«Ոչ թալանին» նախաձեռնությունը և նրանց միացած քաղաքացիներն այս գիշեր ևս անցկացրել են Ազատության հրապարակում: Նրանք ազգային-ազատագրական երգեր են երգել:
Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը սոցցանցի իր էջի միջոցով հայտնում է, որ այս գիշեր կրկնակի անգամ շատ են եղել և գրավել են ամբողջ օպերայի աստիճանավանդակը: «Նստացույց, օր երկրորդ։ Կրկնակի անգամ շատ ենք, համեմատած նախորդ գիշերվա։ Ամբողջ օպերայի աստիճանավանդակը գրավել ենք։ Ժամը 3.10 է, բայց մենք շարունակում ենք երգել։ Տիրում է շատ բարձր տրամադրություն», – գրել է նա:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանք հունիսի 19-ից նստացույց են հայտարարել Ազատության հրապարակում: