Երեւանում կողոպուտի եւ վանդալիզմի զոհ է դարձել հերթական քանդակը: Այս անգամ խոսքը քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Նազարյանի «Բերքի տոն» բրոնզե արձանի (1968) մասին է, որը տեղադրված է Նոր Նորք վարչական շրջանում: Երեք ֆիգուրից բաղկացած քանդակի մի ֆիգուրն անհետացել է, եւ խաթարվել է արձանի ամբողջական տեսքը:
Արձանի հեղինակի որդին` Արշակ Նազարյանը, ով այժմ բնակվում է Լոս Անջելեսում, հեռվից հեռու հասցրել է տեղեկանալ կատարվածի մասին. «Ես օրեր առաջ եմ իմացել վանդալիզմի այդ դրսեւորման մասին, իսկ թե որքան ժամանակ է, ինչ կոտրել են արձանը, չգիտեմ: Ինքս հաճախ եմ եղել հորս արվեստանոցում եւ ականատես եմ եղել, թե ինչպես են ստեղծվում մի շարք գործեր, այդ թվում` այս վնասված քանդակը, ուստի ինձ համար կրկնակի ցավալի է կատարվածը»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց քանդակագործի որդին` հավելելով, որ տեղի ունեցածը խավարամտության եւ որկրամոլության հետեւանք է: Նա մշակույթի ոլորտի պատասխանատուներին եւ «բոլոր որոշում կայացնողներին» կոչ արեց կրթել այնպիսի սերունդ, որը կգնահատի ազգի հոգեւոր եւ մշակութային նվաճումները:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանի հետ: Վերջինս նախ տեղեկացրեց, որ քանդակը ներառված չէ պատմամշակութային հուշարձանների ցուցակում, ուստի նախարարությունը տեղի ունեցածի համար պատասխանատվություն չի կրում: «Ամեն դեպքում, ես թեմայի շուրջ խորհրդակցելով նախարարի, փոխնախարարի հետ՝ կատարվածի մասին տեղեկացրել եմ Երեւանի քաղաքապետարանին եւ խնդրել եմ միջոցներ ձեռնարկել քանդակի վերահսկողության եւ վերականգնման համար»,-ասաց նա:
Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նման ահազանգերի դեպքում իրենք դեպքի մասին հայտնում են ՀՀ ոստիկանությանը եւ հարցը տեղափոխում են իրավական հարթություն: Քանդակագործի որդին` Արշակ Նազարյանը եւս մեզ տեղեկացրեց, որ քաղաքապետարանը կատարվածի մասին հայտնել է ոստիկանությանը: Թե ինչ քայլեր կձեռնարկի ոստիկանությունը, պարզ կդառնա առաջիկայում, իսկ թե ով պետք է զբաղվի արձանի վերականգնմամբ, դեռեւս պարզ չէ:
Աննա Բաբաջանյան