ՓՈՐՁԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՏ Է ԶԳԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաեւ այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեղափոխեն Հայաստան: ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը:
Որոշ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով երեկ զրուցեցինք Ֆլորա Մարտիրոսյանի մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանի հետ:
-Մենք տեղեկություններ ունենք, որ Ֆ. Մարտիրոսյանի հուղարկավորության խնդիրները կարգավորելու համար նրա հարազատները գործարարներից գումարներ են խնդրում: Ավելին, կոնկրետ Գ. Ծառուկյանը 20 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել՝ նրա ամուսնու խնդրանքով: Ինչո՞ւ է նման իրավիճակ առաջացել:
-Նախ նշենք, որ Ֆ. Մարտիրոսյանի ընտանիքի կորուստն այնքան մեծ է, որ նույնիսկ չեն կարող որեւէ նմանատիպ հարցով զբաղվել: Ընտանիքը որեւէ մեկին նման խնդրանքով չի դիմել:  Սովորաբար երբ որեւէ դժբախտ դեպք է պատահում, մարդիկ համախմբվում են, եւ յուրաքանչյուրն իր աջակցությունն ու ցավակցությունն է հայտնում՝ դա կլինի հոգու խոսքով, թե գումարով: Ֆ. Մարտիրոսյանի մահը ոչ միայն իր անմիջական հարազատների, ընկերների, այլեւ ողջ հայ ժողովրդի, համաշխարհային մակարդակի բազմաթիվ արվեստագետների համար էր մեծ կորուստ: Եւ, բնականաբար, այս օրերին շատերն են ցանկացել որեւէ կերպ աջակցել ընտանիքին: Ընդ որում, երգչուհու համերգային ծրագրերին իր կենդանության օրոք էլ մշտապես աջակցել են թե՛ Գ. Ծառուկյանը եւ նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, թե՛ «Գրանդ» հոլդինգի նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանը, թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, բազմաթիվ այլ գործարարներ, քաղաքական գործիչներ ու անհատ քաղաքացիներ ՀՀ-ից եւ արտերկրից:
Պետք չէ քաղաքականացնել հարցը, սա այդ դեպքը չէ: Այժմ ես չեմ ցանկանում մանրամասնել՝ ովքեր եւ ինչպես են իրենց կարեկցանքն արտահայտել: Կգա ժամանակը, հուղարկավորությունից հետո մենք մեր շնորհակալությունը կհայտնենք բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին երգչուհու ընտանիքի կողքին են եղել:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ Ֆ. Մարտիրոսյանի ընտանիքը նման խնդրանքով է դիմում գործարարներին: Ի վերջո, տիկին Մարտիրոսյանը մշտապես ինքն է բարեգործությամբ զբաղվել, փող չունե՞ն:
-Բոլորն են քաջատեղյակ, որ Ֆ. Մարտիրոսյանը մշտապես ե՛ւ մեծ համերգային գործունեություն է ծավալել, ե՛ւ բարեգործական ծրագրեր իրականացրել: Նա էր ստեղծել Լոս գործող Անջելեսում Կոմիտասի անվան դպրոցը, «Artists for Peace» հասարակական կազմակերպությունը, որը բարեգործական տարբեր ծրագրեր էր իրականացնում տարիներ շարունակ: Ֆ. Մարտիրոսյանը 2007թ.-ից զբաղված էր իր կարեւորագույն նախագծով՝ «Never again»-ով, որն ուղղված էր ցեղասպանությունների, պատերազմների դեմ: Այդ նախագծի եւ Ֆ. Մարտիրոսյանի շուրջ էին համախմբվել աշխարհահռչակ արտիստները եւ մեծ համերգ ունեցան ԱՄՆ-ում: Նրա երազանքն էր 2015թ. Հայոց Ցեղասպանության 100-երորդ տարելիցի կապակցությամբ իրականացնել այդ հզոր նախագիծը: Եւ այսքանից հետո մեզ ցավ է պատճառում, որ այդ գումարների հարցն է արծարծվում հայաստանյան մամուլում:
-Բայց ՀՀ կառավարությունը դեռեւս ոչ մի օգնություն չի ցուցաբերել երգչուհու ընտանիքին: Միայն մեր հրապարակումից հետո է հանձնաժողով ստեղծվել, որը պետք է կազմակերպի հուղարկավորությունը ու մյուս հարցերը:
-Այդպես չէ: Նախ նշեմ, որ առաջին իսկ օրից թե՛ ԱՄՆ-ում ՀՀ  հյուպատոսարանը, թե՛ ՀՀ կառավարությունը, պետական բոլոր մարմիններն իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնել երգչուհու ընտանիքին: Պարզապես որոշ տեխնիկական-կազմակերպչական խնդիրներ կային՝ կապված թղթաբանության եւ ԱՄՆ օրենքներով նրա դին ՀՀ տեղափոխելու ժամկետների կապակցությամբ: Ես հասկանում եմ, որ տեղափոխման հետ կապված ժամկետների ձգձգման պատճառով է այս թյուրըմբռնումն առաջացել: Բայց, կրկնում եմ, ՀՀ կառավարությունը առաջին իսկ օրից պետական հանձնաժողով է ձեւավորել՝ հուղարկավորությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար: Պարզապես հասկացե՛ք, որ իր ամուսնուն եւ զավակներին էր նաեւ ժամանակ պետք շոկային այդ վիճակից սթափվելու եւ որոշում կայացնելու համար, թե որտեղ կատարել հուղարկավորությունը: Այդ էր պատճառը, որ կառավարական հանձնաժողովը չէր կարողանում հրապարակել կայացված որոշումը: Այժմ էլ դեռ չունենք վերջնական որոշում, թե Հայաստանում որտեղ եւ երբ կլինի հուղարկավորությունը:
Զարմանում ենք՝ ինչպե՞ս կարելի է նման մեկնաբանություններ անել: Ֆ. Մարտիրոսյանը ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Ժողովրդական արտիստուհի» պետական մրցանակին, հետեւաբար ինչպե՞ս կարելի է մտածել, որ պետությունը կարող է չհոգալ այս բոլոր հարցերը:
-Լավ, մի փոքր էլ խոսենք տիկին Մարտիրոսյանի վիրահատությունից: Հայաստանում լեղապարկի վիրահատությունը համարվում է թեթեւ: Ինչո՞ւ նրա մոտ բարդություններ առաջացան:
-Սպասում ենք բժշկական փորձաքննության վերջնական արդյունքներին, դեռեւս որեւէ պաշտոնական պատասխան չունենք: Ֆ. Մարտիրոսյանը 24 ժամ շարունակ անդադար աշխատում էր, ինքնամոռաց տրվել էր ծրագրին: Բայց ակնհայտ առողջական խնդիրներ չուներ: Իսկ լեղապարկի հետ կապված բորբոքումը կարող էր մի քանի օրվա ընթացքում լինել: Ոչինչ չեմ կարող ասել, փորձաքննությունը կտա այդ բոլոր հարցերի պատասխանները: Ինքը սովորականի պես արթնացել, գնացել է համերգի նախավերջին փորձին, նոյեմբերի 18-ին նա համերգի էր նախապատրաստվում: Փորձի ժամանակ շատ վատ է զգացել, ու տեղափոխել են հիվանդանոց: Առայժմ այսքանը կարող եմ ասել:
Հ.Գ. Նշենք, որ երեկվա մեր հրապարակած լուրից հետո Մարիան անձամբ էր զանգահարել խմբագրություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս