Դանակի 55 հարվածով սպանված փարաքարցու բնակարանում այլ կնոջ եղունգնե՞ր են հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա փետրվարի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել: Ննջասենյակում հայտնաբերվել էր տանտիրուհու՝ 51-ամյա Անահիտ Զաքևոսյանի դիակը` դանակի մոտ 55 հարվածներից վնասվածքների հետքերով:

Armlur.am-ին տեղեկություններ հասան, որ գյուղում լուրեր են շրջանառվում, թե դեպքի վայրից հայտնաբերվել են այլ կնոջ եղունգներ, հնարավոր է` հանցագործության մասնակից: Շրջանառվող լուրերը, սակայն, Քննչական կոմիտեից Armlur.am-ի հարցմանն ի պատասխան հերքեցին` հավելելով, որ տուժող կնոջ եղունգներն են ուղարկվել փորձաքննության:

Մեզ հայտնեցին նաև, որ Անահիտ Զաքևոսյանի սպանության գործով դեռևս կասկածյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անահիտ Զաքևոսյանի գործով գրեթե բոլոր հարևանները տարվում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշել էր, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի միջոցն է: «Ամուսնացած էր, ամուսնու հետ խանութում էին աշխատում: Երեկոյան 9-ի կողմերն Անահիտն ամուսնուն ասել է, որ գնում է տուն՝ հեռուստացույց դիտելու, և այս դեպքն է պատահել: Գյուղում բոլորը շոկի մեջ են, չենք հասկանում, թե ինչը կարող էր լինել այս սպանության պատճառը»:

Ի դեպ, գյուղապետը հայտնել էր նաև, որ գյուղում խոսակցություններ կային, թե կնոջ սպանության գործով որոշակի կասկածյալներ կան. «Այս խոսակցությունների հետ կապված ես փորձել եմ ոստիկանությունից տեղեկանալ, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, ինձ ոչինչ չեն ասում: Երևի դա էլ ճիշտ քայլ է: Գիտե՞ք` ես հանդիպել եմ սպանված կնոջ ամուսնուն, հետաքրքրվել եմ, բայց այդ մարդն իրեն շատ վատ է զգում, ուստի քաղաքավարությունից ելնելով ինձ թույլ չեմ տալիս շատ հարցեր տալ, սպասենք տեսնենք»,- եզրափակել էր գյուղապետը:

z1_150207062009_default

Լուսանկարը` z1news.am-ի




Լրահոս