«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս աղմկահարույց դեպք է գրանցվել Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՈՒՀ-ի պետական ավարտական քննությունները անցել են առանց հանձնաժողովների նախագահների մասնակցության: Քննությունների արդյունքները բողոքարկող ուսանողները փաստել են, որ տեղի է ունեցել կոպիտ խախտում: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, բացակայած նախագահները հետին թվով ստորագրել են «վեդոմոստները»՝ փաստացի թույլ տալով կեղծիք:
Բացակայածներից մեկը եղել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակից, իսկ մյուսը Երեւանից պետք է ժամաներ: Երեւանցի հյուրը, պարզվում է, Պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի փեսան է: Ուսանողները հայտարարել են, որ գնալու են մինչեւ վերջ: Սա նշանակում է, որ Հովհաննես Թոքմաջյանը, իր շուրջ ծավալված աղմկոտ պատմությունները դեռ չավարտված, կարող է նոր գլխացավ ունենալ, այս անգամ արդեն փեսայի պատճառով: