«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, որը «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալն է, բավականին մեծ ունեցվածքի տեր է: Պատգամավորի դրամական միջոցները 2014 թվականի վերջին, ըստ նրա հայտարարագրի, կազմել են 100 մլն դրամ, 180 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Նա անցած տարվա ընթացքում 28 մլն դրամով բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է վաճառել, ինչպես նաեւ «Volkswagen Jetta 2.8» մակնիշի ավտոմեքենա է գնել: Տեղեկացնենք, որ Վահրամ Մկրտչյանի պատգամավորական տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 711 հազար դրամ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը մինչեւ 2001 թվականը ԱԺՄ անդամ էր: Հետագայում նա եւ Սեյրան Ավագյանը (ներկայումս ՀՀ վերահսկիչ պալատի անդամ) ստեղծեցին ՀԺԱՄ կուսակցությունը: Սկզբում Ավագյանն էր այդ կուսակցության նախագահը, հետո՝ Մկրտչյանը: Ներկայումս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը նաեւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահն է, որի հովանավորը նույն Բարսեղ Բեգլարյանն է՝ Սերժ Սարգսյանի երեխաների քավորը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նրան հաջողվել այդպիսի կարողություն դիզել: Պարզվում է՝ պատգամավորն այնքան էլ գոհ չէ իր ունեցվածքից, մեզ հետ զրույցում նա հայտարարեց, թե այս ընթացքում իր կարողությունը պակասել է, անգամ ստիպված է եղել տարածք վաճառել:
-Պարո՛ն Մկրտչյան, Ձեզ ինչպե՞ս է հաջողվել նման գումարներ կուտակել, այն դեպքում, երբ Հայաստանում օր օրի սոցիալ-տնտեսական վիճակը վատանում է:
-Իսկ ով է ասում, որ երկրի վիճակը վատացել է, իսկ իմ վիճակը լավացել է: Դուք սխալ տեղեկություն ունեք: Խնդրում եմ նշեք, թե քանի տարի առաջվա մասին է խոսքը, որ իմ սոցիալական վիճակը վատ էր ու հիմա արդեն լավացել է: Կամ ինչի՞ց եք ենթադրում, որ ես հարստացել եմ կամ ես որեւէ խնդիր չունեմ: Դուք սխալ հայտարարություններ եք անում, իրականում նման բան չկա:
-Պատգամավորական մանդատ ստանալուց հետո Ձեր սոցիալական վիճակը ավելի չի լավացե՞լ, որեւէ փոփոխություն չկա՞, Դուք միշտ նույն կարգավիճակո՞ւմ եք եղել:
-Պատգամավորական մանդատը ամենեւին կապ չունի, ավելին՝ ֆինանսական միջոցներս պակասել են: Ես այժմ գործարարությամբ չեմ զբաղվում, ինչի համար էլ նույնիսկ իմ եկամուտները պակասել են:
-Այսինքն՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ դառնալը եկամուտների առումով Ձեզ վրա վատ ազդեցությո՞ւն է ունեցել, փոշմանե՞լ եք, որ պատգամավոր եք դարձել:
-Ամենեւին, նույնիսկ շատ լավ է, որովհետեւ քաղաքական կարիերա եմ արել, պատգամավոր եմ դարձել ու մասնակցել եմ երկրի համար կարեւորագույն քննարկմանը: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ հայտարարագրում մի ինչ-որ գումար եք տեսել ու դրա մասին բարձրաձայնել եք, ապա ասեմ, որ ես տարածք եմ վաճառել:
-Իսկ որտեղի՞ց Ձեզ նման թանկարժեք տարածք:
-Տարածքը որտեղիցա լինում, տարածքը ժամանակին գնել եմ, հետո վաճառել եմ, ինչպես են սովորական մարդիկ նման բաներ անում: Եթե ես պատգամավոր եմ, իրավունք չունե՞մ տարածք վաճառել կամ գնել: Եթե այսօր ուսումնասիրեք յուրաքանչյուր մարդու կյանքը, ապա կտեսնեք, որ մարդիկ ե՛ւ տարածքներ են գնում, ե՛ւ վաճառում են:
-Նաեւ մեքենա եք ձեռք բերել:
-Վաճառած տարածքից մի հատ էլ մեքենա եմ ձեռք բերել, որովհետեւ մեքենա չունեի, ի՞նչ է, ուզում եք պատգամավորը մեքենա չունենա՞: Իմ եկամուտների հայտարարագիրը ես երկու անգամ լրացրել եմ՝ մեկ պաշտոնի ստանձման ժամանակ, մեկ այս ընթացքում, ու կտեսնեք, թե հաջորդ տարի ինչ է ավելացել կամ պակասել, այնտեղ ամեն ինչ գրված է: Եթե ինչ-որ հակասություններ եք ուզում գտնել, ապա այդտեղ որեւէ հակասություն չկա: Պարոն Բարսեղ Բեգլարյանն էլ իմ եկամուտների հետ որեւէ առնչություն չունի, իմ եկամուտներն իմ եկամուտներն են:
Հ. Գ. Ի դեպ, երեկ՝ հարցազրույցից հետո, Վահրամ Մկրտչյանը փորձում էր պարզել, թե ում պատվերով ենք իր եկամուտների հայտարարագիրը տպել: ՀՀԿ-ական պատգամավորը կարծես թե արդեն յուրացրել է իշխող ուժի կարկառուն դեմքերին բնորոշ վարքագիծը` իր մասին հրապարակումները որակելով պատվեր:
ԵԽԽՎ-Ն ԴԵՌԵՎՍ ԿՔՎԵԱՐԿԻ ՄԻԵԴ ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում երաշխավորել է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին:
Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում առաջադրվել էին Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանն ու Լիանա Հակոբյանը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի հաղորդագրության համաձայն՝ քվեարկության արդյունքում Արմեն Հարությունյանը Լիանա Հակոբյանի նկատմամբ փոքր առավելության է հասել: Նշենք, որ Եվրադատարանում Հայաստանի դատավորը վերջնականապես ընտրվելու է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ հունիսի 22-26-ին տեղի ունենալիք նստաշրջանի քվեարկությամբ:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ է: Պատգամավորից փորձել ենք պարզել, թե ինչպես է գնահատում ընտրության արդյունքները:
-Իրականում հանձնաժողովի ընտրությունը տեղի է ունենում գաղտնի քվեարկության միջոցով ու հանձնաժողովի կողմից երաշխավորվող թեկնածուն եւս գաղտնի քվեարկության արդյունք է: Որպես հանձնաժողովի անդամ՝ ես իրավունք չունեմ շատ մանրամասներ բարձրաձայնել, բայց կարող եմ ասել, որ հանձնաժողովը շուրջ կես ժամ տեւող հարցազրույցներ է իրականացնում թեկնածուներից յուրաքանչյուրի հետ: Ու դրա արդյունքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ներկայացնում է իր տեսակետը, իսկ վերջում տեղի է ունենում քվեարկություն: Դրա արդյունքներով էլ որոշվում է, թե հանձնաժողովի՝ տվյալ պահին ներկա մեծամասնությամբ ում է երաշխավորում հանձնաժողովը որպես դատավորի թեկնածու: Երաշխավորությունը ԵԽԽՎ-ի համար է, ու ամառային նստաշրջանում ներկայացվելու են երեք թեկնածուները, իսկ հանձնաժողովն էլ ասում է, թե ում է նախընտրում ու, ի վերջո, վեհաժողովի քվեարկությամբ որոշվում է, թե ով կդառնա ՄԻԵԴ դատավոր:
-Ըստ Ձեզ՝ Արմեն Հարությունյանը ներկայացվածներից ամենաարժանավո՞ր թեկնածուն էր:
-Ես կոռեկտ չեմ համարում իմ կողմից ինչ-որ մեկի գիտելիքները համեմատելը, առավել արժանի լինելը գնահատելը: Ես կարող եմ ընդհանուր ասել, որ մեր բոլոր թեկնածուներն էլ պատշաճ կերպով ներկայացրել են թե՛ իրենց եւ թե՛ երկիրը:
-Նշվում է, որ Արմեն Հարությունյանի ընտրությունը ՀՀ-ի որոշումն էր:
-Նման որոշման մասին խոսք լինել չի կարող, հանձնաժողովին ուղղակի ներկայացվել է, թե ովքեր ինչքան միավոր են ստացել, որեւէ նախընտրության մասին խոսք լինել չի կարող: Եթե անգամ նախընտրություն էլ լիներ, դա չէր կարող որեւէ նշանակություն ունենալ, որովհետեւ մեր հանձնաժողովի անդամների տեսակետը ձեւավորվում է միայն տեղի ունեցած հարցազրույցների արդյունքում:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԻՆՉՊԵՍ ԿՃԱՆԱՊԱՐՀԵՆ ՀԵՐՈՍԻՆ
Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում «Հայաստանի ազգային հերոսի» կոչում մինչ օրս շնորհվել է 15 հոգու, որոնցից 9-ին այն շնորհվել է հետմահու: Ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը, որը երեկ 98 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց, այն եզակի գործիչներից է, որը կենդանության օրոք է «Ազգային հերոս» կոչմանն արժանացել: Ուստի Քըրքորյանը Հայաստանի համար զուտ հանրահայտ հայրենակից կամ մեծ բարերար չէ: Քըրքորյանի օրինակով Հայաստանը պետք է նաեւ ցույց տա, թե ինչպես է հրաժեշտ տալիս իր Հերոսներին: Ի դեպ, երեկվա դրությամբ իշխանությունները դեռ չէին որոշել ինչպես վարվել:
ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԵՐԲԵՔ
ՀՀ Կառավարության վաղվա նիստում ընդգրկված մի քանի հարցեր վերաբերում են արտակարգ իրավիճակների հետեւանքով տուժած անձանց կրած նյութական վնասների փոխհատուցման, նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու կարգերին: Կառավարությունը պատրաստվում է համապատասխան որոշումներով սահմանել անհրաժեշտ կարգերը: Մասնավորապես, սահմանվելու է նաեւ արտակարգ իրավիճակի ժամանակ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը: Այն, որ ՀՀ Կառավարությունը նման կարգերը վաղուց պետք է սահմանած լիներ, օրենսդրության պահանջ է: Սակայն ակնհայտ է, որ մինչեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 13-14-ին տեղի ունեցած ջրհեղեղի դեպքերը, ՀՀ Կառավարությունում այդ իրավական ակտերի անհրաժեշտությունն այդքան էլ չեն կարեւորել: Բայց հարեւան երկրում տեղի ունեցած ողբերգությունից հետո հասկացել են, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, եւ որոշել են արագ այդ խնդիրը լուծել: Լավ կլինի, որ դժբախտություններ չլինեն, բայց լինելուց էլ պետությունը պետք է պատրաստ լինի դրանց դիմակայել:
ԱԱԾ-Ի ԳՈՒՅՔԸ ԿՕՏԱՐԵՆ
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Վազգեն Ալոյանը եւ խնդրել իրեն օտարել Արարատի մարզի Նորամարգ համայնքի Ազատության փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գույքը: Իսկ տվյալ դեպքում խոսքը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը պատկանող գույքի մասին է, որը դեռեւս 2012թ. հոկտեմբերի 10-ի մրցույթով ներկայացվել է օտարման, սակայն, ըստ պաշտոնական փաստաթղթերի, հայտեր չլինելու պատճառով այն չի կայացել: Նշենք, որ այդ գույքի պահպանությունն իրականացվում է պայմանագրային զինծառայողների կողմից: Խոսքը 2667,1 մետր քառակուսի շենք-շինությունների եւ 4,12 հեկտար հողատարածքի մասին է: ՀՀ Կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված նախագծի համաձայն՝ նշված գույքի օտարման գինը սահմանվել է 26 միլիոն դրամ: Տեղեկացնենք, որ վերը նշված գույքը ժամանակին պատկանել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, իսկ 1993 թվականից այն հանձնվել է ՀՀ ԱԱԾ-ին: