Եվրոպան ցույց է տալու, որ այնտեղ կան կոռումպացված չինովնիկներ. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ հունիսի 23-ին քննարկվելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը, որտեղ ի թիվս այլ հակահայկական արձանագրումների, նշված է, թե «Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը»:

Վիճահարույց այս զեկույցը ԵԽԽՎ նիստում դրվելու է քվեարկության:
Երեկ ԼՂՀ ԱԺ խմբակցություններն այդ զեկույցի հետ կապված հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է. «Մենք խորապես մտահոգված ենք, որ այդօրինակ ձեւակերպումների ամրագրումն ակնհայտորեն խրախուսում է ԼՂ խնդրի կարգավորման գործում միակ միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական գործունեության խափանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը: Ավելին՝ նման փաստաթղթում հակամարտության էությունը նենգափոխելու եւ միակողմանի ներկայացնելու ձգտումը ընկալվում է որպես ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառներում Ադրբեջանում գրանցված բազմաթիվ կոպիտ խախտումները հակամարտության առկայությամբ արդարացնելու փորձ»:

Երեկ «Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն այս վիճահարույց փաստաթղթի շուրջ:

-Պարո՛ն Բաբայան, «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը որքանո՞վ է մտահոգում ԼՂՀ-ին ու ինչքանո՞վ կարող է վնասել բանակցային գործընթացին:

-Մենք բազմիցս ասել ենք, որ ցանկացած փաստաթուղթ, որը քննարկվում է, պետք է իրականությունը արտացոլի: Այդ զեկույցը որեւէ կապ չպետք է ունենա քաղաքական հարցերի հետ, սա հնավարինս ուրիշ հարթության հարց է: Մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ մենք որեւէ մեկի տարածքը չենք օկուպացրել, որովհետեւ օկուպացիան նաեւ ռազմական տերմինաբանություն է, նախօրոք կազմակերպված, պլանավորված մի գործընթաց է՝ թշնամու կամ այլ տարածք զավթելու համար: Իսկ մենք որեւէ մեկի տարածքը չենք զավթել: Այդ տարածքները չեն կարող կոչվել օկուպացված, եղել է սահմանների փոփոխություն, ինչն էլ եղել է ստիպված` թշնամուց պաշտպանվելու եւ նրա ագրեսիան կանխելու համար: Երբ որ քննարկվում են Ադրբեջանում մարդու իրավունքները, ու այդ փաստաթղթում նշվում են այսպիսի քաղաքական հարցեր, սա նախ չի արտացոլում բովանդակությունը: Մենք տեսնում ենք, որ նման ձեւաչափերով կարծես թե աչք է փակվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա, ինչ կապ ունեն այդ քաղաքական խնդիրները, սահմանների փոփոխությունն ու Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները: Ի՞նչ է, դրա համար է Ադրբեջանը փակում ԵԱՀԿ գրասենյակը, «Ազատություն» ռադիոկայանը, հալածանքի ենթարկում քաղաքական ակտիվիստներին, ԶԼՄ ներկայացուցիչներին, մարդու իրավունքի պաշտպանին: Այսինքն՝ այս ամենը պետք է շատ լուրջ հաշվի առնել ու սրանով հանդերձ պետք է շատ լուրջ մոտենալ ցանկացած փաստաթղթի մշակմանը:

-Արդյո՞ք Ձեր մատնանշած խնդիրները ցանկանում են տեսնել ԵԽԽՎ պատգամավորները, կարծում եք` այս ամենը հաշվի առնելով՝ այդ բանաձեւը չի՞ ընդունվելու:

-Կարծում եմ, որ սա հասկանալի է բոլորի համար, բայց մենք տեսնում ենք, որ գոյություն ունեն լուրջ բացասական գործընթացներ Եվրոպայում, ԵԽԽՎ-ում եւ այլ կառույցներում` կապված կոռուպցիայի հետ, կապված Ադրբեջանի կողմից նավթադոլարների, տարբեր տիպի բնամթերքներով այս կամ այն պատգամավորին կաշառելու հետ, որն ինքնին քայքայում է ժողովրդավարական սկզբունքներն ու հարված հասցնում այդ նույն կազմակերպությունների վարկանիշին ու հեղինակությանը: Դրա համար չի բացառվում, որ որոշ պատգամավորներ, այսպես ասած, նախօրոք գնվել են, եւ նրանք կքվեարկեն կողմ: Բայց կրկնում եմ՝ սա որեւէ ձեւով չի կարող ազդել իրավիճակի վրա, ընդամենը շեղում կհանդիսանա բուն թեմայից, իսկ Ադրբեջանի իշխանությունները հասկանալի պատճառով ցանկանում են շեղել սեփական բնակչության ուշադրությունը:

-Տեսակետ կա, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը կարող էր լավ «աշխատելու» դեպքում հասնել զեկույցում վիճահարույց ձեւակերպումների փոփոխմանը: Ձեր գնահատմամբ` արդյո՞ք այսպիսի զեկույցի առկայությունը ՀՀ պատվիրակության թերի աշխատանքի արդյունքն է:

-Ես անձամբ շատերին ճանաչում եմ ու չեմ կարող կիսել այդ գաղափարը, որովհետեւ այնտեղ իսկապես կան պրոֆեսիոնալներ, մարդիկ, ովքեր իրենց գործը, պարտականությունները լավ գիտակցում են: Այստեղ ՀՀ պատգամավորների աշխատանքը չի, այստեղ Եվրոպայի լուռ ճգնաժամն է, այսինքն՝ կոռուպցիան է, իսկ կոռուպցիան խտրականության մի ձեւ է, երբ դու սկսում ես իրականության վրա աչք փակել, որովհետեւ ունես նյութական շահ: Այսինքն՝ փողը տալիս են, իրենք էլ նման քայլեր են կատարում, այստեղ կապ չունի ՀՀ պատգամավորների դիրքորոշումն ու աշխատանքը: Մենք որեւէ բան չենք կորցնելու, կորցնելու է Եվրոպան, կորցնելու է միջազգային իրավունքը, քանի որ ցույց է տալու, որ այնտեղ կան կոռումպացված մարդիկ, կոռումպացված չինովնիկներ: Եվ դա պետք է ահազանգ լինի քաղաքակիրթ աշխարհի համար:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ  




Լրահոս