Եթե մարդը էմոցիոնալ է ու Ֆրիդայի նման սիրելի մորաքույր ունի, կարող է նաեւ հանուն նրա դատվել: Բայց եթե Ֆրիդան իմանար, թե ինչ կարող էր արժենալ իր «անձնազոհությունը», երեւի դանակը չվերցներ ու «համադախլչիին» չսպառնար, թե` «դանակը կմտցնեմ փորդ, կխառնեմ»:
Ֆրիդա Գրիգորյանն ամուսնական 15 տարիների ընթացքում երկու արու զավակ է ունեցել, ընտանիքի հոգս քաշել ու երեւի այնքան է թրծվել, որ հասել է «տղամարդ դառնալու» եզրագծին: Անցյալ տարի՝ դեկտեմբերի 28-ին, երբ ամանորյա առեւտրի եռուն ժամանակն է եղել, Ֆրիդան իր ապրանքը բերել է Երեւանի կենտրոնում գտնվող թիվ 1 շուկա, տեղավորել վաճառասեղանի վրա` վաճառքի: Նրա «կոլեգա» Արուս Ավետիսյանը եւս որոշել է նախատոնական եռուզեռից եկամուտ ստանալ, բայց երբ սկսել է իր ապրանքը դասավորել վաճառասեղանին, Ֆրիդան զայրացել է ու որոշել նաեւ սիրելի մորաքրոջը լավություն անել` նրա համար տեղ «բրոնյա անել»: Ըստ Արուսի` հենց դա էլ առիթ է դարձել, որ Ֆրիդան սեղանից վերցնի կանաչի մաքրելու դանակն ու սպառնալով առաջանա դեպի իրեն: Եւ երբ Ֆրիդան ասել է` «դանակը կմտցնեմ փորդ ու կխառնեմ», Արուսը վախից «չորացել է», այդ պահին այնտեղ գտնվող գնորդներն էլ խառնվել են իրար ու հասել Ֆրիդայի վրա` դանակը վերցնելու: Աղմուկից նրանց են մոտեցել նաեւ շուկայի հսկիչ ոստիկանները: Վտանգը վերացրել են, սակայն, Արուսի ասելով, վախից իր մոտ առողջական խնդիրներ են ծագել, դիմել է բժշկի ու միաժամանակ տոնական օրերին համբերությամբ սպասել, որ Ֆրիդան կգա, ներողություն կխնդրի, բուժհաստատություններում ծախսած 350 000 դրամը կփոխհատուցի, եւ ամեն ինչ կհարթվի: Բայց քանի որ Ֆրիդան նման բան չի արել, ինքն էլ դիմել է ոստիկանություն:
Դեպքից 45 օր անց Ֆրիդան խառնված զանգահարել է ու փորձել ամուսնու միջոցով եւ 50 000 դրամ փոխհատուցմամբ հաշտվել, սակայն չի ստացվել: Քրգործը մտել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ տուժողը մեղադրյալից պահանջել է արդեն մոտ 1 մլն դրամ, որից 900 000-ը` բուժման ծախսերի, իսկ 100 000-ը` վճարված փաստաբանական ծառայության համար: Ու թեեւ 35-ամյա Ֆրիդան իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիք տալու մեջ եւ դատապարտել պատժի` 50 000 դրամ տուգանքի: Իսկ քաղհայցը դատարանը բավարարել է միայն 100 000 դրամի չափով…
ԴԱՆԱԿՈՎ «ԲՐՈՆՅԱ»` ՄՈՐԱՔՐՈՋ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ