2010թ. սեպտեմբերի լույս 4-ի գիշերը Իջեւան քաղաքի Մետաղագործների 58 հասցեում թունավորվել էին Անաստաս Հակոբյանի 2 գլուխ խոշոր եղջերավոր անասունը եւ 68 խոզը` պատճառելով 5, 5 միլիոն դրամի վնաս: Ա. Հակոբյանը դեպքի մասին նույն օրը հաղորդել էր ոստիկանության Իջեւանի բաժին, սակայն այդ օրը նրա հաղորդագրությունը ոստիկանությունում չէին ընդունել եւ համապատասխան միջոցառումներ չէին ձեռնարկել:
Նա սեփական նախաձեռնությամբ նմուշներ էր վերցրել սատկած անասունների մսեղիքից, անասունների այդ օրվա կերից, խմելու ջրից եւ ստուգման տարել հանրապետական անասնաբուժական համաճարակային եւ ախտորոշիչ կենտրոն: 2010թ. սեպտեմբերի 6-ին այդ ստուգման արդյունքները ստանալով` նա ներկայացրել էր ոստիկանության Իջեւանի բաժին, որից հետո ոստիկանությունում այդ նյութերը գրանցել էին: Ա. Հակոբյանը Իջեւանի մերձակա Գանձաքար համայնքի նախկին ղեկավարն է, սակայն անասունների թունավորումը կապ չունի գյուղապետի նրա գործունեության հետ: Հակոբյանն ասում է, որ չնայած իր բազմաթիվ բողոք-դիմումներին, ըստ էության, բացահայտված քրեական գործը չեն բացահայտում: Նրա խոսքերով՝ 3 վկաներ իրավապահներին հայտնել են անասունների թունավորման կազմակերպչի անունը, ով հացկերույթի ժամանակ պարծեցել է, թե ինքն է թունավորումը հրահանգել:
Ա. Հակոբյանի վկայությամբ՝ վկաներն իրենց ցուցմունքները պնդել են նաեւ այդ մարդու հետ առերեսման ժամանակ: Հակոբյանն ասում է, որ թունավորման գործով եւս 2-3 վկաներ կան, սակայն իրավապահները նրանց չեն հարցաքննում: Ա. Հակոբյանը գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ հայտնելով, որ անցած 5 տարում այդպես էլ չեն բացահայտում փաստորեն բացահայտված գործը: Նա ասում է, որ թունավորման գործն այժմ քննվում է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժնում: Ա. Հակոբյանի խոսքերով՝ 2012թ. ոստիկանները խուզարկություն են կատարել թունավորման գործի կազմակերպման մեջ կասկածվողի առանձնատանը, հայտնաբերել են տարբեր զենքերի մեծ զինանոց, սակայն այդ գործը եւս փակել են` պատճառաբանելով, իբր այդ մարդու զառամյալ հոր զենքերն են, եւ վերջինս դրանք բերել է Հայրենական մեծ պատերազմից:
Անաստաս Հակոբյանին մտահոգող խնդրի վերաբերյալ դիմեցի ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանին: Նա ասաց, որ Ա. Հակոբյանն անասունների թունավորման հարցով բազմիցս դիմել է տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Հայաստանի նախագահին, գլխավոր դատախազին: Ա. Մանթաշյանը հայտնեց, որ իրենց կողմից ստուգվել են Ա. Հակոբյանի ներկացրած բոլոր փաստարկները, դրանք քննությամբ չեն հիմնավորվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԵՐԸ
Կայացել է Առաջին Եվրոպական Ամառային խաղերի բռնցքամարտի մրցաշարի վիճակահանությունը, հայտնում է Կարեն Գիլոյանը: «Ընդհանուր առմամբ 10 քաշային կարգերում պայքարին մասնակցում է 67 կին եւ 211 տղամարդ բռնցքամարտիկ: Հայաստանը ներկայացուցիչ ունի 6 քաշային կարգերում:
49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը պայքարը սկսելու է 1/16-րդ եզրափակչից: Նա հունիսի 19-ին ուժերը կչափի Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի հետ:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/16- րդ եզրափակիչում կմրցի հունգարացի Կսոկա Նանդոր – լեհ Յոզվիկ Մարցեյ զույգի հաղթողի հետ: Մենամարտը տեղի կունենա հունիսի 20- ին:
Հունիսի 19-ին ռինգ դուրս կգա 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նա ուժերը կչափի Սիլվեստր Կոզլովսկի (Լեհաստան) – Ստեֆան Իվանովի ( Բուլղարիա) հետ:
60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակիչից: Բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ մենամարտը տեղի կունենա հունիսի 20-ին:
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը մեկ այլ բուլղարացի` Աուրին Իզմիտովի եւ ուկրաինացի Վիկտոր Պետրովի հաղթողն է: Մենամարտի օրը հունիսի 21- ն է:
81 կգ քաշային Նիկոլ Արությունովը պայքարը կսկսի 1/32-րդ եզրափակչից: Նրա մրցակիցը լեհ Յորդան Կուլինսկին է: Նիկոլը ռինգ դուրս կգա հունիսի 18-ին: