Հունիսի 21-ը տարվա 172-րդ օրն է: Այս օրը տարբեր երկրներում տեղի են ունեցել ուշագրավ իրադարձություններ, ծնունդներ: Այս անգամ առանձնացնում ենք ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և մարզիչ ներկայումս ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին:
Նա ծնվել է 1955 թվականի հունիսի 21-ին Ֆրանսիայում: Պլատինին համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
Ըստ «Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականի` նա համարվում է 20-րդ դարի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստը։ Երեք անգամ արժանացել է Ոսկե գնդակի (1983, 1984, 1985)։ 1984-ի Եվրոպայի առաջնության հաղթող է։ Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուն է (9 գնդակ)։ 2011-ին ճանաչվել է որպես լավագույն արտասահմանցի խաղացող՝ իտալական ֆուտբոլի պատմության մեջ:
Միշել Պլատինին Պատվավոր Լեգեոնի շքանշանակիր: Չորս տարի մարզել է Ֆրանսիայի հավաքականը, սակայն նշանակալի հաջողությունների չի հասել։
1992-ից հետո սկսել է զբաղվել վարչական աշխատանքով և զբաղեցրել մի շարք պաշտոններ ՖԻՖԱ-ում,Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայում։ 2007-ի հունվարի 26-ին ընտրվել է ՈՒԵՖԱ-ի նախագահ, 2011-ի մարտի 22-ին՝ վերընտրվել այդ պաշտոնին։
2015 թվականի մայիսի 21-ին մեկօրյա ոչ պաշտոնական այցով ժամանել էր Երևան, այցելել Մայր Աթոռ (Սուրբ Էջմիածին)։