Մեր պայմանագիրը և ձեր տրանշները չեն համապատասխանում իրար. Հակոբ Հակոբյանը` փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված ««Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Հարցը խորհրդարանում ներկայացնում էր Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հետաքրքրվեց, թե իսպանական ընկերությանը վճարված տուգանքը որքան է կազմել, և թե որքան է վճարվել պետբյուջեի կողմից: «Ես ուսումնասիրում եմ այս պայմանագիրը, որի մեջ գրվածը չի համապատասխանում ձեր նախարարության տրամադրած տեղեկանքի հետ: Մեր պայմանագիրը և ձեր տրանշները չեն համապատասխանում իրար»,-նշեց նա:

«Մեր կողմից տրված պայմանագրերը և տեղեկանքները մեկը մյուսին բռնում են, և մենք պատրաստվում ենք 31 կիլոմետրանոց ճանապարհ կառուցել: Հավանաբար, Դուք Երևանի հատվածը շրջանցող տարածքն եք համարում բացակայող հատված: Մեր գրածը ենթադրում է հետևյալը` Արտաշատից մինչև Նորագավիթ և Պաշտպանության նախկին նախարարության շենքից մինչև Աշտարակի կամուրջ, այդ հատվածը 31 կիլոմետր է և արժի 70,4 միլիոն ԱՄՆ դոլար»,- պարզաբանեց Արթուր Առաքելյանը:

Նա ընդգծեց, թե ինքը պատգամավորին կարող է տրամադրել ցանկացած փաստաթուղթ, որը կհավաստի իր խոսքերի իրավացիությունը:




Լրահոս