Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած մահափորձի առիթով հարուցված քրեական գործը տեղից չի շարժվում: Իրավապահները շարունակում են քննություն իրականացնել, իսկ թե ինչ արդյունքներ է այն տվել եւ կտա արդյո՞ք, դեռեւս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ մարզպետի դեմ մահափորձ էր իրականացվել ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Դեպքից րոպեներ անց մարզպետ Խաչատրյանը, որ միշտ խնդիր ունի լրագրողների հետ շփումների, բավականին ակտիվ կերպով զրուցում էր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ կատարվածի մասին մանրամասներ հայտնում: Ըստ նրա` իր «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ 25-30-ից ավել կրակոցներ էին արձակվել մոտ 10 րոպե: Մեքենայում էին եղել Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականն ու վարորդը:
Չորս օր անց կլրանա մեկ ամիսն, ինչ մարզպետի դեմ իրականացվել է այս մահափորձը: «Ժողովուրդ»-ը փորձեց հասկանալ, թե այս ընթացքում ինչ հանգամանքներ են ի հայտ եկել: Ինչպես հայտնի է՝ նախաքննության նախնական ժամկետը սահմանված է երկու ամիս, եւ արդեն լրացել է սահմանված նախնական ժամկետի ուղիղ կեսը, սակայն արդյունքի մասին, որպես այդպիսին, ոչ ոքի հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատազախության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ այս գործով նախաքննություն է ընթանում, եւ տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել նախաքննություն իրականացնող մարմին: ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ոստիկանությունից եւս չցանկացան գաղտնազերծել, թե այս մեկ ամսվա ընթացքում օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում ինչ նոր հանգամանքներ են ի հայտ բերել: Այս իրավիճակն, ըստ էության, խոսում է այն իրողության մասին, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործը քնեցված է:
Ճիշտ է՝ իրավապահները նշանակել են դատաձգաբանական, դատաքիմիական, դատաբժշկական, դատահետքաբանական եւ այլ փորձաքննություններ, այս գործով շուրջ 30 մարդ է հարցաքննվել: Նրանց թվում են եղել «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը եւ 2013 հունիսի 1-ին մարզպետի տան մոտ փոխհրաձգության ժամանակ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը` Արտակ Բուդաղյանը: Ավելի ուշ Տիգրան Կարապետյանը հայտնել էր, որ իրենից փորձաքննության համար նմուշներ են վերցրել: Սակայն մինչ օրս այս գործով նշանակված փորձաքննությունների եզրակացությունները չկան:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սուրիկ Խաչատրյանին վերջին շրջանում հաճախակի են հրավիրում ՀՀ քննչական կոմիտե, սակայն, ինչպես նկատում ենք, մարզպետին քննչական մարմիններն ավելի շատ անհանգստացնում են իր որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող հատվածում տեղի ունեցած ծեծի գործով, այլ ոչ թե մահափորձի:
Ուստի դատելով ստեղծված իրավիճակից՝ ե՛ւ մարզպետին, ե՛ւ իրավապահներին այս օրերին ավելի շատ մտահոգում է Գորիսի աղմկալի ծեծի գործը, քան Խաչատրյանի կյանքի անվտանգության ապահովության հարցը:
Այս իրավիճակը կարող է երկու պատճառ ունենալ՝ կա՛մ իրավապահներն անլուրջ են վերաբերվում Սուրիկ Խաչատրյանի կյանքին սպառնացող հնարավոր վտանգներին, կա՛մ որեւէ նորություն իսկապես չկա, քանի որ գործ անողները բավականին հմուտ են եղել, որ հետքեր թողնեն, եւ այն բացահայտվի:
Իսկ որն է այս երկու վարկածներից առավել արժանահավատ. պետք է արձանագրենք, որ եթե շուրջ 10 րոպե տեւողությամբ կրակել են մարզպետի մեքենայի ուղղությամբ, ապա ենթադրվում է, որ մարզպետն իր մեքենան կանգնեցնել է տվել ու շտապ իջել մեքենայից: Եւ պետք է որ գոնե ինչ-որ բան նկատած լիներ` ոտնաձայներ կամ մեքենայի շարժ, բայց առ այսօր այդպիսի կասկածների մասին որեւէ մեկը չի խոսել, ուստի առավել հավանական է այն վարկածը, որ իրավապահները լուրջ չեն վերաբերվում այս գործին, քանի որ մահափորձն իրականում կազմակերպված էր հենց մարզպետի կողմից: Իսկ թե ինչու, այդ մասին առիթ ունեցել ենք գրելու:
Սուրիկ Խաչատրյանն այս օրերին գտնվում է թիրախում: Եւ որպեսզի իշխանությունների մոտ տպավորություն ստեղծի, որ իր անվտանգությունը վտանգի տակ է, եւ որդու կալանավորումը կարող է ճակատագրական լինել, պետք է բավարարվել գոնե հարազատների կալանավորմամբ Սդղի գյոլի գործով, ուստի որոշեց զոհաբերել 100 հազար դոլարից ավել արժողությամբ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան:
Մեզ մնում է ափսոսել մեքենան: Ի վերջո, այսօր այդպիսի արժողությամբ մեքենա ձեռք բերելն ու հանուն շոուի փոշիացնելն ամեն մարդու հասանելի չէ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
4 ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ ԿԻՆ ԵՆ ԵՂԵԼ
Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով 4 հայ էր մահացել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանն ասաց, որ մահացածները հարազատներ էին:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին գիշերը տեղացած հորդառատ անձրեւները հեղեղել էին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները, որի հետեւանքով ջրով էին լցվել անցումները, նկուղները եւ հարյուրավոր տների առաջին հարկերը: Ըստ պաշտոնական տվյալների՝ տեղի ունեցած աղետի պատճառով 14 մարդ մահացել է, 24 մարդ անհետ կորած է: Նրանց թվում կային նաեւ հայեր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ախալքալաքի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանն ասաց, որ մահացածներից 4-ը հայեր են. «Երեքը հարազատ քույրեր են, իսկ, ահա, 4-րդ անձը նրանց կա՛մ մորաքույրն է, կա՛մ հորաքույրը, ցավոք, դեռ ստույգ չենք կարողացել պարզել: Կարողացել ենք պարզել միայն, որ մահացածներից մեկը ամուսնացած էր, իսկ մյուսները` ոչ: Ցավոք, այս պահի դրությամբ ճանապարհները վատ վիճակում են, եւ մենք չենք կարող գնալ այնտեղ, սակայն անպայման գնալու ենք եւ հետեւողական ենք լինելու հայ ընտանիքներին եւ, առհասարակ, մարդկանց օգնելու հարցում: Ավելին՝ ասեմ, որ Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ անպայման տուժած ընտանիքներին դրամական աջակցություն կտրամադրվի, ինչն այս պահի դրությամբ բավականին կարեւոր հարց է»:
Ի դեպ, նշենք, որ ԱՊՀ մի շարք երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաեւ Հայաստանը, փրկարար ջոկատներ ուղարկեցին Թբիլիսի: Ըստ Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով նախարարության` ջրհեղեղի պատճառը սողանքն է, որը հորդառատ անձրեւների պատճառով տեղի է ունեցել Վեր գետի կիրճում՝ Ցկնետի-Բետանիա ճանապարհին: Կարճ ժամանակում կուտակված գետի ջուրը ճեղքել է արգելապատնեշը, ինչի հետեւանքով կիրճում բարձրացել է ջրի մակարդակն, ու սելավների հետեւանքով ջրով են ողողվել առանձին վայրեր:
Հավելենք, որ ջրհեղեղի հետեւանքով Թբիլիսիի փողոցներում էին հայտնվել գազանանոցի կենդանիները: Կոկորդիլոսները, արջերն ու առյուծներն անարգել քայլում էին փողոցներով: Եւ վրաց իշխանությունները ստիպված եղան որոշ կենդանիների պարզապես կրակել, քանի որ նրանք աչքի էին ընկել ընդգծված ագրեսիվությամբ: Արդյունքում փախել էին 6 վագր, 6 առյուծ, 7 արջ, 13 գայլ: Իսկ ավելի քան 300 կենդանի սատկել էր: Նշենք՝ 600-ից ողջ էին մնացել մոտ 300-ը: Կատարվածից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 15֊ը հայտարարել է սգո օր` ի հիշատակ ջրհեղեղի հետեւանքով զոհվածների:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՇԱՆԱԿՎԵՑ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Սարգսյանի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ՉԷՐ
Armlur.am-ի հետ զրույցում քաղաքագետ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը, խոսելով Շահեն Հարությունյանի` նախօրեին Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի ժամանակ արած քայլից, ասել է. «Աշխարհը պետք է իմանար` ինչ է կատարվում Հայաստանում: Իրավապահները սպասում էին հարմար պահի` Շահենին պատժելու համար: Տեղի ունեցածն ուղիղ կապ ունի քաղաքականության հետ: Սա նրանց վարած ներքին քաղաքականության արդյունքն է»: Եղիազարյանը նկատել է, որ եթե անգամ Շահեն Հարությունյանի քայլը որեւէ արդյունք չտա էլ, մի բան արդեն իսկ տվել է` բոլորը խոսում են կատարվածի մասին:
ԱՅՑԵԼԵԼ Է
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն տեղեկացրել է, որ նախօրեին այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ հանդիպել հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին եւ Վարդան Վարդանյանին` կապված Շանթ Հարությունյանի` իր կյանքին վտանգ սպառնալու մասին հայտարարության հետ: «Այցելության ընթացքում առանձնազրույց եմ ունեցել նրանց հետ: Շանթ Հարությունյանը դիմում է ներկայացրել իրեն առանձին խուց տեղափոխելու, այն է` կիսաբաց ռեժիմից կիսափակի անցնելու մասին, որը, ըստ էության, ռեժիմի խստացում է, սակայն դա նույնպես դատապարտյալի իրավունքն է: Նշված դիմումի քննարկումը ՔԿՀ համակարգի տեղաբաշխման հանձնաժողովի իրավասությունների շրջանակում է, որը, հուսով եմ, կբավարարվի: Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն իր ընկերոջ` Շանթ Հարությունյանի: ՔԿՀ վարչակազմից բողոքներ չեն արձանագրվել»,- նշել է պատգամավորը:
ԼԻՍԿԱՅԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ ԷԼ «ԹՌԱՎ»
Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրել է, որ մայիսի 2-ին Սդղի Գյոլ կոչվող տարածքում Մուշեղ Զաքարյանին ծեծի ենթարկողների խմբում են եղել նաեւ Շահում Դավթյանը եւ Մայիս Խաչատրյանը։ Հունիսին 13-ին Շ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից Մ. Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու համար: Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Իսկ Մ. Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել եւ հունիսի 15-ին հայտարարվել է հետախուզում։ Նշենք, որ Մայիս Խաչատրյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (Հոպոպ) որդին է, եւ, փաստորեն, քննչական մարմինն այնքան հապաղեց, մինչեւ նա հեռացավ:
ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Չինաստանի արտգործնախարարության հատուկ բանագնաց, Հայաստանում Չինաստանի առաջին դեսպան Ճաո Սիդիին: Զրուցակիցները, բարձր գնահատելով Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունները, նշել են, որ ս.թ. մարտին ՀՀ նախագահի՝ Չինաստան կատարած պետական այցելությունը նոր լիցք է հաղորդել բազմաոլորտ հայ-չինական համագործակցությանը։ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել անկախությունից ի վեր Հայաստանին Չինաստանի կողմից տրամադրվող շարունակական աջակցության համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում փոխգործակցության շուրջ: