Չնայած պարբերական դադարներին` Էլլա Տարունցը շարունակում է պահպանել իր «դիրքերը» հայկական երգարվեստում: Այսօր էլ նա աշխատում է, գրում է նոր երգեր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Էլլան, սակայն, խոստովանել է, որ իրեն որպես երգչուհի ռեալիզացված չի համարում եւ խոսել է դրա պատճառների մասին:
-Էլլա՛, 90-ականների երեւանյան մշակութային մթնոլորտը, որը Ձեր երգերով ձեւավորում էիք նաեւ Դուք, երբեւէ հնարավո՞ր է վերադարձնել:
-Անցյալն ո՞վ է վերադարձրել, որ ես վերադարձնեմ. դրանք ընդամենը բարի ժամանակներ էին, որոնք ունեին իրենց առավելություններն ու թերությունները: Ժամանակները փոխվել են` բոլոր առումներով. մի ծաղկով գարուն չի գա: Մարդկանց մի մասը հիասթափվել է, ուրիշ ոլորտներում է իրեն փորձում, կան այնպիսիք, որոնք խելոք հարմարվել են իրավիճակին, եւ կան այնպիսիք, որոնք պարզապես ստեղծագործում են` սպասելով լավին. ես պատկանում եմ այս վերջին կատեգորիային:
-Երգչուհու Ձեր տեսակն առանձնանում է, մեր երգարվեստում ինքնատիպ լինելու Ձեր բանաձեւը ո՞րն է:
-Մեր կատարողների գերակշռող մասը երգեր են գնում, պատվիրում են ուրիշներին, այսինքն` նրանց հոգեվիճակն են ներկայացնում: Իսկ ես ինքս եմ գրում իմ երգերը, ստեղծագործող-կատարող եմ, երեւի հենց սրանով եմ առանձնանում, թե չէ ես էլ մեկն եմ, ով ապրում է այս երկրում, նույն միջավայրում:
-Այսօր Դուք Ձեզ պահանջված եւ ռեալիզացված երգչուհի համարո՞ւմ եք:
-Ռեալիզացված` ոչ, պահանջված` իմ լսարանի չափով: Իսկ ռեալիզացված, իհարկե, չեմ համարում, քանի որ դեռ պատանեկությունից կար ցանկություն հասնելու կուլմինացիոն մի կետի. դա, սակայն, չիրականացավ:
-Ո՞ր պահին կտրվեց այդ թելը:
-Դե, դա ինձնից կախված չէր. դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ ես իմ տեսակով շողոքորթ չեմ. չգիտեի, որ եթե շողքորթեմ, լավ կլինի, թե չէ կարելի էր պարապել (ծիծաղում է): Ամեն դեպքում, չեմ դժգոհում, ինձ համարում եմ երջանիկ: Կտխրեի այն ժամանակ, երբ ինձ չլսեին: Բայց ես գիտեմ, որ ինձ սիրում են, ու ես չեմ մեծախոսում. մինչ օրս վայելում եմ ծափահարություններ, աշխատում եւ ստեղծագործում եմ:
-Գուցե մոռանալ չտալը քի՞չ է, եւ պետք է ավելի շատ երեւալ ասպարեզում, ավելի ակտիվ լինել:
-Ես որ մտածեմ՝ պետք է պարտադիր այսինչ կամ այնինչ բանն անեմ, դժվար թե անեմ. արդեն ինքնահաստատման տարիքում չեմ, երկրորդն էլ, որ անկեղծ լինեմ, ավելորդ թիթիզությունների հավես չունեմ (ծիծաղում է):
-Էլլա՛, որքան էլ տարիներն անցնեն, միեւնույն է` Դուք շատ տղամարդկանց համար մնում եք ցանկալի կնոջ կերպար…
-Այո՛, տղամարդիկ ինձ սիրում են, չեմ վիճում (ծիծաղում է):
-Տղամարդկանց գրավելու կանացի գաղտնիքներ ունե՞ք:
-Դա նախ եւ առաջ պայմանավորված է արական սեռին սիրելով: Ես համարում եմ, որ մենք կողոսկրից ստեղծված էակներ ենք…Ու թեեւ ոմանք այնքան էլ «արժեքավոր» չեն որպես տղամարդ, ամեն դեպքում, ես մնում եմ իմ սկզբունքին հավատարիմ: Ինձ շրջապատող տղամարդիկ էլ վատը չեն, չէի ասի` այնքան լավն են, որ կամուսնանայի հետները, բայց վատը չեն (ծիծաղում է):
-Ընտանիք հասկացությունը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի:
-Ընտանիքն ինձ համար ամեն ինչից վեր է:
-Այսինքն` երբեք կարիերիստ չե՞ք եղել…
-Բացարձակ, եւ չեմ էլ լինի: Ես որ կարիերիստ լինեի` օ՜…Ամբողջ կյանքում ուզեցել եմ միայն լավ ընտանիք, լավ զավակներ ունենալ: Փառք Աստծո, զավակն ունեմ, ընտանիքը մի քիչ չստացվեց…
-Գուցե դեռ ստացվի…
-Որոնումների մեջ չեմ, բայց կուզենայի ավելի լուրջ, կայուն ընտանիք ունենալ:
-Իսկ մտածո՞ւմ եք, որ տատիկ դառնալու տեսլականն էլ սարերի ետեւում չէ:
-Ո՞նց չեմ մտածում, նույնիսկ երազում եմ, երազելու բան չունեմ` այդ մասին եմ երազում (ծիծաղում է): Դա երջանկություն է, ընդհանրապես, էվոլյուցիոն ընթացքից չեմ նեղվում:
-Իսկ ինչպե՞ս է հաջողվում միշտ երիտասարդ մնալ:
-Ժամանակին մեր տատիկների պատրաստած դիմակներից եմ մեկ-մեկ դնում (ծիծաղում է): Առանձնապես բան չեմ անում, պարզապես ներքին հոգեվիճակս արտացոլվում է արտաքինիս վրա: Երեւի գաղտնիքն այն է, որ ես, նախ եւ առաջ, լավատես եմ. սա է կարեւորը: Իմ հանդիսատեսին էլ մաղթում եմ, որ միշտ լավատես լինի…
Աննա Բաբաջանյան