«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գաղտնի նամակը՝ հասցեագրված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Բիբինն այս «գաղտնի» նամակով ՀԾԿ հանձնաժողովին պաշտոնապես իրազեկել է այն մաիսն, որ սպառողին մատակարարվող էլէներգիայի՝ 6,93 դրամով թանկացումը իրենց համար բավարար չէ: Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակը՝ ամբողջությամբ.
«Ներկայացված հայտով Ընկերությունը («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) խնդիր է հետապնդում լուծել ոչ միայն իր կողմից կատարած փաստացի ծախսերի փոխհատուցման խնդիրը, այլ նաեւ էլէկտրաէներգետիկ համակարգում առկա հիմնախնդիրները, որը կհանգեցնի էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը: Սակայն, ուսումնասիրելով Հանձնաժողովի (ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի) պաշտոնական կայքում տեղադրված Հանձնաժողովի հունիսի 17-ի նիստի օրակարգի 4-րդ կետում ամրագրված` ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի թիվ 233Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը եւ հավելվածները, կարող ենք փաստել, որ առկա խնդիրների լուծմանը համակարգային մոտեցում չի ցուցաբերվել: Ավելին՝ նույնիսկ փաստացի իրականացված ծախսերի հիմնավորումներն ու կատարման անհրաժեշտությունը դրվել են կասկածի տակ, որի հետեւանքով դրանց որոշ մասը չեն ներառվել սակագնի հաշվարկում:
Անդրադառնանք դրանցից առավել խոշորներին.
1. Ընկերությունը բազմիցս բարձրաձայնել է, որ պլանավորված էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի խախտման հետեւանքով 2012 թվականից ի վեր կրել է մոտ 37.7 մլրդ. դրամի վնաս: Առաջացած ֆինանսական ճեղքվածքը լրացնելու, արտադրող կայանների նկատմամբ պարտքերը մարելու, ինչպես նաեւ լիցենզիայով ամրագրված պարտականությունները պատշաճ կերպով կատարելու նպատակով Ընկերությունը ստիպված է եղել ներգրավել վարկային միջոցներ, որոնց տոկոսագումարների գծով հավելյալ ծախսը կազմել է շուրջ 8 մլրդ. դրամ: Նշված տոկոսագումարի փոխհատուցման համար Ընկերությունը նույնպես հայտով դիմել էր Հանձնաժողովին, սակայն Հանձնաժողովի աշխատակազմն իր կողմից կատարած հաշվարկներով լուծեց միայն արագացված ամորտիզացիայի եւ փոխհատուցման ենթակա մայր գումարի ամբողջական վերադարձման հարցը, բայց տոկոսագումարների հետեւանքով Ընկերության կրած վնասների հատուցման պահանջը մնաց անհետեւանք:
2. Ընկերությունը, համաձայն սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի 7-րդ կետի, անհուսալի դեբիտորական պարտքի չափը ներկայացված հայտում հաշվարկել էր առաքված էլեկտրաէներգիայի արժեքի 2 տոկոսին հավասար, որը կազմում էր 4.9 մլրդ. դրամ: Սակայն Հանձնաժողովի աշխատակազմը հաշվարկում ներառել է առաքված էլեկտրաէներգիայի արժեքի 1 տոկոսի չափով, որը կազմում է մոտ 2 մլրդ. դրամ, չնայած այն փաստին, որ անհուսալի դեբիտորական պարտքի կառուցվածքում ընդգրկված են ոչ միայն թույլատրելի անհուսալի դեբիտորական պարտքերը, որոնք եւ հաշվի են առնվել գործող սակագնային մարժայի հաշվարկում 1 տոկոսի չափով, այլ նաեւ «Նաիրիտ գործարան» եւ «Վանաձոր-Քիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած պարտքերը, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 2.5 մլրդ. դրամ: Նշված կազմակերպությունները ներկա դրությամբ շարունակում են էլէկտրաէներգիայի սպառումը եւ, ցավոք, չեն մարում առաջացող ընթացիկ պարտավորությունները, ավելին՝ անգամ որեւիցէ ձեւաչափով չեն բանակցում Ընկերության հետ պարտքերի մարման ուղղությամբ: Իսկ Ընկերությունը, գիտակցելով վերոհիշյալ ընկերությունների հոսանքազրկման հետեւանքով հնարավոր բնապահպանական աղետի առաջացման վտանգը, շարունակում է վարկային միջոցների հաշվին ֆինանսավորել անհրաժեշտ քանակությամբ էլեկտրական էներգիայի անխափան մատակարարումը:
3. Ընկերությունը նախկինում բազմիցս դիմել է Հանձնաժողովին` բարձրաձայնելով, որ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից նախորդ տարի բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծության որոշման նպատակով իրականացված հաշվարկների արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, ինչն արձանագրվել է նաեւ անկախ փորձագետի եզրակացությամբ, որում մասնավորապես նշվում է, որ նշված մեթոդիկան ունի լուրջ թերություններ, իսկ ինստիտուտի կողմից իրականացված հաշվարկը չի համապատասխանում մեթոդիկային: Չնայած թվարկված փաստերին՝ Հանձնաժողովի աշխատակազմը բավարար հիմնավորման եւ պարզաբանման բացակայության պայմաններում շարունակում է սակագնի հաշվարկում կորուստների մեծությունը 12.4 տոկոսի փոխարեն սահմանել 11.2 տոկոսի չափով` բաշխիչ ցանց մուտք գործող էլեկտրաէներգիայի քանակի նկատմամբ, որի արդյունքում Ընկերության ծախքերում չեն ներառվել 1.8 մլրդ դրամի չափով հավելյալ ծախսեր:
Բացի վերը նշված խնդիրներից՝ ցանկանում եմ ընդգծել Ձեր նախագահությամբ Հանձնաժողովի աշխատակազմի կողմից մեր Ընկերության հայտի քննարկման ժամանակ ցուցաբերված գործողությունների մի շարք անհամապատասխանությունների մասին:
1. Նյութական ծախսումներ բաժնում ներառված նյութերի անվանացանկից Հանձնաժողովի աշխատակազմի կողմից հանվել են նյութեր, որոնց պատճառաբանությունը կայանում է նրանում, որ դրանք պետք է ներառվեն Ընկերության կապիտալացման ենթակա նյութերի կազմում, որի հետ Ընկերությունը համաձայն չէ: Ինչպես նաեւ կիրառվել է մոտեցում, համաձայն որի՝ առավել նպատակահարմար է ձեռք բերել նոր սարքավորումներ, որոնք պետք է նախատեսել Ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում, քան ընթացիկ բնույթի ծախսումներով վերանորոգել խափանվածները, ինչպես նախատեսված է գոյություն ունեցող ցանցերի շահագործումը կանոնակարգող տեխնիկական գրականությունում եւ կանոններում: Եվ քանի որ Հանձնաժողովի կողմից սահմանված չեն նյութական եւ նորոգման ծախսումները որպես ընթացիկ եւ կապիտալացման ենթակա ծախսերին դասելու եւ տարանջատելու հստակ չափորոշիչներ, այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջանում վերջիններիս ֆինանսավորման աղբյուրների որոշման ժամանակ: Տեղեկացնենք նաեւ, որ Ընկերության ներդրումային ծրագիրը խիստ սահմանափակ է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ինչ վերաբերում է նյութերի գներին, ապա Ընկերությունը, ի լրումն ներկայացված սակագնային հայտի հիմնավորումների, իր 02.06.15թ. թիվ 04-ԵԲ05/1965 գրությամբ ներկայացրել է նաեւ լրացուցիչ հիմնավորումներ, որոնք սակայն իրենց արտացոլումը չեն գտել արդեն կատարված եւ հրապարակված հաշվարկներում:
2. Էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառքի սարքերի նախնական ստուգաչափման պահանջների ապահովման նպատակով, ինչպես նաեւ, ելնելով Հանձնաժողովի կողմից ԷՄՕԿ-ի 64-րդ կետի 4-րդ ենթակետում կատարված փոփոխությունների պահանջներից՝ ի հայտ են եկել լրացուցիչ գործառույթներ, եւ Ընկերությունը նախատեսել է իրականացնել լաբորատորիաների տեխնիկական վերազինման աշխատանքներ, որի արդյունքում կպահանջվի լրացուցիչ անձնակազմ` 37 հավելյալ աշխատակից: Նշված խնդրի լուծման նպատակով Ընկերության կողմից Հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացվել մանրամասն հաշվարկ-հիմնավորում, ինչը սակայն անտեսվել է աշխատավարձի մասով հրապարակված հաշվարկներում:
Նույնատիպ խնդիր առկա է նաեւ Ընկերությանն իրավաբանական ծառայություն մատուցող կազմակերպության ծախսի նախատեսման հարցում, որի տրամաբանությունը հասկանալի չէ, քանի որ Հանձնաժողովի աշխատակազմի կողմից նշված ծախսը նախորդ տարիների ընթացքում նախատեսվել էր առնվազն փաստացի վճարված գումարի կեսի չափով, իսկ այս անգամ սակագնի հաշվարկում ընդհանրապես չի ներառվել: Կարելի է ենթադրել, թե մոտ 8 հազար աշխատակից ունեցող Ընկերությունը կարող է գործունեություն իրականացնել առանց իրավաբանական ծառայության:
Ընկերության համար հասկանալի չէ նաեւ միջին ամսական աշխատավարձի` 200 հազ. դրամ, սահմանված մեծության չափը, քանի որ սակագնի հայտի հաշվարկում ներառվել է ՀՀ վիճակագրական ազգային ծառայության կողմից հրապարակված էներգետիկ համակարգում արձանագրված միջին ամսական աշխատավարձի մեծությանը հավասար` 240 հազ. դրամի չափով: Ներկա պահին Ընկերությունում արձանագրված միջին աշխատավարձի մեծությունը խոչընդոտում է բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը եւ խթանում է առավել բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքին:
3. Ընկերությունը 2014 թվականի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում սեփական ուժերով, ծախսերի օպտիմալացման նպատակով, կատարել է մոտ 300 մլն. դրամի նորոգման աշխատանքներ, որոնք Հանձնաժողովի աշխատակազմը դիտարկել է որպես ընթացիկ բնույթի աշխատանքներ, որոնք փաստացի կատարված ներդրումների հաշվետվության մեջ Ընկերության կողմից առանձնացվել եւ ներկայացվել էին Հանձնաժողով հետագայում սակագնային մարժայի հաշվարկում ընգրկելու նպատակով: Սակայն Հանձնաժողովի աշխատակազմի կողմից դրանք ընդհանրապես չդիտարկվեցին: Ստացվում է, որ Ընկերությունը իրականացնում է ծախսեր, որոնք բխում են լիցենզիայով նրա վրա դրված պարտականություններից, իսկ իրականացված ծախսերի որոշ մասն իր արտացոլումը չի գտնում Ընկերության կողմից կատարված ո՛չ կապիտալ, ո՛չ էլ ընթացիկ ծախսերում:
4. Տրանսպորտային միջոցների վառելիքի եւ սպասարկման ծախսերի հաշվարկման հիմքում Հանձնաժողովի աշխատակազմի կողմից կիրառվել է նորմավորման մոտեցում, որը կիրառվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող հիմնարկների նկատմամբ: Նշված մոտեցումը մեր կարծիքով Ընկերության նկատմամբ որեւէ առնչություն ունենալ չի կարող, քանի որ Ընկերությունը ՀՀ ողջ տարածքում, տարբեր բնակլիմայական պայմաններում, իրականացնում է վթարա-վերականգնողական եւ նեղ մասնագիտացված այլ աշխատանքներ: Կարծում ենք` որեւէ նորմավորման մոտեցում իրատեսական չէ, եթե այն կիրառելիս հաշվի չի առնվում տրանսպորտային միջոցների պարկի մաշվածության աստիճանը, որը մեր դեպքում բավականին բարձր է:
5. Վարչական եւ տնտեսական վարձակալության գծով ծախսերից Հանձնաժողովի աշխատակազմի կողմից հանվել են իրավական ուժ ունեցող վարձակալական պայմանագրերով ամրագրված ծախսումներ, որոնք Ընկերության մասնաճյուղերում իրացման տեղամասերի կամ այլ տեխնոլոգիական կարիքների համար վարձակալված տարածքներ են` միտված Ընկերության բնականոն գործունեության ապահովմանը: Սակայն Հանձնաժողովի աշխատակազմը պատճառաբանում է, որ նշված ծախսերի հիմնավորման համար ներկայացված պայմանագրերում նշված չէ վարձակալման նպատակը: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր նմանատիպ պայմանագրի համար Ընկերությունը, ի լրումն ներկայացված սակագնային հայտի հիմնավորումների, իր 02.06.15թ. թիվ 04-ԵԲ05/1965 գրությամբ ներկայացրել է նաեւ լրացուցիչ հիմնավորումներ եւ պարզաբանումներ` մանրակրկիտ բնութագրելով նշված տարածքների վարձակալության նպատակը:
Վերոհիշյալ ծախսերից նվազեցումներ կատարվել են նաեւ այն պատճառաբանությամբ, որ Ընկերությունը շարունակել է իր վարձակալական պայմանագրերի գործունեությունը` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624 հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը վարձատուի առարկությունների բացակայության դեպքում շարունակում է օգտվել գույքից, եւ պայմանագիրը ճանաչվում է նույն պայմաններով եւ անորոշ ժամկետով վերսկսված (հոդված 612): Ներկայացվել են նաեւ տվյալ գույքերի համար փաստացի կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը, որոնք անգամ բավարար հիմք չհանդիսացան Հանձնաժողովի անձնակազմի կողմից նմանատիպ պայմանագրերը գործող համարվելու: Նմանատիպ խնդիրներ առկա են նաեւ այլ ծախսային հոդվածներում, որոնցից Ընկերության համար առավել կարեւոր են կապի, մարքեթինգի եւ գովազդի ծախսերը:
Նշված որոշման նախագիծը հաստատվելու դեպքում Ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին եւ հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաեւ՝ ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը:
Վերը նշվածի առնչությամբ սակագների հաստատումից հետո Ընկերությունը կդիմի Հանձնաժողովին ստեղծված իրավիճակում լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով:
Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ նման մոտեցման դեպքում, երբ սակագնում անտեսվում է տնտեսապես հիմնավորված ծախսերի գերակշիռ մասը, Ընկերությունը հորդորում է Հանձնաժողովին ուշադրություն դարձնել կայացված որոշման կարեւորությանը եւ դրանից բխող պատասխանատվությանը, քանի որ այս պարագայում Ընկերությունը հայտնում է իր պարտականությունների` անհրաժեշտ ծավալով կատարման անհնարինության մասին: