Սյունիքի թռչնաֆաբրիկայի տնօրենը խոստանում է պարտքն իր գրպանից վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան Սյունիքի թռչնաֆաբրիկան «վերցրել» է պարտքի դիմաց, քանի որ վերջինիս սեփականատերերից Արթուր Գեւորգյանը մոտ 30 միլիոն դրամ պարտք ունի:  Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն այդ հարցի վերաբերյալ որեւէ բան չի ցանկանում խոսել: Սակայն երեկ անձամբ էր զանգահարել և որոշ մանրամասներ հայտնեց:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի թռչնաֆաբրիկայի սեփականատերերից Արթուր Գեւորգյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում թռչնաֆաբրիկայի մասին զրուցել՝ տեղեկացնելով, որ ինքը 30 մլն դրամ է պարտք «Արաքս» թռչնաֆաբրիկային եւ կվճարի անձամբ՝ գործին չխառնելով Սյունիքի թռչնաֆաբրիկան: Թե ինչպես է գոյացել այդ 30 մլն դրամ պարտքը, Գեւորգյանը չցանկացավ նշել:

Մեզ հաջողվեց պարզել, որ Ա. Գեւորգյանը «Արաքս» թռչնաֆաբրիկայի ղեկավարությունից պարտքով գումար է վերցրել՝ 30 միլիոն դրամ, որը չի կարողացել վճարել, ինչի համար «Արաքս» թռչնաֆաբրիկան դիմել է դատարան՝ գումարը հետ վերադարձնելու պահանջով:

«Դատի են տվել ինձ, գումարային հարցեր են, որոնց մասին ես չեմ ցանկանում ինչ-որ մանրամասնություններ ներկայացնել: Ես չեմ հրաժարվում այդ գումարը վճարելուց: Ես կմարեմ իմ պարտքը, հստակ կարող եմ ասել, որ թռչնաֆաբրիկայով չեն վճարվելու այդ գումարները, ես ֆաբրիկայում մասնաբաժին ունեմ, բայց ես կվճարեմ ինքս, իմ գրպանից»,- հայտարարեց Ա. Գեւորգյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արթուր Գեւորգյանի գույքի եւ հաշիվների վրա արդեն արգելանք է դրված:

Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է խոսել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Տեղեկացանք, որ Մազմանյանը Հայաստանում չէ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս