ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ «ԵՎՐԱՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր ժողովուրդ աշխարհին ներկայանում է առաջին հերթին իր մշակութային ժառանգությամբ եւ պոտենցիալով: Հայ ժողովուրդն ունի մշակութային դարերի ավանդույթներ եւ նույնիսկ արյունալի ջարդերի տարիներին առաջին հերթին փրկել է հենց այդ ժառանգությունը: Այսօր, երբ ունենք պետություն, որի վրա է դրված նույն այդ մշակույթի զարգացման ու ժառանգության պահպանության գործի կազմակերպումը, թվում է՝ խնդիրները պետք է արագորեն լուծվեին: Սակայն այդ ոլորտում իրավիճակը շարունակում է մտահոգիչ լինել` չնայած բյուջետային հատկացումների տարեցտարի ավելացմանը:
Այսպես, պետբյուջեի ծախսային մասի հաշվետվությունից պարզվում է, որ 2011թ. ՀՀ կառավարության կողմից պատմական հուշարձանների եւ մշակութային արժեքների պահպանման եւ վերականգնման ուղղությամբ արված ծախսերը կազմել են 343.6 մլն դրամ կամ ծրագրային ցուցանիշի 99,8%-ը: Ի դեպ, 2010թ. համեմատությամբ այս ոլորտին հատկացված ծախսերն ավելացել են 1.3%-ով: Իսկ ահա հուշարձանների վերանորոգման եւ վերականգնման աշխատանքների իրականացմանը տրամադրվել է 203.4 մլն դրամ: Մշակույթի նախարարության տարեկան հաշվետվությունն «ավետում» է, որ վերոնշյալ գումարները անտեղի չեն ծախսվել: Դրանց միջոցով, օրինակ, կնքվել են բազում պայմանագրեր՝ թվով 34 վերականգնման, հեղինակային ու տեխնիկական հսկողության իրականացման, 4 պեղման, 8 նախագծային աշխատանքների համաձայնագրեր եւ այլն: Վերոնշյալ ծախսերի համատեքստում արված ստուգայցերից եւ կազմված եզրակացություններից զատ, մասնակի եւ համալիր փորձաքննության են ենթարկվել 9 հուշարձանների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Եւ «տքնաջան» աշխատանքի արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունը բյուջետային հատկացումներից տնտեսել է 541.3 հազար դրամ՝ «մեծագույն» նպաստ բերելով համընդհանուր խնայողությունների քաղաքականությանը, որ որդեգրել է «անգործունակների» այս կառավարությունը:
Հաջորդիվ պարզվում է, որ հուշարձանների վերականգնման գործում նախարարությունը, չգոհանալով տեղական մակարդակով ուսումնասիրություններ եւ փորձաքննություններ կատարելու հնարավորությամբ, անկարող էր չդիմել միջազգային մասնագետների օժանդակությանը: Այսպես, Սանահին վանական համալիրի առանձին հուշարձաններում առկա խնդիրները լուծելու նպատակով Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների համալսարանի մասնագետների կողմից կատարվել են կառույցների տեխնիկական վիճակի ուսումնասիրություններ: Սակայն շուտով ծագել է նաեւ Իտալիայից մասնագետներ հրավիրելու անհրաժեշտությունը, որոնք «մանրամասն չափագրել են վանական համալիրի բոլոր հուշարձանները, իրականացրել Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հուշարձանամերձ տարածքի հնագիտական պեղումներն ու կառույցի ինժեներաերկրաբանական հետազոտությունները»: Նրանց հետ նախարարությունը կնքել է պայմանագիր Սբ. Ամենափրկիչ, Սբ. Աստվածածին եկեղեցիների եւ դրանց գավիթների, Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի մասնակի ամրակայման, վերականգնման համար պահանջվող նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եւ ձեռքբերման համար:
Բնականաբար, հաշվետվության մեջ որեւէ տեղեկություն չկա, թե որքան գումար է ծախսվել այս նախահաշիվներ եւ հետազոտություններ կատարելու, արտասահմանյան մասնագետներ հրավիրելու, փաստաթղթեր կազմելու վրա: Ցավոք, հանրապետության տարածքում առկա հուշարձանների վերականգնման աշխատանքները շարունակվում են միայն մասնակիորեն, ոչ ամբողջական, իսկ շատ ու շատ այլ հուշարձաններ կա՛մ լիովին անտեսված են, կա՛մ էլ անդառնալիորեն ավերված: Անտեսված հուշարձաններից որպես օրինակ հիշատակենք Արտաշատից եկող ճանապարհից դեպի աջ թեքվող՝ Բալահովիտ ուղղվող հատվածում գտնվող մատուռը, որի շուրջբոլորը տարիներ շարունակ թաղված է աղբի մեջ: Իսկ ահա ավերված ու հիմնահատակ ոչնչացված հուշարձաններից է որմնանկարներով հարուստ Սպայի տունը, որն այսօր քանդված է, եւ փոխարենը վեր է խոյացել «Պիցցա գրանդե»-ն (Վ. Սարգսյան 10): 1883թ. կառուցված Ջանփոլադյանի թատրոնն այսօր եւս դասվում է անհետ կորած մշակութային արժեքների դասին: Ի դեպ, ՀՀ դատախազության տվյալներով՝ 2000-2006թթ. ոչնչացված 29 հուշարձանները ոչնչացնողները չեն պատժվել, մշակութային այդ արժեքների մասին ոչ ոք չի էլ հիշում, իսկ վերականգնելու մասին՝ ոչ էլ նույնիսկ մտմտում:
Պատմամշակութային հուշարձանների վերականգնման ուղղությամբ արվող ֆինանսավորման առկայությամբ հանդերձ՝ ոլորտում եղած խնդիրները մոտ ապագայում բարեհաջող լուծման միտում ցավալիորեն չունեն: Ավելին, նույն մշակույթի նախարարության նախաձեռնությամբ վերջերս սկսվեց այդօրինակ հուշարձանների տեղահանման ու Երեւանում կենտրոնացնելու մի անհեթեթ գործընթաց, որի շուրջ ցայսօր ոչ մի տրամաբանական բացատրություն այդպես էլ տրված չէ: Կառավարության համար թերեւս ավելի դյուրին է այդ հուշարձանների պաշտպանության պատրվակով պետական բյուջեից հսկայական միջոցներ դուրս գրելը եւ, իհարկե, սովորության համաձայն, ոչինչ չանելը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս