Armenian text to speach

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև։

«Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ:

Ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ ամեն օր տասնյակ կյանքեր են փրկվում, հարյուրավոր մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը: Ու համոզված եմ, որ, հավատարիմ ձեր երդմանը, դուք այսուհետ ևս անմնացորդ նվիրումով շարունակելու եք մարդասիրական ձեր առաքելությունը՝ արժանանալով հասարակության առանձնակի հարգանքին:

Առողջապահության ոլորտը եղել ու մնում է Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի օր առաջ բարելավենք քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատակիցների աշխատանքային պայմանները, այդպիսով նաև նպաստելով մեր համաքաղաքացիներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու հնարավորությանը: Ու վստահ եմ, որ մեր համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարճ ժամանակում կունենանք բոլոր առումներով իրապես լավագույն համակարգ:

Սիրելի բուժաշխատողներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, բոլորիդ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն եմ մաղթում»:




Լրահոս