Նոյեմբերյան քաղաքի սննդի խանութներում վաճառում են տնայնագործական եղանակով պատրաստված օղի: Վաճառողներն ասում են, որ այդ օղին իրենք կամ իրենց ծանոթներն են պատրաստել՝ սեփական այգիներից ստացված բերքից: Երբ գնորդները հարցնում են, թե ի՞նչ մրգերից է պատրաստված օղին, վաճառողները հավաստիացնում են, թե այն տարբեր մրգերից է թորվել: Եթե ասեին՝ խնձորի կամ տանձի օղի է, ապա խմիչքից պետք է այդ մրգերի հոտը բուրեր:
Նշենք, որ տնայնագործական այդ օղին թնդությամբ ավելի բարձր է խանութներում վաճառվող գործարանային արտադրանքի օղիներից: Նաեւ ավելի էժան է. տնայնագործական եղանակով պատրաստված օղու լիտրը վաճառվում է 1500 դրամով: Այդ պատճառով էլ գնորդներից շատերը չեն հավատում, որ իրենց գնածը մրգի օղի է: Անցյալ տարի Տավուշի մարզում, այդ թվում՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում, մրգերի բերքը սակավ է եղել: Եղածից թորված օղին էլ գյուղացիներն առաջին հերթին իրենց կարիքների համար են օգտագործում, ոչ թե վաճառքի հանում: Մրգի սակավության դեպքում մրգօղու գինը պետք է բարձրանար, ինչը չի եղել:
Իրազեկ անձանց վկայությամբ՝ տնական մրգօղու անվան տակ վաճառվում է սպիրտ, որին ջուր է ավելացվում: Ճարպիկ վաճառողները սպիրտից պատրաստված օղու մեջ տարբեր մրգերի կորիզներ են գցում, որպեսզի մրգի համուհոտ լինի: Մեր տեղեկություններով՝ հումք սպիրտը վաճառվում է Իջեւան քաղաքում: Տավուշում տնայնագործական օղի վաճառում են ամենուր՝ տներում, խանութներում, շուկաներում եւ այլն: Դրանց ծագումը, բաղադրությունը, վնասակար նյութերի առկայությունը չի ստուգվում, եւ այդպիսով վտանգվում է հազարավոր մարդկանց առողջությունը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ