“Հրապարակը” գրում է, թե Վովա Գասպարյանը ոստիկանապետ նշանակվելուց ի վեր զբաղված է կադրային փոխատեղումներով: Վերջին տասն օրվա ընթացքում դարձյալ մեկնարկեցին կադրային փոփոխությունները, որի թվում էր նաեւ Կենտրոնի բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանը:
“Պարզվում է՝ վերջինիս պաշտոնանկությունը շատ ցավոտ է եղել Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանի համար, քանի որ Մարտիրոսյանին նշանակել էր Նազարյանը ու պահապան հրեշտակի պես հսկում էր, որպեսզի նա էլ չհայտնվի պաշտոնանկությունների ցանկում: Սակայն մեկ տարվա ձգձգումից հետո օրերս տեղի ունեցավ անխուսափելին:
Մենք տեղեկացանք, որ այս կապակցությամբ շատ անտրամադիր է Նազարյանը, առավել եւս, որ Գասպարյանն այդ պաշտոնին նշանակել է իր ,մարդունե՝ Սերոբ Հարությունյանին:
Մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ Նազարյանից, սակայն որեւէ բառ վերջինս չի ասել: Մինչդեռ հայտնի է, որ Նազարյանի սիրելի զբաղմունքը լրատվամիջոցներով երեւալն է: Ավելին, նա մտերիմների շրջապատում պարծենում է, թե սերտ կապեր ունի լրատվական դաշտի հետ եւ ցանկացած լրատվամիջոցով կարող է իր ուզած ինֆորմացիան սղղացնել կամ անցանկալի տեղեկատվության դեմն առնել: Թե ովքեր են իր “կլիենտները”, գիտի ինքը, բայց փաստը մնում է փաստ, որ որոշ լրատվամիջոցների դեպքում զգուշանում է անգամ ի պաշտոնե կարծիք հայտնել որեւէ հարցի շուրջ եւ պետք է թույլտվություն ստանա ոստիկանության լրատվության վարչությունից:
Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է նրա կարծիքը լսել Կենտրոնի բաժնի պետի փոփոխության վերաբերյալ, իրեն “մեդիադաշտի” կառավարիչ հռչակած Նազարյանը, մեր լրատվամիջոցի անունը լսելով, ասել է. “Հարցերը՝ լրատվության վարչության միջոցովե, եւ, առանց լսելու, անջատել է հեռախոսը”,- գրում է թերթը: