ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳՆՈՒՄ ԳԱԼԻՍ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 23-ի համարում “Ժողովուրդ”-ը գրել էր, որ նոյեմբերի 21-ին “Զվարթնոց” օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Զրուցել էինք պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հետ, վերջինս հաստատել էր մեր տեղեկությունը: Սակայն հաջորդ օրը ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե խմած ու հիվանդություն ունեցող մի քաղաքացի է պատահաբար կրակել ՊՊԾ աշխատակիցների ուղղությամբ: “Ժողովուրդ”-ը կրկին զրուցել է ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի հետ՝ պարզելու, թե իրականում ով է ճշմարտությունն ասում: Հարությունյանը նշեց, որ ինքը հանրապետությունում չէ, կվերադառնա 3 օր հետո, բայց չհրաժարվեց մեր հարցերին պատասխանել:
-Պարո՛ն Հարությունյան, խնդրում եմ ասել, թե ինչ է տեղի ունեցել ,Զվարթնոցե օդանավակայանի ճանապարհին, կրակողը չի՞ հիշում, թե ինչ է տեղի ունեցել:
-Ուղղակի մի բան նշեմ, որ այդ մեքենան, որի վրա կրակել են, նախագահի թիկնազորի հետ կապ չունի, դա մեր ծառայության մեքենան է: Ախր մեր ծառայությունը հո մենակ նախագահի՞ն չի սպասարկում:
Այդ դեպքում ասե՛ք, թե նշված մեքենան, որի վրա կրակել են, ում է սպասարկում:
-Մեր ծառայությունը սպասարկում է ե՛ւ նախագահին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ ԱԺ նախագահին: Խնդրում եմ՝ ասե՛ք Ձեր մյուս հարցերը:
Փաստորեն, ոստիկանությունը հերքում է Ձեր բոլոր ասածները, անգամ այն, որ Ձեր ծառայության մեքենան վնասվել է: Դա ինչպե՞ս եք մեկնաբանում:
-Ճիշտ եք գրել, որ դեպքը տեղի է ունեցել Կոնյակի գործարանի մոտ, այդ մեքենան, որը եղել է այդ ճանապարհի վրա, մեր ծառայության մեքենաներից մեկն է, “Նիվա” մակնիշի մեքենա է, որը ,ուղեկցողիե ֆունկցիա չի կատարում: Այո՛, կրակել են, ու կպել է մեր մեքենայի դիմապակուն, այդտեղ թաքցնելու ոչինչ չկա, ի վերջո, գույքային վնաս է հասցվել: Այո՛, այո՛, բայց դրանք նախագահի թիկնազորի հետ կապ չունեն, ես էլի եմ նշում, որ մեր ծառայությունը սպասարկում է ե՛ւ նախագահին, ե՛ւ վարչապետին, ե՛ւ ԱԺ նախագահին, ե՛ւ, ասենք, Սահմանադրական դատարանի նախագահին, դատախազին, մի շարք այլ բարձրաստիճան անձանց: Դրանք առանձին ծառայություններ են:
-Հիմա կոնկրետ Ձեր կողմից նշված ,Նիվաե մակնիշի մեքենան ո՞ր պաշտոնյային էր սպասարկում:
-Մեր տեխնիկական ծառայություններից մեկի մեքենան էր, այսքանը:
-Դուք մեզ հետ զրույցում նշել էիք, որ վիրավորներ չկան, սակայն ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, թե Էջմիածին քաղաքի մի բնակիչ կրակել է մեքենայի վրա, այնուհետեւ ինքն իրեն վիրավորել:
-Ես էլի եմ ասում, որ մենք վիրավոր չունենք, մենք վիրավորված անձ չունենք, թե վարորդը իրեն խփել է կամ ինչ է արել, ես դա արդեն չեմ կարող ասել: Այդ հարցերով դիմե՛ք ոստիկանություն:
Այսինքն՝ Դուք տեղյակ չե՞ք եղել, որ այդ քաղաքացին ինքն իրեն վիրավորել է:
-Ես տեղյակ եմ եղել այն ժամանակ, երբ դրա մասին ոստիկանությունն է ասել: Մեր կողմից վիրավոր չկա, թե էն մյուս կողմն ինչ է եղել, ես արդեն չեմ կարող ասել: Ես ուրիշ ոչ մի բան չգիտեմ, ես իմ խոսքերի համար եմ պատասխանատու: Խնդրում եմ Ձեզ, որ Ձեր բոլոր հարցերն ուղղեք նախագահի մամուլի ծառայություն, իրենք ավելի մասնագիտական ձեւով կբացատրեն: Ես ոստիկանության հետ առնչություն չունեմ: Իսկ թե վարորդն այնտեղ ինչպես է խփել, դա ոնց է եղել, դրա մասին ոչինչ չեմ կարող ասել:
-Դուք հավանական համարո՞ւմ եք ոստիկանության այն տեղեկատվությունը, որ Ձեր ծառայության աշխատակիցների վրա կրակողը չի հիշում, թե ինչու է կրակել: Իսկ ատրճանակն էլ կրակողի կինն է գտել իրենց փողոցի աղբամանի միջից:
-Դա իր զենքն է եղել, ու ինքը դրանով է կրակել: Հիմա ես չեմ կարող այդ մարդու փոխարեն պատասխանել, մարդ է, կարող է հիմա չէր հիշում, հետո հիշեց, նման մարդկանց կատեգորիա էլ կա, որ հիշողությունը գնում գալիս է: Երբ որ պետք է իրեն՝ չի հիշում, երբ որ պետք չէ՝ հիշում է: Ես ի՞նչ կարող եմ ասել, մարդը երեւանյան հիվանդությամբ տառապող մարդ է, որը մի երկու բաժակ խմելուց հետո դառնում է անկառավարելի:
Հ.Գ. Ակնհայտ է, որ ոստիկանության կողմից տարածած հաղորդագրությունից հետո բոլորը սկսել են հարցերին այնպես պատասխանել, որ դրան չհակասի: 
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս