ԳՈՆԵ ՉԽՈՍԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի ոչ իշխանական  ուժերի ճամբարում, հիշեցնում է հայտնի մաֆիա խաղը, որտեղ բոլորը հավատացնում-համոզում են, որ իրենք «կարմիր» (ընդդիմադիր) են, մինչդեռ երբ գալիս է գիշերը, այսինքն՝ գործելու ժամանակը,  բացահայտում են իրենց ինքնությունը: Գալիք նախագահական ընտրություններից առաջ սպասվող ԱԺ պատգամավորների լրացուցիչ ընտրություններն այս առումով այն լակմուսի թուղթն են, որ արտացոլում է մեր չափազանց գաղափարական ոչ իշխանականների իրական գույնը: Թե՛ Գյումրիում` թիվ 35 ընտրատարածքում, եւ թե՛ Ավանում` թիվ 1 ընտրատարածքում, այդ ուժերի վարքագիծն առավել քան խոսուն կերպով ցույց է տալիս ներկայում համախմբման նպատակով ընթացող քաղաքական կոնսուլտացիաների ողջ սնանկությունը: Գյումրիում «խիստ այլընտրանքային» ԲՀԿ-ն, ՀԱԿ-ի թեկնածուին թողած, որոշեց իր պարտքը հետ տալ ՀՀԿ-ին` սատարելով վերջինիս թեկնածուին: Բայց եթե Գյումրիում իրավիճակն այդքան էլ միանշանակ չէր` հաշվի առնելով  քաղաքապետ Սամվել Բալասանյանի կուսակցական վիճահարույց «պատկանելությունն» ու առաջադրված թեկնածուների քաղաքական  ներուժը, ապա Ավանում  պատկերն առավել քան միանշանակ է. առաջադրված երեք թեկնածուներից անվիճելի ֆավորիտը «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն է, որի հաղթանակի համար կարող էր բավարար լինել ոչ իշխանական դաշտի ուժերի անգամ խորհրդանշական աջակցությունը: Մինչդեռ միմյանց հետ օրումեջ կոնսուլտացվող ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, որեւէ քայլ չեն անում՝ իրագործելու համար իրենց իսկ կողմից տարփողվող համակարգի փոփոխության ճանապարհին այս մեկ` թեեւ հատվածական, սակայն շատ կարեւոր քայլը: Ընտրություններին մնացել է ընդամենը  չորս օր, սակայն մինչ օրս Ստեփան Սաֆարյանը ստիպված է եղել միայնակ պայքարել իշխանական թեկնածուի (քաղաքապետ  Տարոն Մարգարյանի աներորդու) ձեռքի տակ եղած անսահմանափակ վարչական ռեսուրսների օգտագործման եւ ընտրացուցակների ուռճացման դեմ: Մինչդեռ վերը հիշատակված քաղաքական ուժերից եւ ոչ մեկը որեւէ անգամ չի փորձել գոնե քարոզչական, թեկուզ իրենց կուսակցականներից որեւէ մեկի «անձնական կարծիքի» մակարդակով աջակցություն ցուցաբերել իրենց իսկ բնորոշմամբ` «ռեժիմի» դեմ պայքարի դուրս ելած  թեկնածուին: Թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ՀԱԿ-ը մինչ օրս չեն հայտարարել Սաֆարյանին սատարելու  մասին: Իսկ ահա այլընտրանքային ԲՀԿ-ն Ծառուկյանի մամուլի խոսնակի շուրթերով երեկ հայտարարեց, որ Ավանում կայանալիք ընտրություններում քաղաքական որոշում է կայացրել որեւէ թեկնածուի չսատարելու մասին: Բնականաբար, դա միանգամայն սպասելի որոշում էր` հաշվի առնելով Ծառուկյանի բիզնես հետաքրքրությունները. հո չէ՞ր նեղացնելու քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Միայն թե` գոնե դրանից հետո չխոսեն երկրում փոփոխություններ անելու եւ ազգը փրկելու մասին:




Լրահոս