ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԼԱՎ ՉԳԻՏԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ համացանցում տեղ գտած տեսանյութի հետեւանքով աշխատանքից ազատվեցին ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ՝ տեսուչներ Լեւոն Մատինյանն ու Կարեն Մելքոնյանը: Պատճառը ճանապարհային ոստիկանի պարտականությունները ոչ պատշաճ կատարելը եւ քաղաքացիների հետ շփվելիս էթիկայի կանոնները չպահպանելն էր: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հ/կ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանի հետ:
«Կատարվածը պետք է որ դրական ազդեցություն ունենա մյուսների վրա: Հուսանք, որ կունենա, դաս կլինի մնացած տեսուչներին»,-նկատեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ բացի երթեւեկության կանոններն իմանալուց, ՃՈ տեսուչը պարտավոր է իմանալ ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգիրքը, նաեւ՝ իրեն վերաբերող ՀՀ կառավարության որոշումները:
«ՃՈ տեսուչն անմիջապես շփվում է վարորդի հետ եւ պետք է տիրապետի այդ բոլոր օրենքներին, որպեսզի բացատրի նրանց իրենց իրավունքները. եթե դժգոհ է, ապա ինչպես բողոքարկի: Գրագետ տեսուչը երբ քաղաքակիրթ խոսի վարորդի հետ, ապա վերջինս չի նեղանա նրանից: ՃՈ տեսուչը պետք է միշտ զուսպ լինի: Չեմ կարող ասել, թե քանի տոկոսն է տիրապետում օրենքներին, բայց, ամեն դեպքում, նրանք դատարանում ցույց են տալիս, թե ինչքան թույլ են տիրապետում օրենսդրությանը: Ուրեմն այն դպրոցում, որտեղ նրանք այս մասնագիտությամբ կրթություն են ստանում, ուսուցումը գտնվում է ցածր մակարդակի վրա»,-պարզաբանեց կենտրոնի նախագահը: Նա նշեց, որ ճանապարհային ոստիկանների դեմ այժմ 150 դատական գործ կա, որոնք դեռ ընթացքի մեջ են:
«Աքիլլես»-ը հաճախ վարորդներից բողոքներ է ստանում՝ կապված ՃՈ տեսուչների կողմից իրականացվող անօրինական գործողությունների հետ: Կենտրոնի տնօրենը պատմեց, որ վարորդներից մեկը հ/կ էր ներկայացրել իր բողոքը ու պատմել, որ չի համաձայնել ճանապարհային ոստիկանի կողմից իրեն վերագրած խախտման հետ, եւ ոստիկանը միանգամից տվել է արձանագրությունը՝ առանց վարորդի ստորագրության: Վարորդն էլ դժգոհել է, թե ինչու է առանց իր կարծիքը հարցնելու արձանագրություն կազմել:
«Սրանով ճանապարհային ոստիկանը տեղում վարորդին զրկել է պաշտպանվելու իրավունքից»,-բացատրեց Է. Հովհաննիսյանը: Նա ե՛ւ ճանապարհային ոստիկաններին, ե՛ւ վարորդներին խորհուրդ է տալիս իրար նկատմամբ համերաշխ լինել, հասկանալ իրար եւ հարգանքով վերաբերվել միմյանց. «Դրա բացակայության պատճառով գրեթե ամեն օր դատարան ենք գնում, պատահում է, որ օրվա մեջ ունենում ենք 3-4 դատական գործ»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վարորդ 31-ամյա Հակոբ Գալստյանն ասաց. «Ճանապարհային ոստիկանների խոսքն ինձ նյարդայնացնում է: Մի դեպք պատմեմ, որն անցյալ տարի տեղի է ունեցել ինձ հետ: Ճանապարհային ոստիկանը կանգնեցրեց ինձ ու հարցրեց, թե ինչու ամրագոտի չեմ կապել, բայց կապել էի, ուղղակի չէին նկատել: Ես էլ պնդեցի, թե գցել եմ… մի խոսքով, երկար վիճաբանելուց հետո ինձ մոտեցավ մյուս գործընկերն ու ասաց. «Դե երդվի՛ր, եթե գցել ես»: Ես էլ երդվեցի, ասացի՝ հորս արեւ, գցել էի: Ինքն էլ թե՝ լավ, որ գցել էիր, գնա՛, քեզ հաջողություն»:
Հարգելի՛ վարորդներ, եթե ձեզ կանգնեցրել է ճանապարհապարեկային տեսուչը, ապա վարվե՛ք հետեւյալ կերպ.
1. Դուք պարտավոր եք կանգնեցնել մեքենան եւ իրավունք ունեք մեքենայից դուրս չգալ:
2. Բարեւե՛ք տեսուչին եւ հստակ հարցրե՛ք կանգնեցնելու պատճառը: Դուք չպետք է արդարանաք: Դա հաշվի չի առնվելու տեսուչի կողմից, եւ նա կազմելու է արձանագրությունը:
3. Փաստաթղթերը հանձնելուց առաջ խնդրե՛ք տեսուչին ցույց տալ ծառայողական վկայականը: Արտագրե՛ք կամ տեսագրե՛ք տվյալները եւ կրծքահամարը: Դա կարող է պետք գալ կոնֆլիկտային իրադրություն ստեղծվելու կամ բողոքարկելու դեպքում:
4. Ցանկացած ուղեւոր կարող է լինել վկա (կինը, ընկերը): Պահանջե՛ք, որ տեսուչը նրանց ընդգրկի արձանագրության մեջ՝ որպես վկաների: Եթե նա հրաժարվում է դա կատարել, ապա արձանագրության՝ «վարորդի բացատրությունը» սյունակում գրե՛ք վկաների տվյալները: Եթե գործընթացը տեսագրվել է, ապա նշե՛ք նաեւ, որ առկա է տեսագրությունը:
5. Եթե դժվարանում եք շարադրել ձեր անհամաձայնությունը, ապա նշե՛ք. «Համաձայն չեմ, կարիք ունեմ օգտվելու փաստաբանի օգնությունից»:
6. Ուշադի՛ր կարդացեք արձանագրությունը, որից հետո միայն ստորագրե՛ք այն: Եթե ինչ-որ բան հասկանալի չէ, ապա խնդրե՛ք տեսուչին բացատրել:
7. Երբեք մի՛ հրաժարվեք ստորագրելուց եւ որոշումը ստանալուց, քանի որ օրենքը չի պահանջում այդ փաստն ապացուցել ընթերականերով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս