Ո՞րն էր մանկատան երեխաներին «արենդայով» տալու մասին պատգամավորի կողմից սուտ տեղեկություններ տարածելու նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորների շուրթերից հնչած հայտարարությունները անհիմն էին. ոստիկանությունը հրաժարվում է քրեական գործ հարուցել, քանի որ որեւէ փաստ չկա, որ մանկատների երեխաներին «արենդայով» են վերցնում եւ օգտագործում մուրացկանություն անելու նպատակով:

Դեղ են խմեցնում, որ քնեն

Երեք շաբաթ է անցել այն հայտարարությունից, որ մայիսի 27-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հնչեցրին ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը:

Նշված օրը Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր. «Ես քանիցս տեսել եմ, որ երբ երեխան ի վիճակի է հարցերին պատասխանել, հարցրել եմ՝ այս կինը քո մա՞յրն է, հորաքո՞ւյրն է, բարեկա՞մն է, կապ ունի՞ քո հետ, դա համատարած է Աբովյան փողոցում: Ասել է՝ ոչ, ու երեխային արագ տարել են, թե ձեր փողը, ձեր օգնությունը մեզ պետք չէ: Երբ ես փորձեցի այդ խնդրով հետաքրքրվել, ասացին, որ եվրոպական տարբեր երկրներում եւս այդ մեթոդոլոգիան օգտագործում են: Ծայրամասերի մանկատներից, համաձայնության գալով սանիտարների հետ, օրավճարով վերցնում են երեխաների»:

Իսկ, ահա, ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանը հայտնել էր. «Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն: Ողջ օրը տեսնում եմ՝ մի քանի ամսական երեխաներին գրկներին՝ ման են տալիս ու փող են հավաքում, որեւէ մեկդ չի լսել, որ այդ երեխաները լաց լինեն: Սա նշանակում է, որ դեղ են տալիս»:

Պատգամավորներն այնպիսի համոզվածությամբ էին հայտարարում երեխաների թրաֆիկինգի մասին, որ թվում էր, թե հարուցվելիք քրեական գործի շրջանակներում մի քանի մանկատների տնօրեններ հայտնվելու են ճաղերի հետեւում, քանի որ հանցանքն աններելի բնույթ ունի:

Ո՞ւր է նամակը

Բայց պարզվում է՝ հայտարարությունից հետո միայն Նաիրա Զոհրաբյանն է մի նամակ գրել ՀՀ ոստիկանապետին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ խնդրելով հետաքրքրվել թեմայով: Ուրիշ որեւէ մեկի չի մտահոգել այս թեման: Դե, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զբաղված է բացառապես դեմագոգիայով: Սոցապնախարարը «տեղում չէ» կարգավիճակում է: Միայն ոստիկանությունն է քննության առարկա դարձրել «Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 28-ի հրապարակումը:
Եւ, ահա, փորձեցինք ՀՀ ոստիկանությունից պարզել, թե հայտարարությունից 22 օր անց ի՞նչ են արել. ի վերջո, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի երեխաներին օգտագործելով մուրացկանություն անելու զազրելի երեւույթի համար: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ «2015թ. մայիսի 27-ին «Ժողովուրդ» օրաթերթում եւ armlur.am կայքում հրապարակվել է «Երեւանի մանկատներից օրավարձով երեխաներին վերցնում են մուրացկանության համար» հայտարարությունը:

Այդ առթիվ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության կողմից նախապատրաստված նյութերով բացատրություններ են վերցվել ՀՀ-ում գործող «Խարբերդի» մասնագիտացված մանկատան, «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ի, «Մարի Իզմիրյանի» անվան մանկատուն ՊՈԱԿ-ի, «Երեւան մանկան տուն» ՊՈԱԿ-ի, «Վանաձոր» մանկատան եւ Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրեններից եւ աշխատակիցներից, որոնք հերքել են իրենց մանկատան սաների՝ մուրացկանությամբ զբաղվելու փաստը: Բացի այդ՝ ՔՀԳ վարչության եւ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից կազմակերպվել եւ իրականացվել են ստուգայց-շրջագայություններ, որոնց ընթացքում թեեւ հայտնաբերվել է անչափահասի՝ մուրացկանությամբ զբաղվելու երկու դեպք, սակայն անչափահասները չեն եղել մանկատան սան, այլ մուրացկանությամբ զբաղվել են ծնողի հետ»:

Հանցադեպ չկա

ՀՀ ոստիկանությունը մեզ ուղարկված գրավոր պատասխանով տեղեկացրեց, որ «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով այլ տեղեկություններ ձեռք չեն բերվել մանկատներից օրավարձով երեխաներին վերցնելու եւ նրանց մուրացկանության մեջ օգտագործելու վերաբերյալ: ՀՀ քր. դատ. օր.-ի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածով 2015թ.-ի հունիսի 8-ին որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով»:
Այսպիսով, ստացվում է, որ կա՛մ ազգընտիրները ճիշտ տեղեկություն չեն տվել, կա՛մ չեն կարողացել ապացուցել իրենց հնչեցրածը, կա՛մ էլ ոստիկանությունը չի ցանկացել բացահայտել իրականությունը: Բոլոր դեպքերում էլ նրանց արարքը քննադատելի է:

Ինչո՞ւ մոռացան Բաբայանին

Բայց այստեղ ուշագրավ է ոստիկանության պահվածքը նաեւ մեկ այլ՝ պատգամավոր Վահան Բաբայանի մասով: Զարմանալի անտարբերությամբ ոստիկանությունը անտեսել է Վահան Բաբայանի հայտարարությունները, որ ասել էր, թե. «Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն»: Թե ինչո՞ւ է Բաբայանը վրիպել ոստիկանության ուշադրությունից, թերեւս խոսակցության այլ թեմա է, բայց որ պատգամավոր Բաբայանը «մնացել է իր հայտարարության տակ», դա փաստ է: Նա օրերս մեզ հետ զրույցում իր շեշտադրումները բավականին մեղմացրած ձեւով ներկայացրեց. «Ես եւս մեկ անգամ կրկնում եմ՝ հայտարարություն չէր դա, մտահոգություն էր, քանի որ մեր յուրաքանչյուր քաղաքացի փողոցում ման է գալիս, դա տեսնում է, ու մենք հայտնել ենք մեր մտահոգությունը: Մնացածն արդեն իրավապահ մարմինների գործն է»:

Բայց արդյո՞ք նման լրջության թեման կարելի է շոշափել ընդամենը կարծիքի մակարդակով եւ լինել այդքան անպատասխանատու: Այս իրավիճակում մեզ եւս մնում է կարծիք հայտնել, որ Վ. Բաբայանն ուղղակի ստախոս է, ճամբարափոխ, անսկզբունք մարդ, որը հարկ եղած ժամանակ ընդդիմություն է, ըստ անհրաժեշտության՝ իշխանական կերակրատաշտից օգտվող գործիչ: Իհարկե, մեր կարծիքը կարող ենք շարունակել նրա մասին, բայց առայժմ բավարարվենք այսքանով: Շեշտենք, որ, ի տարբերություն Բաբայանի, մենք մեր կարծիքը հիմնավորող փաստեր ունենք՝ թերթե՛ք Բաբայանի անցած ուղին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս