«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Դիլիջան քաղաքի բնակիչները բարձրաձայնում են, որ քաղաքի պետական քոլեջի ուսանողների կրթաթոշակները յուրացնելու գործի միակ պատասխանատուն քոլեջի տնօրենն է:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Դիլիջանի պետական քոլեջում ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունը յուրացման դեպք էր բացահայտել եւ գործն ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժին: Ըստ տեղեկությունների` պետական քոլեջի դասատուներից ոմանք պլաստիկ քարտերով ստացել են ուսանողների 4500 դրամ կազմող կրթաթոշակները եւ յուրացրել: Ըստ քաղաքում տարածված տեղեկությունների՝ քոլեջում ֆինանսական խախտումների միակ պատասխանատուն տնօրեն Գրետա Թամրազյանն է, որի «մեջքը» Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն է:
Այս առիթով զրուցեցինք Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանի հետ:
-Տիկի՛ն Թամրազյան, Դուք տարիներ շարունակ եղել եք քոլեջի տնօրենը: Օրերս աղմկալի բացահայտում է տեղի ունեցել. քոլեջի դասատուներից ոմանք պլաստիկ քարտերով ստացել են ուսանողների 4500 դրամ կազմող կրթաթոշակները եւ յուրացրել: Ո՞ւր էիք Դուք:
-Ես Ձեզ խնդրում եմ, հասուն մարդիկ ենք, եկեք այս ամենը վերջանա, բացահայտվի, նոր ես կխոսեմ:
-Ըստ տեղեկությունների՝ առանց Ձեր իմացության դասախոսները չէին կարող ուսանողների կենսաթոշակներ յուրացնել: Չե՞ք տեսնում Ձեզ մեղքի բաժինն այս ամենում:
-Իհարկե, ոչ, միայն կարող եմ ասել, որ իմ մեղավորությունը տեսնում եմ վերահսկողության մասով, բայց ոչ յուրացման մասով:
-Իսկ ի՞նչն էր խանգարում, որ վերահսկեիք: Տնօրենի պարտականությունը վերահսկելն ու կարգուկանոն հաստատելն է: Բա ինչո՞վ էիք զբաղված:
-Գուցե քոլեջում թերություններ կան, բայց այն, ինչ լսել եք, դա այդպես չէ, թողեք՝ այս գործը վերջանա, ես կխոսեմ:
-Տեղեկություններ կան, որ Ձեր «մեջքը» Դիլիջանի քաղաքապետն է, որի «դաբրոյով» էլ տարիներ շարունակ ուսանողների կենսաթոշակները կերել են:
-Լավ էլի, մեջքը ո՞րն է, կարող է՝ ոտքս ոտքիս քցել եմ ու հանգստացել: Առանց մեջք եկել, աշխատել եմ, ու եթե մտնեք քոլեջ, կտեսնեք՝ միայն կառուցվել է, միայն փրկվել է: Այսօր մենք ընտիր արհեստանոցներ ու լսարաններ ունենք:
-Միգուցե կենսաթոշակների յուրացված գումարների հաշվի՞ն է դա եղել:
-Հասկացանք, հասկացանք, կբացահայտվի, նոր ես կխոսեմ: Վե՛րջ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, անդրադառնալով այս տեղեկություններին, ասաց. «Նման բան չկա, մինչ իմ քաղաքապետ լինելը՝ իմ հարկային տեսուչ եղած ժամանակ եւս ես նման բանի հետ կապ չեմ ունեցել: Հիմա քննություն է ընթանում, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ է իրականում տեղի ունեցել»:
Քնար Մանուկյան