Հանրապետությունում հերթական ինքնասպանության դեպքը գրանցվել է Լոռու մարզի Դսեղ գյուղում: Իր տան նկուղում կախվելու միջոցով կյանքին վերջ է տվել 53-ամյա Դավիթ Առաքելյանը: Armlur.am-ի տեղեկություններով, տղամարդու կախված դին հայտնաբերել է կինը:
Armlur.am-ի հետ զրույցում Դսեղ համայնքի ղեկավար Նորիկ Քոչարյանը հայտնեց, որ իրենք միանշանակ վստահ են, որ Դ. Առաքելյանն ինքնասպանության է դիմել անբուժելի հիվանդության պատճառով: Համայնքապետի փոխանցմամբ, մի քանի անգամ անարդյունք վիրահատվելուց հետո համագյուղացին հույսն ամբողջությամբ կորցրել էր. «Մի քանի հիվանդություններով էր տառապում. միայն մեկը չէր: Վիրահատություններն էլ իրենց չէին արդարացնում: Հույսն ամբողջությամբ կորցրել էր: Ցավալի է շատ, չդիմացավ: Կնոջը դիտավորյալ ինչ-որ տեղ էր ուղարկել: Նա էլ մինչև կվերադառնար, մի քանի րոպե անց ամուսնուն կախված գտավ»:
Նորիկ Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ ինքնասպան եղածը երկու երեխա ուներ: Որդին մոտ մեկ շաբաթից պետք է զորացրվի, սակայն վաղը գյուղ կգնա` հոր հուղարկավորությանը մասնակցելու. «Կինը լացակումած ասում է` չսպասեց զինվոր որդու վերադարձին»:
Նշենք, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: