ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐԸ ԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԻՐԵՆՑ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Ըստ այդմ, նա պատրաստվում է առաջիկայում նոր կուսակցություն հիմնել եւ մասնակցել 2017 թվականի Աժ ընտրություններին: Մինչ այս լուրերի տարածման նպատակին անդրադառնալը, նախ մի փոքր Արա Աբրահամյանի եւ նրա եղբայրների մասին: Հիշեցնենք, որ Աբրահամյան եղբայրները չորս են` Արա, Արմեն, Սերյոժա եւ Գագիկ:

Ինչպես հայտնի է՝ Աբրահամյան եղբայրները իրենց հարստությունն ի սկզբանե կուտակել են՝ զբաղվելով ադամանդի վերամշակմամբ: Սակայն 2000-ականների սկզբից հետեւյալ մարտավարությունն իրականացրեցին. Արա Աբրահամյանը, որը դարձել էր «Ռուսաստանում հայերի միության» նախագահ, սկսեց «կռիշություն» անել իր եղբայրների համար: Այդ ժամանակ առիթը բաց չէր թողնում նկարվել ՌԴ պաշտոնյաների հետ եւ հոգում էր, որ այդ նկարն անպայման հայտնվի հայկական մամուլում: Այսինքն՝ առաջին հայացքից թվում էր, թե նա Ռուսաստանում «հարց լուծող» տղա է: Այս խաղաքարտը հաշվարկված էր հայաստանյան քաղաքական այն շրջանակների համար, որոնց թվում է, թե Հայաստանի հետ կապված ամեն ինչ որոշվում է Մոսկվայում: Այնուհետեւ, 2003 թվականին Աբրահամյան եղբայրներից ավագը` Սերյոժա Աբրահամյանը, մեծամասնական ընտրակարգով դարձավ պատգամավոր թիվ 54 ընտրատարածքից: Նա մուտք գործելով ԱԺ՝ քաղաքականության դռները բացեց Աբրահամյան եղբայրների համար: 2007-ին՝ արդեն չորրորդ գումարման խորհրդարանում, Աբրահամյան եղբայրներից երեքը արդեն պատգամավորներ էին, Սերյոժա Աբրահամյանը պատգամավորական մանդատը ստացել էր ՕԵԿ-ից, Արմեն Աբրահամյանին մանդատ տվել էր ԲՀԿ-ն, իսկ Գագիկ Աբրահամյանը հանգրվանել էր իշխող ՀՀԿ-ում: Ակնհայտ էր, որ եթե այդ ժամանակ Արա Աբրահամյանը ցանկանար, ապա նա էլ, ասենք, կարող էր ՀՅԴ-ից մանդատ ստանալ, բայց էլ «ազատ եղբայր» չկար: Այդ ժամանակ Աբրահամյանների գործերը շատ հաջող զարգանում էին, եւ թվում էր, թե ոչինչ չի կարող նրանց ծրագրերը խափանել:
Ինքը՝ Արա Աբրահամյանը, զբաղված էր «ալամ աշխարհի» հայերի միություն սարքելով: Նա փաստացի ցանկանում էր դառնալ սփյուռքի նախագահը: Սակայն շատ շուտով ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի տարածքից դուրս նա ոչ մի հնարավորություն չունի: 2012-ի սկզբին պարզ դարձավ, որ Աբրահամյան եղբայրներն այլեւս առաջվանը չեն, եւ ՀՀ իշխանությունների համար վաղուց նրանք դադարել են Ռուսաստանում «հարց լուծող» լինելուց: Արդյունքում, 2012-ին ձեւավորված խորհրդարանում Աբրահամյան եղբայրներից եւ ոչ մեկը տեղ չզբաղեցրեց: Սակայն այդ ժամանակ մի տեսակ անհասկանալի մնաց, թե այդ ինչն էր եղել պատճառը, որ ՀՀ իշխանությունները Աբրահամյանների նկատմամբ իրենց վերաբերմունքը նման կտրուկ ձեւով փոխել էին: Հետագայում պարզվեց, որ Արա Աբրահամյանը Եգիպտոսում լուրջ ներդրումներ է արել, եւ երբ Մուամմար Քադաֆին 2011-ի գարնանը տապալվեց, Աբրահամյանը կորցրեց իր բիզնեսները: 2012-ի հոկտեմբերին հրավիրված ասուլիսում Արա Աբրահամյանն ինքն անձամբ հաստատել էր այդ լուրերը՝ ասելով, որ ինքը Եգիպտոսում կորցրել է ավելի քան մեկ միլիարդ դոլար: Նկատեցի՞ք՝ Աբրահամյանի «գործընկերը» եղել է այդ երկրի բռնապետ ղեկար` Մուամմար Քադաֆին: Արա Աբրահամյանն իր գործընկերոջ մասին ասել էր. «Ինքը երկիր կորցրեց, մենք մեր ներդրումները»:
Իհարկե, անցած տարի՝ ապրիլին Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո, թվում էր, թե Աբրահամյանների գործերը կարող են աջ գնալ: Դրանից հետո Գագիկ Աբրահամյանը, որը ներկայացնում էր եղբայրների ՀՀԿ-ական թեւը, սկսել էր իշխող կուսակցության խորհրդի նիստերին մասնակցել, սակայն որոշ ժամանակ անց հասկանալի դարձավ, որ Աբրահամյանների մասով ոչինչ էլ չի փոխվել. ոչ ոք չի պատրաստվում նրանց մանդատ կամ որեւէ այլ պաշտոն «նվիրել»:
Եւ, ահա, հունիսի սկզբին Ռուսաստանից Աբրահամյան եղբայրների համար նորից լավ լուր ստացվեց: Պարզվում է՝ ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարցերի խորհրդին կից ստեղծվել է պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցման հարցերով հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը: Այլ կերպ ասած՝ Աբրահամյանները նորից «խաղի մեջ» են: Այս լուրերից ընդամենը մեկ շաբաթ էլ չանցած հայաստանյան մամուլը գրեց, թե իբր Արա Աբրահամյանը մտադիր է վերադառնալ Հայաստան եւ ակտիվ քաղաքականությամբ զբաղվել: Իհարկե, նման տարբերակը ի սկզբանե կարելի է բացառել, քանի որ որոշ մարդկանց համար Կրեմլի պահակի գործն ավելի նախընտրելի է, քան Հայաստանում բարձր պաշտոնը: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ Աբրահամյանի եղբայրները գրոհի են անցել, իսկ կուսակցություն հիմնելու մտադրության մասին լուրերով էլ թերեւս ընդամենը փորձում են շանտաժի ենթարկել իրենց նախկին գործընկերներին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին՝ առաջարկելով կա՛մ մանդատներ տալ իրենց, կա՛մ էլ իրենք կուսակցություն կբացեն: Իսկ ի՞նչ հենքի վրա: Եթե հիշեցնենք, որ Արա Աբրահամյանն ու ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը խնամիներ են, չի բացառվում, որ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հիմնած կուսակցույթունը կարող է ծառայել այդ նպատակին: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ ՀՀՄ կոնգրեսի փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանի ՀԴԿ-ն լինի Արա Աբրահամյանի հենակետը (վերջիններս էլ օրերս մտավորականների անունից քննադատություններով լի պահանջատիրական մի նամակ էին գրել՝ ուղղված ՀՀ վարչապետին):
Այնպես որ, կարելի է կարծել՝ Աբրահամյան եղբայրներն այժմ սպասում են, թե վերը նշված եռյակից ով իրենց կհամոզի՝ կուսակցություն ստեղծելու մտքից ետ կանգնել: Ներկա քաղաքական դաշտում ՕԵԿ-ի դիրքերը հաշվի առնելով՝ այս կուսակցությունը Աբրահամյաններին հաստատ ոչինչ չի կարող առաջարկել: Մնում են ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն. արդյոք նրանք մանդատներ տալու խոստում կտան Աբրահամյաններին, ժամանակը ցույց կտա:
Հ.Գ. Ի դեպ, Արա Աբրահամյանը 2012 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած ասուլիսում Եգիպտոսի բիզնեսները կորցնելու մասին խոսելուց հիշատակում է նաեւ Երեւանի Հյուսիսային պողոտայի շինարարությունը: Սակայն նա չի մասնավորեցնում, թե Եգիպտոսի փողերն ինչ կապ ունեն Հյուսիսային պողոտայի շինարարության հետ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԷԼ ՈՐՏԵՂ ՀԱՐՍԱՆԻՔ ԿԱ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ շաբաթ օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական էլիտայի գլխավորությամբ Մոսկվայում մասնակցել է հայտնի հայ միլիոնատեր, «Ավալոն» ընկերության սեփականատեր, ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ, ՌԴ գլխավոր դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կամո Ավագումյանի որդու հարսանիքին: Ըստ լուրերի՝ նրա որդին ամուսնացել է Մոսկվայի գլխավոր ուռոլոգ Արամայիս Կամալովի դստեր հետ: Սերժ Սարգսյանը` ՀՀԿ-ականների հետ նախագահական ինքնաթիռով մեկնել է Մոսկվա, քեֆ արել եւ վերադարձել Հայաստան: Մեր տեղեկություններով՝ հարսանեկան արարողությանը ներկա է եղել նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանում ստանալ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից, բայց նա ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի: Իսկ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց:
Ի դեպ, Կամո Ավագումյանի որդիներից մեկը վերջերս ամուսնացել է Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի աղջկա հետ:

 

ՆԱԽՈՐԴԻ ՈՃՈՎ
Երեկ ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց շատ թեժ, քանի որ օրենսդիրները հայտարարեցին, որ իրենք չեն կարող Կառավարության կողմից ուղարկված 25 նախագծերը մանրամասնորեն քննարկել, ընկալել ու ընդունել: Պատգամավորները հայտարարեցին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Կառավարությունը «բռնել» է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարության ուղին: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Արտաքին պարտքի մասին» եւ «Ակցիզային հարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն անհրաժեշտ է շատ մանրամասն քննարկել: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բողոքեց ընդմիջումները, հատկապես մեկ ժամանոցը կրճատելու դեմ, որի ժամանակ իրենք կարող էին ծանոթանալ նախագծերին: «Այս տեմպով ոչ մի նախագիծ չի կարող որակյալ քննարկվել ու ընդունվել: Սա անհնարին ռեժիմ է: Ծայրահեղությունների չպետք է հասցնենք»,- հայտարարեց Ջհանգիրյանը:

 

ԱՍՈՒՄ Է՝ ՉԻ ԵՂԵԼ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում Զաքարյան եղբայրների ծեծի գործի մասին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ գործով անցնողների մեջ է նաեւ Գորիսի «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սուրեն Բաղդասարյանը: Սակայն վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը նշված օրը չի եղել այնտեղ. «Դեպքի մասին իմացել եմ կատարվածից երկու օր անց: Ինձ կանչել են հարցաքննության, եւ ես այդ մասին հայտնել եմ իրավապահներին, որ չեմ եղել այդտեղ: Ավելին՝ սպասում եմ, երբ Զաքարյանները գան Սյունիք, գնամ, հարցնեմ, թե ինչո՞ւ են իմ անունը տվել, եթե ես այնտեղ չեմ եղել»,- վստահեցրեց Բաղդասարյանը:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՏԵՂՈՎ ՆՎԵՐ Է
Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ծնունդը շնորհավորելու նպատակով բազմաթիվ ՀՀԿ-ական պատգամավորներ այցելել են վերջինիս աշխատասենյակ, սակայն հիմնականում առանց նվերի` արդարանալով, թե իրենց գործընկերոջ նվերը հետո կտան: Բաղդասարյանին շնորհավորելու է գնացել նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Իսկ, ահա, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Բաղդասարյանի աշխատասենյակ մտնելիս հարկ է համարել արդարանալ` նշելով, թե միայն մի քանի րոպեով եկել է, շնորհավորի ու գնա: «Շուն-գել՝ մեր իշխանությունն ա»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը` առանց նվերի ներկայանալու հարցին ի պատասխան հայտարարելով, թե ինքը «տեղով մեկ նվեր է»:

 

ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ
Երեկ անհայտ անձը զանգահարել եւ սպառնացել է պայթեցնել ՌԴ Մոսկվա եւ Յարոսլավլ քաղաքներում գործող «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «ՌԻՈ» սուպերմարկետների ցանցը: Ռուսական «Դոժդ» Հ/Ը փոխանցմամբ` գործարար Սամվել Կարապետյանին պատկանող սուպերմարկետներից տարհանում է սկսվել: Դեպքի վայրեր են ժամանել ոստիկաններ, կինոլոգներ, անցկացվում է տարածքների զննություն: Բոլոր սուպերմարկետների աշխատանքը դադարեցվել է:

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը շաբաթ օրը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի ներկայացմամբ. «Քննարկվել են երկկողմ ռուս-ադրբեջանական հարաբերություններ: Դրանք բազմավեկտոր են ու բազմազան, եւ մեր հարաբերությունները բոլոր հարթություններում չափազանց մանրակրկիտ քննարկվել են: Ղարաբաղյան թեմային եւս անդրադարձ է եղել»:




Լրահոս