ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի ոլորտում մի քանի տարի շարունակ պետք է լուրջ աշխատել, որպեսզի հնարավոր լինի վերականգնել այն կորուստները, որոնք այսօր առկա են: Ըստ պատգամավորի՝ կա երեք գործիք, որ հրատապ են այդ ոլորտում կիրառելու համար, որից հետո միայն հնարավոր կլինի առաջընթաց ակնկալել:
-Պարո՛ն Կարապետյան, արդեն տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է Ձեր կողմից ՀԷՑ-ի գնման հարցը, բայց կարծես թե մինչեւ այժմ այդ հարցում հստակեցում չկա: Ի՞նչ փուլում է գործընթացը, արդյո՞ք դեռեւս այդ ոլորտը Ձեզ հետաքրքրում է:
-Մենք առիթ ունեցել ենք արդեն այդ հարցին պատասխանել. ո՛չ մտածել ենք այդ ուղղությամբ, ո՛չ էլ ներկայումս մտածում ենք:
-Արդեն հստակ է, որ 6.93 դրամով օգոստոսի 1-ից թանկանալու է էլեկտրաէներգիան, արդյո՞ք արդարացված էր այդ թանկացումը, ուսումնասիրե՞լ եք այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Արդյո՞ք ներկայացված պատճառաբանություններն արդարացված են:
-Առկա իրավիճակում շատ բարդ է գնահատելը: Ինքս մանրամասն չեմ ուսումնասիրել ՀԷՑ-ի հայտը եւ առավելապես ծանոթ եմ միայն հրապարակումներից, բայց փոխարենը ես քաջատեղյակ եմ այն սոցիալ-տնտեսական իրավիճակին, որն առկա է Հայաստանում, եւ որի վրա ուղղակիորեն ազդելու է ցանկացած թանկացում: Հասկանալի է, որ թանկացմանը դեմ ենք բոլորս: Սակայն պակաս կարեւոր չէ հասկանալ այն խնդիրները, որոնք կան, ինչպես նաեւ այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն՝ առկա վիճակը հաղթահարելու համար: Մենք երբեմն միակողմանի ենք խոսում՝ միայն սոցիալական վիճակից, մինչդեռ սոցիալական վիճակը ածանցվում է տնտեսական վիճակից: Այս առումով ես լուրջ խնդիրներ եմ տեսնում, քանզի էներգակիրների ցանկացած թանկացում ուղղակիորեն ազդում է տնտեսության տարբեր ճյուղերի վրա: Տեսեք, մեր ապրանք արտադրողները մեծ շուկայում, այդ թվում գյուղմթերքի եւ արտադրության այլ բնագավառներում, մեղմ ասած մրցունակ չեն: Ինչքան էլ ասենք հալվա, բերաններս չի քաղցրանա: Այո, 170-180 միլիոնանոց շուկան շատ լավ բան է, բայց դա չի նշանակում, որ միայն հայտնվելով այդ շուկայում՝ քո երկրում բոլոր խնդիրները կարգավորվելու են: Դրա համար անհրաժեշտ է քրտնաջան ու համակարգված աշխատանք: Նման շուկայի առկայության գործոնը հաշվի առնելով՝ պետք է յուրաքանչյուր բնագավառի հետ կապված մոտեցումները, վերլուծությունները ի մի բերել: Այսինքն՝ մինչեւ տնտեսությունը չակտիվանա, իր հետեւից չի քաշելու սոցիալական հարցերի լուծումը:
-Ի՞նչ պետք է աներ Հայաստանը, որպեսզի թույլ չտար ՀԷՑ-ի «անբարեխիղճ» ծախսերը վճարեր ՀՀ քաղաքացին, ո՞ւմ մեղավորությունն է դա, որ այսօր նման իրավիճակ է ստեղծվել:
-Նախ՝ շատ կարեւորում եմ այն հանգամանքը, որ համակարգը պետք է աշխատի թափանցիկ: Այստեղ պետք է ընդունենք նաեւ պետության համապատասխան կառույցների մեղքի բաժինը անհրաժեշտ վերահսկողության բացակայության տեսակետից: Ինչ վերաբերում է թանկացման հետեւանքներին, առկա իրավիճակում կա երեք ճանապարհ՝ առաջին ճանապարհը, երբ պետությունն ամբողջ բեռը վերցնում է իր վրա: Երկրորդ տարբերակը, երբ պետությունը հայտարարում է, որ ինքը հնարավորություն չունի ու ամբողջ բեռը թողնում է հանրության ու տնտեսվարողների վրա: Սակայն բոլորիս էլ հայտնի է, որ մեր հանրության մեծամասնությունն անվճարունակ է, իսկ տնտեսվարողները, ինչպես արդեն նշեցի, առանց այդ էլ մրցունակ չեն: Իմ կարծիքով, պետք է գործի երրորդ տարբերակը, այն է՝ բեռի որոշակի հատված պետությունը վերցնում է իր վրա՝ ամբողջը չթողնելով հանրության ու տնտեսվարողների վրա: Ես հասկանում եմ, որ մեր պետության հնարավորությունները սուղ են, սակայն, հավատացե՛ք, ցանկության դեպքում միջոցներ գտնելը դժվար չէ, դրանց մասին ինքս առիթ ունեցել եմ քանիցս խոսելու: Որքան էլ ՀԷՑ-ը օտարերկրյա ներդրողինը լինի, միեւնույնն է՝ դա ՀՀ-ինն է եւ մեր տնտեսության ողնաշարն է, որի համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում մեր պետությունը: Այսօր այդ ցանցերի վիճակը շատ ահավոր է՝ համակարգը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված է: Տեսեք, կան 12-13 տոկոս կորուստներ, որոնց մի մասը գողություններն են. դա ռեալ է, ու առօրյայում յուրաքանչյուրս էլ կարող ենք համոզվել, թե համապատասխան կառույցի ներկայացուցիչներն ինչպես են այդ գողությունները իրականացնում: Մյուս կողմից՝ պետք է լուրջ ներդրումներ արվեն, բայց ներդրումների պորտֆելն այնքան է մեծացել, որ կազմակերպությունն արդեն չի ընկալվում որպես վստահելի գործընկեր՝ երկարաժամկետ ու ցածր տոկոսադրույքով վարկեր ստանալու համար: Եվ հիմա ով էլ գնի այս ցանցերը, որոշ առումով պետք է այդ բեռը թեթեւացնի, հակառակ դեպքում դարձյալ վստահելի չի լինի եւ չի կարողանա էժան վարկեր ձեռք բերել:
-Բայց պարտքերը գոյացել են նրա համար, որ պաշտոնյաներն իրենց անձնական շահերի համար…
-Այն, որ բավական շռայլություններ են իրենց թույլ տվել, անկասկած, անթույլատրելի է, սակայն հարցն այն է, որ դրանք ինքնարժեքի մեջ չնչին տոկոսներ են կազմում, իրականում դրանից բացի՝ շատ ավելի մեծ խնդիրներ կան: Դրանք կարգավորելու համար գործիքները շատ են, սակայն դրանցից կառանձացնեմ հատկապես երեքը: Առաջին հերթին պետք է լուրջ ներդրումներ կատարվեն, որպեսզի կորուստները նվազեցվեն, ինչպես նաեւ հնարավորինս էժան տոկոսադրույքով վարկեր ձեռք բերել, ինչի մասին արդեն խոսեցի: Երկրորդ՝ անհրաժեշտ է բարձրացնել կառավարման արդյունավետությունը եւ առավելագույնս կանխել գողությունները: Վերջապես երրորդ՝ հետեւողական աշխատանք է պետք տանել էներգետիկ բալանսի կարգավորման ուղղությամբ: Հիշեցնեմ, որ լուրջ խնդիրներ են սպասվում 2017 թվականին, որովհետեւ նախ՝ ատոմակայանը մոտ վեց ամիս, գուցե եւ ավելի, չի արտադրի էժան էլէներգիա, մյուս կողմից՝ ԱԷԿ-ը մոտ 300 միլիոն դոլարի ներդրում է պահանջում, ինչը նշանակում է, որ ատոմակայանի արտադրած հոսանքի ինքնարժեքի մեջ եւս 300 միլիոն դոլար է ներառվելու: Ուրեմն հետագա թանկացումներից խուսափելու նպատակով հարկավոր է շոշափելի քայլեր ձեռնարկել: Հակառակ դեպքում համակարգն ուղղակի կարող է սնանկանալ՝ իր բոլոր ծանրագույն հետեւանքներով հանդերձ: Նորից եմ կրկնում՝ սա տնտեսության ողնաշարն է: Եթե մարդու ողնաշարը չլինի այնպես, ինչպես կա, մարդը տձեւ ինչ-որ մարմին կունենա: Դրա համար պետք է առողջացնել այս ամենը: Իսկ թե որքանով է արդարացված թանկացման հայտը, այսքանից հետո, թողնում եմ Ձեզ…
ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ԻՐ ԳՐՊԱՆԻՑ
Շաբաթ օրը «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Արաքս» թռչնաֆաբրիկան Սյունիքի թռչնաֆաբրիկան «վերցրել» է պարտքի դիմաց, քանի որ վերջինիս սեփականատերերից Արթուր Գեւորգյանը մոտ 30 միլիոն դրամ պարտք ունի: Նշված օրը Արթուր Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն այդ հարցի վերաբերյալ որեւէ բան չի ցանկանում խոսել: Սակայն երեկ անձամբ էր զանգահարել եւ որոշ մանրամասներ հայտնեց:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սյունիքի թռչնաֆաբրիկայի սեփականատերերից Արթուր Գեւորգյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում թռչնաֆաբրիկայի մասին զրուցել՝ տեղեկացնելով, որ ինքը 30 մլն դրամ է պարտք «Արաքս» թռչնաֆաբրիկային եւ կվճարի անձամբ՝ գործին չխառնելով Սյունիքի թռչնաֆաբրիկան: Թե ինչպես է գոյացել այդ 30 մլն դրամ պարտքը, Գեւորգյանը չցանկացավ նշել: Մեզ հաջողվեց պարզել, որ Ա. Գեւորգյանը «Արաքս» թռչնաֆաբրիկայի ղեկավարությունից պարտքով գումար է վերցրել՝ 30 միլիոն դրամ, որը չի կարողացել վճարել, ինչի համար «Արաքս» թռչնաֆաբրիկան դիմել է դատարան՝ գումարը հետ վերադարձնելու պահանջով:
«Դատի են տվել ինձ, գումարային հարցեր են, որոնց մասին ես չեմ ցանկանում ինչ-որ մանրամասնություններ ներկայացնել: Ես չեմ հրաժարվում այդ գումարը վճարելուց: Ես կմարեմ իմ պարտքը, հստակ կարող եմ ասել, որ թռչնաֆաբրիկայով չեն վճարվելու այդ գումարները, ես ֆաբրիկայում մասնաբաժին ունեմ, բայց ես կվճարեմ ինքս, իմ գրպանից»,- հայտարարեց Ա. Գեւորգյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արթուր Գեւորգյանի գույքի եւ հաշիվների վրա արդեն արգելանք է դրված: Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է խոսել «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Ցոլակ Մազմանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Տեղեկացանք, որ Մազմանյանը Հայաստանում չէ:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՌՈՒՍՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ
Երեկ Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտակայքում հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող 19-ամյա Իվան Նովիկովի դին: Նորակոչիկ Նովիկովի դաժան սպանության մեջ կասկածվում է իր ծառայակից ընկեր Իվան Բ.-ն: ՌԴ հարավային ռազմական օկրուգի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ Իվան Բ.-ն ընդունել է իր մեղքը, իսկ սպանության պատճառը եղել է կենցաղային վեճը: Դեպքի վայրի զննությունը կատարել են հայ իրավապահները, ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն): «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործի նյութերը ստանալու եւ հետագա քննությունը շարունակելու համար ՌԴ իրավապահները դիմել են հայկական կողմին: Բանն այն է, որ երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրով ռազմաբազայի զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպերի գործերը պետք է քննեն ՌԴ իրավապահները: Ըստ ամենայնի, հենց այդպես էլ տեղի կունենա, եւ հայկական կողմը գործը կհանձնի ռուս իրավապահներին:
ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացնելու որոշման նախագծին կից նյութերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս ընկերության աշխատակիցների բջջային հեռախոսակապի ծախսերը եւս հոգալու են սպառողները: Ըստ այդմ, պարզվում է՝ սակագնում ներառված ծախսերից 50.9 մլն դրամը հատկացվելու է բջջային հեռախոսակապի համար, որից մոտ 2 մլն դրամը` ՀԷՑ-ի կենտրոնական ապարատի, ասել է թե՝ գլխավոր տնօրենի եւ նրա տեղակալների բջջային հեռախոսների համար: Բայց ողջ խնդիրն այն է, որ խոսքն, ասենք, 200 կամ 300 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաների մասին չէ: ՀԷՑ-ի տնօրինությունը ստանում է մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձ, բայց չգիտես ինչու՝ նրանց բջջային կապի համար պետք է վճարեն բաժանորդները:
ԱՐԱՄՅԱՆԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանի դրամական միջոցները 2014-ի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 16 մլն դրամ եւ 10 հազար դոլար: Անցած տարի նա 22 մլն 673 հազար դրամով բնակարան է վաճառել: Փոխառությամբ ստացել է 3 մլն դրամ: Իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 7 մլն 21 հազար դրամ: Նա ինչ-որ աղբյուրից ստացել է 9 հազար 730 եվրոյի եկամուտ, ինչպես նաեւ՝ 20 մլն դրամ վարկ: Նրա կինը` Իզաբելլա Հովհաննիսյանը, անցած տարի 52 մլն 695 հազար դրամով բնակարան է գնել, իսկ 12 մլն դրամով մեկ այլ բնակարան վաճառել է: Արամյանի կնոջ դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Նրա տարեկան եկամուտը եղել է 16 հազար 632 եվրո եւ 544 հազար դրամ: Ի դեպ, Արամյանի եղբայրը` Հայկ Արամյանը, քննիչ է, հայրը՝ Սարիբեկ Արամյանը, Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: