ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ԲԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի մոր՝ Նաթելա Գալստյանի աճյունը չի տեղափոխվելու Հայաստան, քանի որ նրա միակ հարազատ եղբայրները համապատասխան գումար չունեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի Եվպատորիա քաղաքում` Սեւ ծովի ափից երկու մետր հեռավորության վրա, 64-ամյա կնոջ մարմին էր հայտնաբերվել, նաեւ՝ նրա անձնական իրերը: Հայտնի է, որ մահացածը 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի մայրն է` Նաթելա Գալստյանը:
Այժմ հարազատները տեղյակ են կատարվածից, եւ ողջ գյուղը խոսում է այդ մասին: Համագյուղացիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ Նաթելան վերջին մի քանի տարիներին հոգեկան խնդիրներ է ունեցել: «Նրա եղբայրների ընտանիքները` Նաիրիի երկու մորեղբայրները, այժմ ապրում են գյուղում: Նրանք ոչ ոքի հետ չեն շփվում: Շատ փակ մարդիկ են: Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո այդպես խառնվեցին, ու նույնիսկ հարազատներով իրար հետ չեն խոսում: Իսկ Նաթելն էլ երկար տարիներ գյուղում չի եղել: Ահագին ժամանակ է՝ ապրում էր Ուկրաինայում»,-պատմեցին մի քանի գյուղացիներ:
Տեղեկացանք, որ մահացածի եղբայրներից Վրույրը հրաժարվել է հետաքրքրվել իր մահացած քրոջով: «Ասաց, որ ինքն ընդհանրապես գործ չունի Նաթելի հետ: Իսկ մյուս եղբայրը՝ Վազգենը, որի հետ միաժամանակ ապրում է նաեւ նրանց ծեր մայրը, այնքան աղքատ է, որ չի կարող համապատասխան գումար տրամադրել աճյունի տեղափոխման համար: Մայրն ամեն օր լացում է ու պահանջում, թե գնացե՛ք, իմ էրեխուն բերե՛ք: Բայց ֆինանսական միջոցները չեն բավարարում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը:
Նա մեզ տեղեկացրեց նաեւ, որ Նաիրին մի եղբայր ունի, որը գտնվում է հենց Եվպատորիայում: Իսկ Նաթելայի ամուսնու կողմից ոչ մի արձագանք չկա: Նշենք, որ Հունանյանի ծնողները երկար տարիներ է, ինչ ամուսնալուծված են:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Դեռ հարազատներից եւ ոչ ոք մեզ չի դիմել: Մենք սպասում ենք, որ պաշտոնական տեղեկատվություն ստանանք որեւէ տեղից: Այնպես չստացվի, որ  հանկարծ մարդկանց հաղորդենք, ու հետո պարզվի, որ այդ ինֆորմացիան ճիշտ չէ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս