Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտնել է, որ Ազատության հրապարակում հունիսի 19-ից մեկնարկած նստացույցն այսօր ժամը 19։00-ին կավարտվի։
Նախաձեռնության անդամները հայտարարել էին, որ եթե մինչ այդ իշխանությունների կողմից պաշտոնապես չհայտարարվի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ ընդունված որոշման կասեցման մասին, իրենք Ազատության հրապարակից կշարժվեն դեպի նախագահական նստավայր` Բաղրամյան 26։
Եվ ահա, այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներից դեպի Բաղրամյան 26 են ընթանում մեծ թվով ոստիկանական մեքենաներ` «պաշարելով» նախագահական նստավայրը: Փաստորեն, իշխանությունները ո´չ միայն չեն հայտարարի սակագների թանկացման որոշման կասեցման մասին, այլև ամեն ինչ կանեն, որ բողոքի դուրս եկածները ետ կանգնեն պայքարը շարունակելու մտքից::
Ի դեպ, մեր հարցին` ինչո՞ւ են ոստիկանական մեքենաները մայրաքաղաքում սովորականից ավելի մեծ թվով շրջում, այն էլ` կուտակումներով, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ պատասխանեցին, թե դա նորմալ երևույթ է. ոստիկաններն իրենց ծառայությունն են իրականացնում:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ից ավելի քան 300 քաղաքացի նստացույց է անցկացնում Ազատության հրապարակում` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման: