Քաշաթաղի շրջանում սկսվել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի խոսքով հունիսի 10-ի դրությամբ շրջանում հնձվել է 251 հա հացահատիկային մշակաբույս (հիմնականում գարի), տեղեկացնում է «Արցախպրես»-ի թղթակիցը (Զոհրաբ Ըռքոյան): Լ. Սիմոնյանի խոսքով՝ միջին բերքատվությունը հեկտարից կազմում է 39 ցենտներ: Ընդհանուր ստացվել է 9600ց գարի: Նույն ժամանակահատվածում կատարվել է մոտ 40հա կարտոֆիլի, 90հա հատիկաընդեղենի, 230հա բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերի գարնանացան:

Նշենք, որ հունիսի 9-ին հունձ է կատարվել Միջնավանի քաղաքային համայնքի հողատարածքներում (ընդհանուր՝ 10 հա, որից ստացվել է 45 ց բերք):

Նույնքան հեկտար հնձվել է Արծվաշենի գյուղական համայնքի տարածքում՝ 42ց/հա բերքատվությամբ։ Իսկ պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) ցանքատարածքներում հնձվել է 40 հա տարածք՝ միջին 44ց/հա բերքատվությամբ: Հողօգտագործողները գոհ են արդյունքից:

Նշված օրերի ընթացքում հրդեհի օջախներ են առաջացել տարբեր վայրերում, սակայն հրշեջներին և կամավորականներին հաջողվել է մարել կրակը, և վնասը քիչ է կազմել: Ցանքատարածքներում իրականացվում է ուժեղացրած հերթապահություն, որպեսզի հնարավորինս կանխվեն հրդեհների դեպքերը: Հացահատիկային մշակաբույսերի հնձին զուգահեռ շրջանում կատարվում են նաև գարնանացանի աշխատանքներ:

Հյուսիսային թևի Լեռնահովիտ, Մոշաթաղ, Հակ համայնքներում կատարվել է 150 հա, 120 հա և 140 հա հաճարի ցանքս: Հակում և Մոշաթաղում կատարվել է նաև 10 և 30 հեկտար գարու ցանքս: Քաշաթաղի շրջանի հարավային թևի 8 համայնքում ընդհանուր կատարվել է 243 հա եգիպտացորենի ցանքս: Բացի հացահատիկից, վերջին տարիներին մշակվում է նաև անասնակեր՝ կորնգան և առվույտ: Այս տարի ընդհանուր կատարվել է 115 հա առվույտի և 415,5 հա կորնգանի ցանքս:




Լրահոս