Ինչո՞ւ բերման ենթարկվեց Կայարանցի Թևոսիկը և ի՞նչ հարաբերությունների մեջ է Սեյրան Սարոյանի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ՝ հունիսի 19-ին, ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել մոտ մեկ տարի կալանքի տակ մնացած Թևոս Սաֆարյանը (Կայարանցի Թևոսիկ) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել  հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաև Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող ևս յոթ անձ:

Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի  միջից հայտնաբերվել է ևս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով: Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված: Քննչական վարչությունը բոլորին ստորագրությամբ ազատ է արձակել: Կատարվում է հետաքննություն:

Գեներալ Սեյրան Սարոյանի մտերի՞մը

shamshyan.com-ի տեղեկություններով, բերման են ենթարկվել նաև 23-ամյա Նորիկ Սաֆարյանը, ով Թևոս Սաֆարյանի որդին է, 24-ամյա Անդրանիկ Շահինյանը և 21-ամյա Աշոտ Մեծիկյանը: Mercedes մակնիշի ավտոմեքենայում եղել են՝ 22-ամյա Դավիթ Թումանյանը և 27-ամյա Օնիկ Գյումուշյանը: Իսկ Lexus մակնիշի 92 ՍA 999 համարանիշի ավտոմեքենայում եղել են 27-ամյա Ավետ Ավետիսյանը և 23-ամյա Սերգեյ Մխիթարյանը:

Կայքի փոխանցմամբ, Թ. Սաֆարյանը մտերիմ է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ և օրեր առաջ Մոսկվայից Երևան ժամանելուն պես պատգամավորից խնդրել է նրա Bentley-ն, որպեսզի մի քանի օր օգտագործի այն և միայն 6-րդ վարչություն բերման ենթարկվելուց հետո է պատգամավորն իմացել դեպքի մասին:

Ինչո՞վ է հայտնի Կայարանցի Թևոսիկը

2013 թվականի դեկտեմբերի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի միջնորդությունը՝ անձի առևանգման մեջ կասկածվող Թևոս Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում նշանակելու մասով: Իսկ նախորդ տարվա հունվարի 27-ին Երևանի կենտրոնում՝ Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում, սպանվել էր Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Նախաքննության սկզբում՝ 2014 թվականի փետրվարի 10-ին, ոստիկանությունը հայտարարեց, որ քրեական հեղինակության եղբոր սպանությունը պատվիրել է Իսրայել Սարգսյանը (Իսո)՝ ընկեր Մովսես Ներսիսյանին (Մոսո):

Իսկ երբ վերջինս կատարել է պատվերը, իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով՝ Իսրայել Սարգսյանը 2014թ. փետրվարի 1-ին Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դաշտային ավան և գցել այնտեղ գտնվող կոյուղու դիտահորը: Սույն գործով որպես մեղադրյալ է ներգրավվել նաև երկրորդ անձը՝ Տիգրան Ասատրյանը, ով, ըստ ոստիկանության, տեղյակ լինելով  Մովսես Ներսիսյանի սպանության հանգամանքներին, այդ մասին չի հայտնել համապատասխան մարմիններին: Այս գործով դատաքննություն է ընթանում:




Լրահոս