Ֆրանսիայի խորհրդարանում կայացած միջազգային գիտաժողովին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության խնդրին եւ հետեւանքների վերացմանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը խոսել է Սիսի կաթողիկոարանի վերադարձի պահանջի մասին եւ շեշտել, որ կաթողիկոսության կողմից Թուրքիայի Սահմանադրական դատարան ներկայացվելիք նպատակը հստակ է եւ անբեկանելի: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Անթիլիասի մամլո դիվանից, կաթողիկոսն ասել է, որ դատավարական ընթացքին առնչվող մոտեցումները պետք չէ շփոթել դատի նպատակի հետ:
«Այս նպատակն իրագործելու համար սկզբունքային երկու մոտեցում կա` կաթողիկոսարանի կալվածքի վերադարձը եւ կաթողիկոսարանից ներս կրոնական արարողություն կատարելու իրավունքի վերհաստատում: Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջը մեր բոլոր եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքների պահանջի առաջին քայլն է»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը: Քննարկմանը վեհափառը ներկայացրել է միջազգային իրավունքի մի շարք փաստաթղթղեր, որոնք վերաբերում են հատուցման հարցին: Վեհափառը ներկայացրել է Թուրքիայի Սահմանադրական դատարան հայցի վերաբերյալ մանրամասներ:
«Մեր դատը սովորական չէ, այն հող վերադարձնելու մասնավոր դատ չէ: Նկատի ունենալով Կիլիկիայի կաթողիկոսարանի կրոնական, ազգային եւ քաղաքական իմաստը եւ նրա ունեցած խորհրդանշական մեծ կարեւորությունը, մենք ցանկացանք այն նկատի առնել որպես առաջին հանգրվան մեր եկեղեցապատկան եւ ազգապատկան կալվածների վերադարձի պահանջին: Մեր մոտեցման մեջ ռազմավարական եւ մարտավարական տվյալները առավելագույն չափով սերտել է մասնագետներից կազմված հանձախումբը: Նրանք նաեւ ուսումնասիրել են առկա իրավական եւ քաղաքական խոչընդոտները», – ասել է կաթողիկոսը` հավելելով, որ հավատում է` իրավական այս քայլը նոր ուժ պետք է հաղորդի հայոց պահանջատիրությանը: