Ոստիկանության զորքերի 21-րդ տարեդարձը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 21-ը Ոստիկանության զորքերի օրն է: Իր տարեդարձն է նշում մարտական մի ստորաբաժանում, որը մեր պետության կայացման ընթացքի մեջ բազմիցս փաստել է օրենքին ու ժողովրդին ծառայելու իր հաստատակամությունը, հավատարմությունը ծառայողական պարտքին, մշտապես կատարելագործվելու և ամրանալու ունակությունը:

Արցախյան ազատամարտի տարիներին Ոստիկանության զորքերը մեր երկրի սահմանները պաշտպանող ամենամարտունակ ռազմական միավորներից էր, որի ստորաբաժանումները նաև ծառայություն էին կատարում երկրի ներսում՝ պայքար մղելով զինված հանցախմբերի դեմ, պահպանելով հասարակական կարգը, պաշտպանելով քաղաքացիների իրավունքները:

Այսօր էլ Ոստիկանության զորքերը, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, շարունակում է ծառայել հանուն հայրենիքի և հանրության բարօրության, շարունակո՛ւմ է՝ ծառայողական պարապմունքների և զորավարժանքների ընթացքում հետևողականորեն կատարելագործելով մարտավարամասնագիտական ունակությունները, հրամանատարաշտաբային կարողությունները, յուրաքանչյուր զինծառայողի մասնագիտական և անձնային որակները, մշտապես համալրելով և արդիականացնելով տեխնիկական բազան:
Խնդիրը մեկն է՝ ցանկացած ոտնձգությունից պաշտպանել սահմանադրական կարգն ու երկրի ներքին կայունությունը, պահպանել քաղաքացու անդորրը, համարժեք հակազդել բոլոր արկածախնդիրներին, որոնք կփորձեն իրենց վեր դասել օրենքից և շեղել երկրի ու ժողովրդի զարգացման ընթացքը:

Ոստիկանության զորքերը միշտ մարտական հերթապահության է հասարակական կարգի պահպանման առաջնագծում և ի զորու է լիարժեք կատարելու առաջադրված անգամ ամենաբարդ խնդիրները:




Լրահոս