«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ը ՀԵՐՔՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Գյումրու նորակառույց Մուշ-2 թաղամասի մի խումբ բնակիչների կողմից բարձրացված այն ահազանգին, որ շենքերի ծխատարների հետ կապված խնդիրներ կան, որոնց պատճառով ձգձգվում է գազամատակարարումը: Գազաֆիկացման եւ գազամատակարարման Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանը մեզ հետ զրույցում ընդունել էր, որ խնդիրներ կան, բայց նշել էր, որ դրանք վերացվում են: Նա մեզ տեղեկացրել էր, որ մի քանի օրից թաղամասերում կտեղադրվեն գազի հաշվիչ սարքերը, եւ շահագործման կհանձնվեն գազօջախները, իսկ ջեռուցման կաթսաները կշահագործվեն ավելի ուշ: Գազաֆիկացման եւ գազամատակարարման Գյումրու մասնաճյուղի տնօրենի հետ զրույցից անցել է մեկ շաբաթ, մի քանի շենքերում գազի հաշվիչ սարքերի արկղերը տեղադրվել են, բայց անգամ գազօջախները դեռ չեն շահագործվում: «Սկզբում ասում էին, որ մինչեւ դեկտեմբերի 1-ը գազ կունենանք, հմի արդեն կոնկրետ ժամկետ էլ չեն նշում»,-ասում է թաղամասի բնակիչներից մեկը:
Անդրադարձել էինք նաեւ այն տեղեկություններին, որ եթե ներկայում շահագործվեն տեղադրված ջեռուցման կաթսաները՝ մտավախություն կա, որ ծխատարները 3-4 տարի հետո կքայքայվեն՝ դառնալով վտանգավոր բնակիչների համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է բնակարաններում տեղադրված երկկոնտուրանի ջեռուցման կաթսաները փոխարինել առավել անվտանգ՝ տուրբո գազի կաթսաներով:  
Մեր ունեցած տեղեկությունները ճշտելու նպատակով դիմեցինք «Գլենդել հիլզ»-ի գրասենյակ: Մեր հարցերին, թե երբվանից են իրականացվելու ջեռուցման սարքերի փոխման գործընթացները, ում կողմից է եղել նման առաջարկություն, եւ որն է դրա պատճառը,  «Գլենդել հիլզի»-ից պատասխանեցին. «Ձեր ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: Մինչդեռ բնակիչները շարունակում են պնդել, որ ծխատարների հետ կապված խնդիր իրոք կա: «Մենք գիտենք, որ եթե հմի մենք էդ կաթսաները շահագործենք, ապա առաջին հարկից ծուխը կլցվի վերեւի հարկ, երկրորդ հարկից երրորդ հարկ ու այդպես շարունակ: Մի խոսքով, ծխատարը ճիշտ չի սարքած: Թե ինչ բդի էղնի, մենք էլ խաբար չենք»,-համոզված է 50 շենքի բնակիչ Գեւորգ պապը:
Հ.Գ. Ի դեպ, նշենք, որ Մուշ-2 թաղամասի կաթսաների հետ միայն այս խնդիրը չէ, որ առկա է: Շենքերը շահագործման հանձնելուց անմիջապես հետո մի քանի շենքերի բնակիչներ իրենց բնակարաններում հայտնաբերել էին ջրատաքացուցիչներ կաթսաների փոխարեն: «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնել էին, որ դրանք բոլորը փոխվելու են: Չնայած «Գլենդել հիլզ»-ի այս հավաստիացմանը՝ ջրատաքացուցիչները արկղով՝ փակ վիճակում, դեռ բնակարաններում են:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս