ՍԱ ՈՉ ԹԵ ՎԵՐՋՆ Է, ԱՅԼ ԲՈՒՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՍԿԻԶԲԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր պետք է հաստատի սպառողին մատակարարվող էլէներգիայի նոր` բարձրացված սակագները եւ փորձի այսքանով ամփոփել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուրջ վերջին մեկ ամսում ծավալված քննարկումները: Սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Վերջին մեկամսյա քննարկումները ցույց տվեցին, որ ոլորտը վերջին առնվազն 10 տարիներին կատարյալ անտերության է մատնված եղել, եւ այդտեղ միայն մի սկզբունք է գործել` ալան-թալան:

Այսպիսով, ինչ պարզվեց այս քննարկումների ընթացքում. ՀԷՑ-ում տիրող ալան-թալանի արդյունքում այդ ընկերությունը կուտակել է 107 միլիարդ դրամի, կամ նույն է թե՝ 220 միլիոն դոլարի պարտքեր: Այդ պարտքերը ընկերության ակտիվներից շատ ավելին են, այսինքն՝ բավական է պարտատերերը պահանջեն իրենց գումարները, եւ ՀԷՑ-ը պետք է սնանկ ճանաչվի:
Պարզվեց նաեւ, որ ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, կամ այլ կերպ ասած՝ ռուսական կողմը, չի ցանկանում ինքը փոխհատուցել իր կողմից նշանակված ՀԷՑ տնօրինության խայտառակ գործունեության համար: ՀԷՑ-ի հետ կապված պատմության մեջ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի դիրքորոշումն առաջին հայացքից անհասկանալի է, քանի որ ՀԷՑ-ի կրած վնասների արդյունքում սեփականատիրոջ շահաբաժինները պակասել են: Ասել է թե՝ ՀԷՑ-ից գումարների անհետացումը նույն է, թե ինչ-որ մեկը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ից է գողացել: Սակայն ռուսական կողմին այդ հանգամանքը կարծես թե չի հետաքրքրում, կարելի է կարծել, որ նրանց շատ լավ հայտնի է, թե ուր են գնացել ՀԷՑ-ի գումարները:
Պարզվեց նաեւ, որ էլէներգիայի սակագնի բարձրացումը թույլ չտալու համար ՀՀ Կառավարությունը պետք է փոխհատուցի ՀԷՑ-ի պարտքերից 24 միլիարդ դրամը, քանի որ համարում են, որ այդ գումարը գոյացել է «Հայաստանի ատոմային կայանի» 2013 թվականի վերալիցքավորման ժամանակ նախատեսվածից ավելի երկար կանգնելու արդյունքում: Իսկ ՀԷՑ-ի մնացած պարտքի ճակատագիրը մնում է անորոշ: Այսինքն՝ եթե մեկ տարի հետո, երբ այդ 24 միլիարդ դրամն արդեն մարված կլինի, ասենք՝ տեսականորեն, ՀԾԿ հանձնաժողովը որոշի վերադառնալ այս պահին գործող սակագներին, ապա անհասկանալի է, թե ՀԷՑ-ը ինչպես է մարելու մնացած մոտ 80 մլրդ դրամի պարտքերը:
Այսպիսով, ակնհայտ դարձավ նաեւ, որ ՀԷՑ-ի տնօրինությունը լիարժեք ազատ է իր գործողություններում, եւ, ասենք, մեկ տարի անց, կարող է պարզվել, որ ընկերության պարտքերը, ոչ միայն չեն պակասել, այլ նաեւ ավելացել են, իսկ սակագնի բարձրացումն էլ իզուր էր, քանի որ ընդամենը ավելի շատ գումար թալանելու հնարավորություն է տվել: ՀՀ պատկան մարմիններից եւ պաշտոնյաներից ոչ մեկը մինչ օրս չի հայտարարել, որ ինքը պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ ՀԷՑ-ին թույլ չտա շարունակել Հայաստանի սպառողներին թալանել:
Իսկ ընդամենը երեկ հայտնի դարձավ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ՀԷՑ-ից վաղաժամ հետ է պահանջում 45 միլիոն դոլարի վարկը, որը ընկերությանը տրամադրվել է դեռեւս 2009 թվականին: ՎԶԵԲ-ը դիմել է միջազգային արբիտրաժ եւ եթե հաջողության հասնի, ապա ՀԷՑ-ը կարող է սնանկ ճանաչվել, կամ էլ ընկերությունը ստիպված պետք է լինի մեկ ուրիշ տեղից այդ գումարը հայթայթել, ինչն այս դեպքում գրեթե անհնար է: Մի խոսքով, մինչեւ ՀՀ Կառավարությունը փորձում է արհեստական միջոցներով վերակենդանացնել ՀԷՑ-ին, այս ընկերության գործընկերներն, ի դեմս ՎԶԵԲ-ի, սկսում են նրա «հուղարկավորության» արարողությունը:
Իշխանությունների բոլոր ներկայացուցիչները, այդ թվում նաեւ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը, էլէներգիայի սակագնի բարձրացում թույլ չտալու համար հիմնականում մեկ պայման էին առաջ քաշում, ասում էին՝ որտեղից վերցնենք 24 միլիարդ դրամ եւ տանք ՀԷՑ-ին: Մյուս կողմից՝ այլեւս ակնհայտ է, որ ՀԷՑ-ը համաձայն չէ ՀԾԿ հանձնաժողովի առաջարկած տարբերակին, ըստ որի, էլէներգիան 6,93 դրամով պետք է թանկանա, եւ 1 կՎտ/ժ-ը դառնա 48,78 դրամ, գործող 41,85-ի փոխարեն: Այդ մասին է վկայում ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գաղտնի նամակը՝ հասցեագրված ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին (տես մեր թերթի այսօրվա համարի 4-րդ էջը):
Այսինքն՝ այսօր արդեն կարող ենք ասել, որ ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են կանգնած: Նրանք կա՛մ պետք է կապիտուլացիա հայտարարեն եւ անեն այն ամենը, ինչը ՀԷՑ-ն է պահանջում, կա՛մ էլ պիտի սկսեն այդ ընկերության սնանկության գործընթացը: Այլ տարբերակ գոյություն չունի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ՓԵՍԱՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս աղմկահարույց դեպք է գրանցվել Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՈՒՀ-ի պետական ավարտական քննությունները անցել են առանց հանձնաժողովների նախագահների մասնակցության: Քննությունների արդյուքները բողոքարկող ուսանողները փաստել են, որ տեղի է ունեցել կոպիտ խախտում: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, բացակայած նախագահները հետին թվով ստորագրել են «վեդոմոստները»՝ փաստացի թույլ տալով կեղծիք: Բացակայածներից մեկը եղել Գյումրու քաղաքապետարանի աշխատակից, իսկ մյուսը Երեւանից պետք է ժամաներ: Երեւանցի հյուրը, պարզվում է, պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի փեսան է: Ուսանողները հայտարարել են, որ գնալու են մինչեւ վերջ: Սա նշանակում է, որ Հովհաննես Թոքմաջյանը, իր շուրջ ծավալված աղմկոտ պատմությունները դեռ չավարտված, կարող է նոր գլխացավ ունենալ, այս անգամ արդեն փեսայի պատճառով:

 

ՍԽԱ՞Լ ԵՆ
Ինչպես հայտնի է՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը խնամիներ են: Ուստի երեկ «Ժողովուդ»-ը փորձեց Ստեփան Դեմիրճյանից պարզել նրա կարծիքը խնամու` Հայաստանում ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու լուրերի առնչությամբ: Դեմիրճյանը հայտարարեց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում: Դիտարկմանը, թե հնարավոր է, որ Արա Աբրահամյանը որոշել է ՀԺԿ-ի միջոցով քաղաքական դաշտում գործունեություն ծավալել, Դեմիրճյանը պատասխանեց՝ նման բան չկա, դրանք սուտ տեղեկություններ են՝ առաջարկելով բոլոր հարցերն ուղղել Արա Աբրահամյանին:

 

ԴԱՏԱՐԿ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Երեկ խորհրդարանում շարունակվեց արտահերթ նստաշրջանի երկրորդ օրը, որն անցավ դատարկ դահլիճով: Պատգամավորները ներկայացան խորհրդարան ժամը 11.00-ին, երեք քննարկված նախագծերի քվեարկությունից 10 րոպե հետո բոլորը լքեցին խորհրդարանի դահլիճը` իրենց աշխատանքը համարելով ավարտված: Երեկ ողջ օրվա ընթացքում մատների վրա կարելի էր հաշվել այն պատգամավորներին, որոնք խորհրդարանի դահլիճում էին ու մասնակցում էին ՀՀ Կառավարության ներկայացրած նախագծերի քննարկումներին: Իսկ պատգամավորների իշխանական մեծամասնությանը ոչ էլ հետաքրքրում է, թե ինչ հարցեր են քննարկվում, նրանք միայն իրենց պարտքն էին համարում մասնակցել քվեարկությանը: Հիշեցնենք, որ նախօրեին ոչ իշխանական պատգամավորները բողոքել էին, որ արտահերթ նիստով ներկայացրած նախագծերի մեծ մասին իրենք չեն հասցրել ծանոթանալ, բայց դրանք ներկայացվում են քննարկման եւ քվեարկության են դրվում:

 

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԷԼԻ ՎԱՐԿ ՎԵՐՑՐԻՆ
Հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են «2014թ. համար «ՀՀ Կառավարության եւ ԳԴՀ միջեւ ֆինանսական համագործակցության մասին» hամաձայնագիրը: Այն հնարավորություն է տալիս վերականգնման վարկերի բանկից ստանալ 205 մլն եվրո արտոնյալ վարկավորում եւ 4,815,869.84 մլն եվրո դրամաշնորհ: Դրամաշնորհը նախատեսվում է «Բնակտարածքի ֆինանսավորում. 4-րդ փուլ», «Էներգիայի արդյունավետ օգտագործման ծրագիր միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններում/ՄՓՄՁ», «Դպրոցների էներգասպառման արդյունավետությունը բարձրացնող վերանորոգում», «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում. 2-րդ փուլ» եւ «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր. 2-րդ փուլ» ծրագրերի իրականացման եւ համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար:

 

ՉԻ ԲԱՑԱՌԵԼ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նորանշանակ տեղակալ Մովսես Հակոբյանը, պատասխանելով yerkir.am-ի հարցին, ասել է, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ իր աշխատանքը նորմալ է պատկերացնում եւ չի կարող ասել` արդյոք հետագայում կփոխարինի Խաչատուրովին. «Մենք զինվորական ենք, մենք չենք կարող նախապես ասել, թե որտեղ պետք է մեր ծառայությունն իրականացնենք: Ես չեմ կարող ասել` հնարավոր է, թե ոչ»:

 

ՄԵԾԱՐԵԼ Է
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մեծ շուքով դիմավորել է Եվրոպական խաղերի Հայաստանի առաջին մեդալակիր Միհրան Հարությունյանին եւ ըմբշամարտի հավաքականի պատվիրակությանը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, դիմելով մարզիկներին, ասել է. «Շնորհակալություն ձեզ այս հաղթանակի համար: Դուք արդեն հերոսներ էիք, երբ որոշեցիք մասնակցել այդ խաղերին»:

 

ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում հիմնադրամներին փոխանցված գումարները մինչեւ հուլիսի 1-ը կվերադարձվեն այն քաղաքացիներին, որոնք դիմել էին համակարգում չներառվելու համար:

 

ՕՐԱԿԱՐԳՆ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում շատ բաներ կախված են երկու երկրների ղեկավարներից ու նրանց քաղաքական կամքից: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն էլ նշել է, որ իրենք աշխատում են մոտալուտ հանդիպման օրակարգի վրա: «Մենք նաեւ պատրաստվում ենք այցելել տարածաշրջան այս կամ հաջորդ ամսին, որ քննարկենք մանրամասները»,- ասել է Պոպովը:

 

ԿՏԵՂԱՓՈԽԵՆ
Անժամկետ հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի եւ Վարդան Վարդանյանի դիմումները՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովին, բավարարվել են: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Armlur.am-ին հայտնել է, որ 8 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալները պատիժը կկրեն կիսափակ ռեժիմով՝ խցային պայմաններում: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը հայտարարել էր, թե իր կյանքին վտանգ է սպառնում, եւ պահանջել էր իրեն տեղափոխել առանձին խուց: Նրա հացադուլին էր միացել նաեւ Վարդան Վարդանյանը:

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին եւ վարչապետ Դեյվիդ Քեմերոնին: Նա բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին եւ բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ:




Լրահոս