Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արման Ծատուրյանն ընտրվել է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում: Ի դեպ, Ծատուրյանը նաեւ համերգային կազմակերպչական գործունեությամբ է զբաղվում: Նրա մասին արվեստի ասպարեզում քչերը գիտեն, սակայն նրա անունը հանրությունը հասցրել է կապել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ. ըստ շրջանառվող խոսակցությունների` հենց վերջինս է կանգնած նորանշանակ տնօրենի թիկունքին: Հիշեցնենք նաեւ, որ Արման Ծատուրյանի անունը կապվում էր նախորդ տարի հայտարարված Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հետ:
Ա. Ծատուրյանն իր նոր պաշտոնը ստանձնելուն պես հայտնվեց արվեստաբանների ուշադրության կենտրոնում: Վերջիններս մեծ մասամբ ընդգծեցին, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենը պետք է կերպարվեստի ոլորտի մարդ լինի, հարուստ փորձով, միջազգային համբավով, երկար ուղի անցած գիտակ մեկը, որպեսզի կարողանա գլուխ հանել այդ կառույցի առջեւ ծառացած խնդիրներից եւ դրանց լուծում տալ, իսկ պատահական մարդու հայտնվելն այդ պաշտոնում վատ հետեւանքներ կարող է ունենալ:
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ արվեստի ոլորտում տիրող ընդհանուր մթնոլորտից է կախված, թե ով ինչպես կաշխատի: «Մենք սովորել ենք շատ տեղերում տեսնել վատ արդյունք, ուստի վստահությունը կորել է: Ես ծանոթ չեմ նորանշանակ տնօրենի հնարավորություններին, ամեն դեպքում նա երիտասարդ է, թող 2-3 տարի աշխատի, եթե լավ կաշխատի, թող մնա, եթե ոչ, թող փոխեն… Միայն կասեմ, որ մինչ օրս պատկերասրահի լավագույն տնօրենը համարվել է Ռուբեն Դրամբյանը, նրանից հետո եկած ամեն տնօրեն պետք է աշխատի պահպանել նրա փոխանցած ավանդույթները, նրա պես նվիրված լինի մեր մշակույթին»:
Նկարիչը մատնանշեց մի քանի խնդիր, որոնք ենթակա են լուծման, եւ որոնց նորանշանակ տնօրենը պետք է ուշադրություն դարձնի. «Ես գիտեմ, որ վերջին տարիներին պատկերասրահը գրեթե չի համալրվել ժամանակակից մշակույթի գործերով: Սա պետական մտածողության հարց է: Խորհրդային կարգերի փլուզումից հետո պատկերասրահը ձեռքբերումներ գրեթե չի ունեցել, բայց պետք է հաշվի առնել, որ այն զարգացող օրգանիզմ է եւ համալրման կարիք ունի»:
Ըստ Հ. Շահումյանի` վերանայման կարիք ունի նաեւ Ազգային պատկերասրահի շենքի նախագիծը: «Այդ կառույցը պատկերասրահի պահանջներին համապատասխան չէ. շենքում լուսավորություն ապահովելու, ներկայացված հավաքածուն խոնավությունից, չորությունից պահպանելու խնդիր կա: Շատ նմուշներ հնարավոր չէ անգամ ցուցադրել: Բացի այդ` պատկերասրահի տեղակայության վայրը բարենպաստ չէ. այն չի շնչում, քանի որ մի քանի թանգարաններ «խցկված են» իրար մեջ»,-մեկնաբանեց նկարիչը:
Նա անդրադարձավ նաեւ նորանշանակ տնօրենից ակնկալվող գործելաոճին. «Ցանկալի կլիներ, որ նա ունենա պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած, բարձր մակարդակի խորհուրդ, որը պատկերասրահին առնչվող հետագա անելիքների վերաբերյալ ոչ թե ձեւական, այլ ռեալ, հուսալի աջակից կլինի»,-կարծիք հայտնեց նա:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ հասցրել է շնորհավորել նորանշանակ տնօրենին` նոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ. «Կարծում եմ` տնօրենի պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ նախնական դատողություններ անելը ճիշտ չէ, արվեստաբանները երբեմն անիմաստ մեկնաբանություններ են անում: Թե Արման Ծատուրյանն ինչպես կաշխատի, ցույց կտա ժամանակը»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար մրցում էին Արման Ծատուրյանը, Արթուր Ավագյանը եւ Սաթենիկ Վարդանյանը:
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ
Արդեն ամառ է, շոգ եղանակը տրամադրում է դուրս գալ աշխատասենյակներից եւ մեկնել հանգստի: Ոմանք արդեն որոշել են` որտեղ են հանգստանալու այս ամառ, իսկ ոմանք դեռեւս շարունակում են աշխատել եւ պլաններ կազմել: «Ժողովուրդ»-ը մի քանի հայտնիներից հետաքրքրվել է հանգստի հետ կապված նրանց ծրագրերի եւ նախընտրությունների մասին:
Երգչուհի Սոնա Շահգելդյանն, օրինակ, մեզ հետ զրույցում նշեց, որ հանգստի համար ոչ միայն կարողանում է ժամանակ գտնել, այլեւ հանգիստն ավելի է կարեւորում, քան աշխատանքը: Սոնայի համար էական չէ` Հայաստանում կհանգստանա, թե արտերկրում. կարեւորը տրամադրությունն է: «Ամեն տարի էլ մի գեղեցիկ վայրում հանգստացել եմ: Նախորդ տարի, օրինակ, եղա Դիլիջանում, այս տարի, հնարավոր է՝ հանգստանամ Ստեփանավանում կամ Սյունիքի մարզի քաղաքներից մեկում, չի բացառվում նաեւ, որ արտերկիր գնամ: Գուցե հանգստի մեկնեմ սիրելիիս, գուցե նաեւ մայրիկիս հետ. դեռ չեմ որոշել»:
Սոնան, առհասարակ, ակտիվ, էքստրեմալ հանգստի սիրահար է. «Նախընտրում եմ մեծ, սեղանի թենիս, ֆուտբոլ խաղալ, ինձ հոգեհարազատ է նաեւ ջրային միջավայրը, քանի որ կարողանում եմ լավ լողալ: Այս պահին նկարահանվում եմ տեսահոլովակներում, ֆիլմերում, եւ դա ինձ համար մեծ պատասխանատվություն է: Այդ աշխատանքներն ավարտեմ եւ կմտածեմ անելիքներիս մասին»,-ասաց նա:
Դերասան Անդրանիկ Հարությունյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը պասիվ հանգստի սիրահար է. «Իմ առօրյան այնքան հագեցած է, այնքան ծանրաբեռնված եմ լինում, որ նախընտրում եմ ազատ ժամանակն անցկացնել ընտանիքիս հետ, 10-15 օրով որեւէ հանգիստ տեղ մեկնել»,-ասաց նա:
Մեր հարցին, թե մասնավորապես որտեղ է պատրաստվում անցկացնել իր ամառային հանգիստը, Անդրանիկը պատասխանեց հումորով. «Մեր լոգարանը սիրուն սարքել ենք, հենց այդտեղ էլ էկզոտիկ միջավայր կստեղծենք, ջրի ձայնի, ծտերի ծլվլոցի էֆեկտներ կստանանք, եւ հանգիստն ապահովված է: Այդպես շատ քիչ ծախս կանենք»:
Իսկ եթե լուրջ` Անդրանիկի խոսքով` առաջիկայում հնարավորություն կլինի հյուրախաղերով մեկնել ԱՄՆ, որտեղ նա իր հանգիստը կհամատեղի աշխատանքի հետ. «Կուզենամ Լաս-Վեգասում ժամանակ անցկացնել, թեեւ այնտեղ պասիվ հանգիստ վայելել հնարավոր չի լինի: Տեսնենք` ինչպես կստացվի»,-եզրափակեց նա:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Արտասահմանյան մի շարք լրատվամիջոցներ նոր մանրամասներ են հայտնել Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանվելիք ֆիլմի մասին, որը ֆինանսավորվելու է ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի միջոցներով: «Խոստում» («The Promise») ահա այսպես կկոչվի ֆիլմը, որը նկարահանելու է ռեժիսոր Թերի Ջորջը, իսկ սցենարի հեղինակը Ռոբին Սվայքորդն է: Մեծ եղեռնի մասին ֆիլմում, որի նկարահանումներն իրականացվելու են առաջիկա ամիսներին` Իսպանիայում, գլխավոր հերոսի դերը կստանձնի հոլիվուդյան օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը: Նրա խաղընկերը կլինի Օսկար Այզեքը: Ֆիլմի սյուժեի հիմքում սիրային պատմություն է, որի միջոցով էլ կշոշափվի Հայոց ցեղասպանության թեման:
ՆՈՐ ԶՈՒԳԵՐԳ
Երգիչ Արման Հովհաննիսյանն ու ռուս երգչուհի Վալերիան հանդես կգան զուգերգով: Տեղեկությունը Esem.am-ի հետ զրույցում հաստատել է Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանը: Երգը կոչվում է «Սեր իմ անուշ», այն երկլեզու ստեղծագործություն է` հայերենով եւ ռուսերենով: Զուգերգի երաժշտությունը գրել է Արսեն Գրիգորյանը, բառերը` Ավետ Բարսեղյանը, իսկ գործիքավորումն արել է Կարեն Սեւակը: Առայժմ հայտնի չէ` կլինի նաեւ տեսահոլովակ, թե ոչ:
ԺԱՆՆԱ ՖՐԻՍԿԵՆ ՄԱՀԱՑԵԼ Է
Երկարատեւ հիվանդությունից հետո 40 տարեկանում մահացել է ռուս հայտնի երգչուհի, դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն: Դեռեւս 2014-ի սկզբին հայտնի էր դարձել, որ Ֆրիսկեն ծանր հիվանդ է: Նրա մոտ գլխուղեղի ուռուցք էր հայտնաբերվել: Երգչուհուն օգնելու համար երկրպագուներն ավելի քան 60 մլն ռուբլի էին հավաքել: Գերմանիայի եւ ԱՄՆ-ի հիվանդանոցներում երկարատեւ բուժում ստանալուց հետո Ֆրիսկեն հարազատների հետ մեկնել էր Բալթյան երկրներ: Նախորդ տարի ամռանը նրա ինքնազգացողությունն աստիճանաբար լավացել էր: 2014-ի հոկտեմբերին Ֆրիսկեն վերադարձել էր Մոսկվա: Բուժման հերթական կուրսն ավելի ուշ անցել էր Չինաստանում, բժիշկներին հաջողվել էր որոշակի արդյունքի հասնել: Արդեն վերջին ամիսներին Ֆրիսկեն ապրում էր Մոսկվայում` ամուսնու եւ որդու` Պլատոնի հետ: