ՓԱՍՏԱԲԱՆԻՆ «ՍՊԱՆՈՂՆԵՐԻՆ»` «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՐՈՒԹՅՈ՞ՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանությունից մեկ շաբաթ անց Վանաձորում արդեն տեղեկություններ են պտտվում, որ «սպանողներին» ուզում են թեթեւ մեղադրանք առաջադրել` սպանությունը վերաորակել խուլիգանության եւ նրանց ազատել թեթեւ պատիժներով: Գործում խառնված են նրանց քաղաքական «պապաները», որոնց համար սպանության գործով կալանավորված Արտակ Վերանյանը, նրա հետախուզվող եղբայր Արեն Վերանյանը եւ Սամվել Դիլոյանը կարծես դարձել են քրեական տարրերից բաղկացած մոբիլ խումբ, որը քրեական պատմությունների մեջ է հայտնվում քաղաքական «պապաների» հանձնարարությամբ կամ անձնական պատճառներով: Հետո գործերը «բարտերով» «ջրվում են». ու ամեն ինչ սկսվում է նորից…     
Նոյեմբերի 18-ին Լոռու մարզի Շահումյան գյուղում գտնվող «Մուշ» ռեստորանում գտել էին փաստաբան Սամվել Շարբաթյանի դին՝ բռնության հետքերով: Նախաքննությունը պարզել էր, որ այդ օրը ռեստորանում փաստաբանը, Արտակ եւ Արեն Վերանյաններն ու նրանց ընկեր, Վանաձորի ավագանու անդամ Սամվել Դիլոյանը վիճել են: Վերջիններս բազմաթիվ հարվածներ են հասցրել Շարբաթյանի դեմքին, մարմնին եւ սպանել նրան: Ըստ գլխավոր դատախազության տեղեկատվության` պատճառը եղել է անձնական. Արտակը հետապնդել է փաստաբանի քրոջ դստերը, ինչի շուրջ ծավալված վեճը հանգեցրել է սպանության: Ինչի՞ց է վրա հասել Շարբաթյանի մահը` գազային ատրճանակից արձակված կրակոցի՞ց (որն իբր նրա մոտ է եղել, որը խլել են նրա ձեռքից եւ կրակել), թե՞ ծեծի արդյունքում ստացած վնասվածքներից, ցույց կտա փորձաքննությունը: Բայց դատախազությունն արդեն նշում է, որ փաստաբանի մարմնի վրա առկա են ատրճանակի գնդակներից առաջացած 5 կապտուկների տեսքով վնասվածքներ, որոնք մահվան հետ կապ չունեն: Այսինքն՝ արդեն հոդվածը թեթեւացնելու նախաքայլը կա, որից էլ կախված է լինելու երեք անձանց ճակատագիրը: Հիշեցնենք, որ դեպքից հետո Արենն ու Սամվելը փախուստի մեջ են եւ հետախուզվում են: Իսկ մյուս մասնակիցը` 33-ամյա Արտակ Վերանյանը,  դեպքի հաջորդ օրը մեղայականով ներկայացել էր իրավապահներին եւ սպանության փաստով հարուցված քրգործով կալանավորվել:
Անդրադառնալով այս եռյակի քրեական անցյալին` մի քանի դրվագներ ու հանգամանքներ հիշեցնենք: Նրանցից Արտակը նախկինում աշխատել է Տավուշի մարզային վարչության Բագրատաշենի բաժնում որպես օպեր-լիազոր, հետո մաքսանենգության համար 11 ամիս անցկացրել ազատազրկման վայրում:  
Սամվել Դիլոյանը ՀՀԿ անդամ է, ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը եւ մինչեւ վերջերս Վանաձորի քաղաքապետարանի ավագանու անդամ, ում լիազորությունները վաղաժամ դադարեցվել էին: Նա նաեւ Վանաձորի քաղաքապետ Ս. Դարբինյանի թիմում էր, որը տարիներ առաջ հայտնվել էր ՀՀ վերահսկիչ պալատի «սեւ ցուցակում»` կապված մանկատների երեխաներին պետբյուջեով հատկացվող գումարների անհետացման եւ դժվար ճակատագիր ունեցող երեխաներին սոցիալական երաշխիքներից զրկելու հետ: Դիլոյանի եւ Արենի անունները կապվում են նաեւ 2007-ի ԱԺ ընտրություններից 16 օր առաջ «Թեժ լեռ»-ում կատարված Հրանտ Հակոբյանի սպանության հետ: Ըստ մեղադրականի` Հրանտը, նախընտրական հանդիպման ժամանակ հանդիպելով Վանաձորի ավագանու անդամ Սամվելին եւ Վահագնին, պահանջել էր իր անունով ձեւակերպել տալ Վանաձորի շենքերից մեկի բակում գտնվող մի տարածք: Զրույցը շարունակելու համար Հրանտը նրանց հրավիրել էր «Թեժ լեռ» եւ սպանվել: Ըստ վանաձորցիների՝ թեեւ Հրանտն աշխատել էր թիվ 30 ԸՏ-ի պատգամավորության թեկնածու Վ. Բաղդասարյանի շտաբում, սակայն նաեւ մյուս թեկնածուի` Վ. Դալլաքյանի համակիրն էր եղել, իսկ Ս. Դիլոյանն ու Վ. Ավագյանը` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմ Վ. Բաղդասարյանի թիմակիցը: Ավագանու անդամներին այն ժամանակ ձերբակալվել եւ ազատ էին արձակվել, որովհետեւ գլխավոր դատախազի համակուրսեցի, Վանաձորի դատախազ Ա. Ղազարյանը հայտարարել էր, որ Ս. Դիլոյանը կռվին մասնակցել է, սպանությանը` ոչ: Ի վերջո, վանաձորցի 27-ամյա Գոռ Թորոսյանը, որը Արտակի պես մեղայականով ներկայացել էր ոստիկանություն, արագացված կարգով դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման: Մինչդեռ Հրանտի քույրը եւ նրա ներկայացուցիչը նախաքննությունը համարել էին թերի: Նշել էին, որ սպանության մեջ պետք է մեղադրեին ոչ միայն հանցանքն իր վրա «վերցրած» Գոռին, այլեւ վկաներ Ս. Դիլոյանին, նրա ընկեր Արեն Վերանյանին եւ տուժող ճանաչված Վահագն Ավագյանին. կոնֆլիկտի հանգամանքները նկարագրող նրանց ցուցմունքներում հակասություններ էին եղել, որոնք նախաքննական մարմինը հաշվի չէր առել եւ չէր ապացուցել` Հրանտի մոտ զենք եղել է, թե ոչ: Մինչդեռ մեղադրականում նշվել էր, թե սպանվածն ապօրինի ձեռք բերած ատրճանակից հինգ կրակոց էր արձակել Սամվելի, Գոռի եւ Վահագնի ուղղությամբ: Վերջինս ստացել էր միջին ծանրության վնասվածք ու ճանաչվել տուժող: Կրակոցներից պաշտպանվելով` Արենը դանակով հարվածել էր Հրանտին, որին, սակայն, լուրջ վնաս էր հասցրել Գոռի դանակը: Հ. Հակոբյանը մահացել էր հիվանդանոցում: Մինչդեռ Հրանտի հարազատների պնդմամբ` նա զենք չէր պահել…
Կարծես թե այս սցենարի տրամաբանությամբ էլ կատարվել է Շարբաթյանի սպանությունը. տուժողից վերցրել են նրա մոտ պահվող զենքը եւ հենց դրանով էլ սպանել` անհրաժեշտ պաշտպանության նկատառումներով եւ խմբով: Իսկ հիմա նրանց «քաղաքական պապաները» կարծես թե «համոզել են» նախաքննական մարմնին թեթեւ հոդված դնել, որ մինչեւ նախագահական ընտրությունները մոբիլ խումբն արդեն պատրաստ լինի մեկ այլ ռեստորանում «հատուկ հանձնարարություն» կատարելու համար:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս