«Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը հեղափոխական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի աշխարհաքաղաքական կարգավիճակի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի համար հայ-իրանական երկաթգծի կառուցումը շահավետ կարող է լինել ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական առումով:
«Հայաստանի համար շատ կարևոր է երկաթգծի կառուցումը: Կլինեն աշխարհընկալումների փոփոխություններ: Երկաթգծի կառուցումը ադրբեջանաթուրքական շրջափակումից դուրս գալու միակ ճանապարն է»,- նշեց Ոսկանյանը:
Արևելագետի գնահատմամբ, երկաթգծի կառուցումը ձեռնտու է ոչ միայն հայկական, այլև իրանական կողմին, քանի որ այն ամենակարճ ուղին է, որով Իրանը կարող է միանալ Վրաստանի նավահանգիստներին:
Վարդան Ոսկանյանի խոսքով, թե՛ հայկական, թե՛ իրանական կողմը ողջունել են երկաթգծի կառուցման նախագիծը, ռուսական կողմն էլ փաստացիորեն դեմ չէ երկաթգծի կառուցմանը:
Նրա դիտարկմամբ, ծրագրի դանդաղ ընթացքը երկու հիմնական պատճառ ունի. համաշխարհային տնտեսական ճգնաժամը և Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, որոնք, ըստ բանախոսի, աստիճանաբար վերանում են: Հատկապես Իրանի և վեցյակի միջև ընթացող բանակցությունների հաջող ավարտից հետո իրավիճակն ավելի կբարելավվի:
Արփինե Թովմասյան