ դեմ եմ: Ռիսկայնության հարցը պետք է քննարկվի ու հասկացվի, թե ինչ է Կառավարությունն այդ մասին մտածում, պետք է նաեւ նրանց դիրքորոշումը հասկանալ, որպեսզի հստակ լինի ամեն ինչ: Վիճակագրական մանիպուլյացիաներ են արվում, որին ես դեմ եմ ու քննարկումների ժամանակ իմ տեսակետը ներկայացնելու եմ:
-Իսկ ի՞նչ նպատակներ է հետապնդում Կառավարությունը, Ձեր բնորոշմամբ` նման մանիպուլյացիաների գնալով:
-Կառավարությունը ցանկանում է ռիսկայնությունը իջեցնել, սա նշանակում է, որ շատ վարկեր է ներգրավում: Այդ դեպքում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքը պետք է աճեր 60 տոկոսից, հիմա իջեցնում է դրանով, այդ թվում բյուջեի դեֆիցիտը, որը ՀՆԱ-ի 3 տոկոսից ավել չպետք է լինի: Երկու կետով իջեցնում է իր նորմատիվը:
-Ստացվում է՝ ՀՀ Կառավարությունը առաջիկայում մտադիր է նոր վարկե՞ր վերցնել` այդպիսով ավելացնելով ՀՀ առանց այն էլ չափազանց մեծ արտաքին պարտքը:
-Ես ակնկալում եմ, որ ցանկանում են վարկեր ներգրավել, իսկ եթե սահմանված նորմատիվը անցնում է, այլեւս այդ պետությանը վարկեր չեն տրամադրում կամ ավելի դժվար են տալիս: Դոնոր երկրները, միջազգային արժութային հիմնադրամը, համաշխարհային բանկը եւ այլ կառույցներն արդեն դժվարությամբ են նայում այդ ամենին, եթե տեսնում են, որ դու 60 տոկոսից բարձր շեմ ունես, հրաժարվում են քո երկրին որեւէ վարկ տրամադրել: Նախ պետք է ճիշտ հասկանալ, թե ինչու է Կառավարությունն այդպես անում, ինչ են ակնկալում: Երբ կգան, օրենքը կներկայացնեն, այդ ժամանակ մենք իրենց պարզաբանումներից կհասկանանք: Բայց այս պահին այդ տիպի մեթոդաբանական մանիպուլյացիաներին ես անձամբ դեմ եմ:
Այստեղ արդեն վիճակագրական ցուցանիշներն ու փաստացի վիճակն իրար հետ հակասության մեջ կարող են մտնել: Բայց ամեն դեպքում ես ճիշտ եմ համարում նախ լսել Կառավարության պատասխանները մեր հարցերին, հասկանալ նրանց ակնկալիքները եւ դրանից հետո միայն լիարժեք ներկայացնել նշված հարցի հետ կապված մեր դիրքորոշումը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ