Նախագահի նստավայրում այսօր` նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրաժեշտի արարողությունը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը:
Թուրքմենստանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ հրավերի եւ իր գլխավորած պաշտոնական պատվիրակությանը ջերմ ընդունելության արժանացնելու համար, նշելով, որ նույնպիսի հյուրընկալության են արժանացել նաեւ մի քանի օր առաջ Հայաստան ժամանած թուրքմենական պատվիրակության մյուս անդամները՝ մշակույթի եւ արվեստի գործիչները:
Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը վստահություն է հայտնել, որ այցից հետո, անկասկած, կլինեն լավ արդյունքներ եւ՛ առեւտրատնտեսական, եւ՛ մշակութային, հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ կշարունակվի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: