Էլէներգիայի թանկացման արդյունքում գարեջուրը ևս կթանկանա. Հակոբ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 1-ից Հայաստանում մոտ 16 տոկոսով կթանկանա էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի հետեւանքով թանկացումներ կլինեն բոլոր ոլորտներում: Արդեն այսօր որոշ տնտեսվարողներ առիթից օգտվելով` սկսել են բարձրացնել իրենց արտադրանքի գինը: «Ժողովուրդը» զրուցել է «Երեւանի գարեջուր» գործարանի սեփականատեր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ առաջիկայում սպասվող թանկացումների եւ, առհասարակ, Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակի շուրջ:

-Պարո՛ն Հակոբյան, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 16 տոկոսով կբարձրանա: Ինչպե՞ս կանդրադառնա դա Ձեր արտադրության վրա:

-Բնականաբար, ցանկացած թանկացման ես բացասաբար եմ վերաբերվում: Ցանկացած արտադրության վրա ե՛ւ գազի, ե՛ւ ջրի, ե՛ւ էլեկտրաէներգիայի բարձրացումը վատ հետեւանքներ կթողնի: Ինչի արդյունքում, բացի տեղական արտադրողներից, բնականաբար, կտուժի նաեւ է մեր ազգաբնակչությունը: Բանն այն է, որ մեր երկիրը դեռեւս ֆինանսական առումով այդքան էլ լավ վիճակում չէ, որ թանկացումների ժամանակ նույն տոկոսի չափով աշխատավարձ բարձրացնի: Բոլորս էլ լավ գիտենք, որ մենք դրա հնարավորությունը չունենք:

-Իսկ Էլէներգիայի թանկացումն ի՞նչ ազդեցություն կունենա կոնկրետ Ձեր ընկերության գործունեության վրա:

-Ճիշտն ասած՝ տեւական ժամանակ է, ինչ չեմ զբաղվում բիզնես գործունեությամբ: Բայց կարծում եմ, որ այն որոշակի բացասական ազդեցություն կթողնի ցանկացած բիզնեսի վրա: Խոսքը գնում է 16 տոկոս թանկացման մասին: Իհարկե, ապրանքատեսակներն այդքան՝ 16 տոկոսով չեն բարձրանա, բայց միեւնույն է՝ թանկացում կլինի: Ամեն դեպքում, այս պահին հստակ չեմ կարող ասել, թե որքանով գարեջուրը կթանկանա:

-Գրեթե բոլոր գործարարները պնդում են, որ էլէներգիայի թանկացման դեպքում կբարձրացնեն նաեւ իրենց արտադրանքի գները: Հնարավո՞ր է, որ այս դեպքում Դուք Ձեր ընկերության շահույթը նվազեցնելու հաշվին գարեջուրը չթանկացնեք:

-Ես կարծում եմ, որ եթե զիջումների տեղ լինի, ապա ցանկացած հայ գործարար կգնա դրան, որովհետեւ այսօր մեր երկրում եթե զիջումներ չարվեն, ապա թանկացումները մեծ կլինեն: Ցանկացած թանկացում բերելու է սպառման ծավալների նվազման: Իսկ դա ոչ մի գործարարի ձեռնտու չէ: Նա ինչպես կարող է իր արտադրանքը թանկացնել եւ դրան զուգահեռ նվազեցնել արտադրման ծավալները: Այս դեպքում նա ավելի շատ կտուժի: Էլ չենք խոսում սպառման ծավալների նվազման մասին:

-Պարո՛ն Հակոբյան, գործարար դաշտի մեծ մասը դժգոհում է նաեւ արտահանման հետ կապված խնդիրներից: Այս առումով Դուք դժգոհություն ունե՞ք:

-Արտահանման հետ կապված մի քանի օր առաջ տեղեկացա, որ վերջին ամսվա ընթացքում ծավալները չեն նվազել: Իսկ ընդհանուր արտահանման մասով վերջնական թվերը միայն տարեվերջին պարզ կլինեն: Քանի որ գարեջրի վաճառքը կապված է նաեւ սեզոնի հետ, հնարավոր է, որ մի ամսում լավ իրացվի, իսկ հաջորդ ամսում՝ ոչ:

-Մոտ վեց ամիս է, ինչ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին: Փոփոխություննե՞ր կան: Ձեր ընկերությունն այս ընթացքում ի՞նչ է շահել եւ ի՞նչ է կորցրել:

-Ինչպես գիտեք` ԵՏՄ-ին անդամակցելու հետ մեկտեղ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներ արձանագրվեցին: Դա էլ իր հերթին բացասաբար ազդեց ընկերության գործունեության վրա: Դոլարի եւ եվրոյի փոխարժեքի տատանումների հետեւանքով նույնպես վնասներ կրեցինք: Շատերը պնդում են, որ եթե Հայաստանը ԵՏՄ-ին չանդամակցեր, ապա նման իրավիճակ չէր լինի:

Բայց ես՝ որպես բիզնեսին մոտ կանգնած մարդ, կարող եմ հավաստիացնել, որ այսօրվա ստեղծված իրավիճակը ե՛ւ ՀՀ ներքին, ե՛ւ ռուսական շուկայում կապ չունի ԵՏՄ-ին անդամակցելու հետ: Այն անմիջական կապ ունի ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Այդ պատճառով այսօր հստակ ասել, թե ԵՏՄ-ին անդամակցելը լավ է կամ վատ, ճիշտ չի լինի: Իմ կարծիքով, առաջիկայում դա հաստատ լավ ազդեցություն կունենա մեր հանրապետության վրա: Ես ժամկետ չեմ կարող ասել, քանի որ այն կապված է աշխարհում տեղի ունեցող խմորումների հետ: Այսօր միայն Ռուսաստանի Դաշնությունում չէ, որ այդ իրավիճակն է ստեղծվել:

Այն առկա է գրեթե բոլոր երկրներում: Օրինակ՝ ավելի քան մեկ ամիս առաջ Շվեյցարիայում էի: Այնտեղ շվեցարական ֆրանկը եվրոյի համեմատ արժեզրկվում էր: Այդ տատանումն ամբողջ աշխարհում կա: Դա որեւէ մեկից կախված չէ: Տա Աստված, որ այն շուտ հանդարտվի, եւ ՌԴ-ի դեմ իրականացվող հարձակումները դադարեն: Դա ավարտվելուց հետո կերեւա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելը լավ է, թե վատ: Բայց ես նորից եմ կրկնում՝ կարծում եմ, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի գործարար դաշտի համար լավ է լինելու:

-Գործարարները դժգոհում են նաեւ հարկային բեռի ծանրությունից: Նրանք պնդում են, որ հարկային պարտավորությունները մեծ են: Դուք այս մասով ի՞նչ դժգոհություններ ունեք:

-Հարկային բեռի հետ կապված չեմ ցանկանում որեւէ բան ասել:

-Վերջերս ՀՀ ֆինանսների նախարարությունը Ձեր ընկերությանը մոտ 500 մլն դրամով տուգանել է: Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Այո՛, մենք բողոքարկել ենք ՖՆ-ի որոշումը: Այսօր մեր ձեռնարկությունը գտնվում է դատարանում: Այստեղ այնպես չէ, որ մի կողմը ճիշտ է, մյուս կողմը՝ ոչ: Վերջնական որոշումը դատարանինն է: Երբ դատական վճիռը կայանա, այն ժամանակ էլ կերեւա, թե որ կողմն է ճիշտ:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս