2015 թվականի սկզբից Ադրբեջանի ԶՈւ կորուստը կազմել է 38 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության հատվածի կորուստները 2015 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում կազմել են 38 մարդ: Նրանցից 15­-ը մարտական, 23­-ը` ոչ մարտական կորուստներ են: Այս մասին, ինչպես հաորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով contact.az լրատվական կայքը, հայտնում է ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը` հղում կատարելով ադրբեջանական ԶԼՄ-­ների եւ սոցցանցերի մոնիտորինգի տվյալներին:

Նույն աղբյուրի համաձայն` 7 զինծառայող ինքնասպանություն են գործել, 6-­ը դարձել են ոչ կանոնադրական հարաբերությունների զոհեր (ծառայակիցների կողմից գնդակահարություն), 3-­ը զոհվել են անզգուշության հետեւանքով, 2-­ն ընկել են ձնահոսքի տակ, 1­-ը մահացել է հիվանդությունից: Մահացածներից 32-­ը պաշտպանության նախարարության, 3-­ը` պետական սահմանային ծառայության, 2­-ը` արտակարգ իրավիճակների, 1-­ը` ազգային անվտանգության նախարարության զինծառայողներ են:

Նշված ժամանակաշրջանում վիրավորվել կամ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայող: Նրանցից 4-­ը վիրավորվել են առաջնագծում, մեկը պայթել է ականի վրա, մեկը տուժել է ոչ կանոնադրական փոխհարաբերությունների արդյունքում, եւս մեկը` դժբախտ պատահարից:

Ինստիտուտը չի բացառում, որ պաշտպանության եւ անվտանգության հատվածի իրական կորուստներն ավելի շատ են, քան իր հրապարակածը: «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը ստեղծվել է 2014 թվականին Գերմանիայում Ջասուր Սումերենլիի կողմից, ով Ադրբեջանում հետապնդումների է ենթարկվել եւ հարկադրված է եղել ապաստան փնտրել: Կառույցի նպատակը Կասպյան ավազանում պաշտպանության եւ անվտանգության հատվածներում գործընթացների վերլուծությունն ու ռազմավարական կանխատեսման պատրաստումն է:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 16 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով` նրանցից 10­ը մահացել են ոչ մարտական պայմաններում:

Թեեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազը 79 զինծառայող եւ 30­ ից ավելի վիրավոր:




Լրահոս