Armenian text to speach

ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԵԿԱՆԻ ԵՐԵՍԻՆ ԵՐԿՈՒ ԲԱՌ ԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրերս Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի եւ ակտիվ երիտասարդներից բաղկացած «Հակահարված» կոչվող խմբի միջեւ բախում տեղի ունեցավ, որը մի նոր աղմկոտ բացահայտման առիթ դարձավ: Խոսքը ԵՊՀ պատմության ֆակուլտետում օգտագործվող դասագրքերից մեկի մասին է, որտեղ հիշատակվում են 2008թ. մարտի 1-ին նախորդող եւ հաջորդող իրադարձությունները՝ գլխիվայր շրջված նկարագրություններով: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց մարտի 1-ի 10 զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մոր՝ Ալլա Հովհաննիսյանի հետ:
-Տիկի՛ն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին, երբ մարտի 1-ի իրադարձությունների փաստերը խեղաթյուրվել են:
-Երբ այս մասին իմացա, ողջ գիշեր չքնեցի: Իշխանության ներկայացրած փաստերից բացի, այդ դասագիրքն ավելի մեծ սուտ է պարունակում իր մեջ. այնտեղ գրել են, թե «երկուստեք հրազեն» են օգտագործել: Ախր ոստիկանության, հատուկ քննչական ծառայության հաշվետվություններում «երկուստեք հրաձգության» մասին անգամ բառ չկա: Կարելի՞ է այդպես խեղաթյուրել պատմությունը: Ուղղակի իրենք այնպիսի մի բան են արել, որ Բաղրամյան 26-ին դուր գան: Բայց ինչպե՞ս կարելի է խեղաթյուրված պատմություն ներկայացնել սերունդներին:
-Ի՞նչ եք պատրաստվում անել:
-Կարծում եմ՝ մենք բոլոր ծնողների հետ պետք է քննարկենք եւ դատի տանք, որպեսզի թույլ չտանք այդ դասագրքով շարունակեն դասավանդել: Վաղը զոհերի ծնողներով կհանդիպենք, որովհետեւ ԱԺ-ում էլ ցանկանում են մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, դրա հետ միասին այս հարցն էլ կքննարկենք: Կխորհրդակցենք փաստաբանների հետ:
-Հաշվի առնելով մեր դատական համակարգում տիրող բարքերը՝ ի՞նչ եք կարծում, լուծում կտա՞ն խնդրին:
-Ոչինչ: Կանցնենք մեր ատյանները, հետո կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
-Փորձե՞լ եք զրուցել գրքի հեղինակի հետ կամ կապ հաստատել ԵՊՀ ղեկավարության հետ:
-Ճիշտն ասած, ուզում եմ, բայց մտածում եմ, որ նրանք կարող է սադրանքի գնան. ամեն ինչ սպասելի է: Է. Մինասյանին որոշակի չափով ճանաչում եմ եւ կցանկանայի տեսնել ու նրա երեսին մի երկու բան ասել:
Հ.Գ. Փորձեցինք զրուցել նաեւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, թե բուհը, ստեղծված իրավիճակի հետ կապված, հայտարարություն կտարածի: Ավելի ուշ տարածվեց հայտարարություն, որում ասվում է. «Վերոհիշյալ դասագիրքը, այդ թվում` նաեւ շահարկվող հատվածը, շարադրվել են միմիայն փաստական տվյալների հիման վրա եւ զերծ են պատմաբանի սուբյեկտիվ մոտեցումներից: Ակնհայտ է, որ հարցը շահարկվում է միմիայն քաղաքական նկատառումներով: Մենք հետամուտ ենք լինելու, որ ԵՊՀ-ի եւ նրա աշխատակիցների բարի համբավն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած փորձ արժանանա իրավական եւ բարոյական համապատասխան գնահատականի»:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ



Լրահոս