«Այդ պայքարը ինչ-որ կետի է տանելու». ինչու ԲՀԿ-ն չի միանում էլէներգիայի թանկացման դեմ պայքարողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ համարելու համար սկսված բողոքի ակցիաները կտրուկ փոփոխություն չեն բերի: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Ես քաղաքացիական հասարակության զարգացման ներկա փուլում շատ կտրուկ զարգացումներ չեմ ակնկալում: Չեմ բացառում, բայց չեմ էլ տեսնում: Ես այս խնդիրը չեմ կապում տրանսպորտի սակագնի թանկացման հետ: Դրանք բավական տարբեր խնդիրներ են», – նշեց նա` հավելելով, թե ոչ ոք ոգևորված չէ սակագնի թանկացմամբ, բայց և չգիտի, թե ինչ ուղղությամբ կգնա շարժումը:

Նա հավելեց, թե ԲՀԿ-ն չի քննարկել «Ոչ թալանին» նախաձեռնության` այսօր կազմակերպելիք երթին միանալու հարցը: «Մենք` որպես քաղաքական ուժ, միշտ էլ պատրաստ ենք քննարկել հասարակությանը հուզող ցանկացած սոցիալական խնդիր:  Բայց եթե մենք տեսնում ենք, որ այդ պայքարը ինչ-որ կետի է տանելու…չեմ ուզում նորից հետ գնալ և´ ձեզ, և´ մեզ հայտնի պատմությունը հիշել: Եկեք` մի քիչ իրատես լինենք»,- նշեց նա:




Լրահոս