ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵՑԻՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրավիրված նիստում հաստատեց սպառողներին մատակարարվող էլէներգիայի նոր՝ բարձրացված սակագինը, ըստ որի, սպառողները այս տարվա օգոստոսի 1-ից հոսանքի 1 կՎտ/ժ-ի դիմաց պետք է վճարեն 48,78 դրամ, ներկայիս 41,85-ի փոխարեն: Սակայն հանձնաժողովը որոշումը հաստատելու տեխնիկական գործընթացն անգամ չկարողացավ առանց ապօրինության իրականացնել: Բանն այն է, որ ՀԾԿՀ-ն մեկ քվեարկությամբ միանգամից երկու որոշում հաստատեց: Մեկը հոսանք արտադրող կայանների առաքած էլէներգիայի սակագինը հաստատելու մասին էր, մյուսը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողին մատակարարվող էլէներգիայի նոր սակագները սահմանելու վերաբերյալ: Մինչդեռ օրենսդրությունն այս հանձնաժողովին նման իրավունք չի տալիս, եւ նրանք պարտավոր էին որոշումներն առանձին-առանձին դնել քվեարկության: Բայց քանի որ շտապում էին վաղուց կանխորոշված գործընթացը որքան հնարավոր է շուտ ավարտել, որոշումներն էլ փաթեթով էին կայացնում՝ հաշվի չառնելով, թե օրենսդրությամբ ինչ է նախատեսված: Ի դեպ, ինչպես եւ սպասվում էր՝ ՀԷՑ-ից նիստին ոչ ոք ներկա չէր՝ ո՛չ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ո՛չ էլ նրա տեղակալներից որեւէ մեկը: ՀԷՑ-ի տնօրինությունը երեկ առավոտյան գրություն էր ուղարկել, որով ՀԾԿՀ-ին տեղեկացրել էր, որ նախորդ օրը Ռոբերտ Նազարյանին ուղարկած նամակն ընդունեն իբրեւ իրենց պաշտոնական տեսակետ: Մեր թերթի երեկվա համարում այդ նամակը տպագրել էինք ամբողջությամբ:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ ներկայացուցիչները վերջին օրերին պարբերաբար հանդիպում են Սերժ Սարգսյանի եւ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ ու քննարկում սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ինչպես հայտնի է՝ նախօրեին Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել ՀՀ ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչներին եւ նրանց ասել, որ այդ երեք կուսակցություններով պետք է «թեւ թեւի տան»՝ սահմանադրական փոփոխություններն իրականացնելու համար: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախատեսվում է հուլիսի 10-ից հետո սահմանադրական փոփոխությունների առաջին երկու գլուխները հրապարակել: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակը սեփական առաջարկություններն իրացնելն է: «Մենք չենք էլ թաքցրել, որ միշտ էլ հանդիպում ենք թե՛ մասնագիտական հանձնաժողովի, թե՛ երկրի նախագահի հետ»,- ասաց Մինասյանը:

 

 

 
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանը հայտարարել էր, թե. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»: Դրանից հետո 2015թ. հունիսի 3-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց գլխավոր դատախազություն՝ նշելով. «Տվյալ դեպքում մարդը թիրախավորված սպառնալիք է հղել պաշտպանության նախարարի եւ նրա կնոջ վերաբերյալ հասարակական կարծիքներ արտահայտողների նկատմամբ, ինչը քրեորեն պատժելի արարք է»: Եւ, ահա, ՀՔԾ-ն պետք է որոշի՝ պատժե՞լ Շմայսին, թե՞ ոչ:

 

 

 
ՀՀ ոստիկանությունն ավարտել է այս տարվա մայիսի 27-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի եւ նրա կուսակից Վահան Բաբայանի կողմից խորհրդարանում հնչեցրած հայտարարությունների հետաքննությունը: Հիշեցնենք, որ Վահան Բաբայանն ԱԺ-ում հայտարարել էր, թե երեխաներին մանկատներից «արենդայով» վերցնում են, դեղ են խմեցնում, որ չլացեն եւ փողոցներում գրկած մուրացկանություն են անում: ՀՀ ոստիկանությունը 2015թ.-ի հունիսի 8-ին որոշում է կայացրել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Այլ կերպ ասած, Վահան Բաբայանն իր խոստացած փաստերը չի ներկայացրել իրավապահներին եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդեն մեղմ տոնայնությամբ ասել, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնել: Եւ այսքանով պատմությունն ավարտվել է: Իսկ եթե որեւէ շարքային քաղաքացի նման անհիմն հայտարարություն հնչեցներ, իրավապահները չէին խորշի սուտ մատնության համար նրան մեղադրանք առաջադրել, քանի որ չի կարելի քնից վեր կենալ եւ մարդկանց ծանր հանցագործություն կատարելու մեջ հանիրավի մեղադրել:

 

 
ՈՉ ԱԴԵԿՎԱՏ

Ինչպես հայտնի է՝ երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ի վերջո, կայացրեց էլէկտրաէներգիայի սակագնի` 6.93 դրամով թանկացման չարաբաստիկ որոշումը, որի արդյունքում, ըստ անկախ փորձագետների հաշվարկների, Հայաստանում առկա աղքատությունն ավելանալու է շուրջ տասը տոկոսով: Իբրեւ թե դա քիչ էր, «Ժողովուրդ»-ի հրապարակած գաղտնի նամակից պարզ դարձավ, որ առաջիկայում Հայաստանն առհասարակ կարող է հայտնվել խավարի մեջ` բառիս բուն իմաստով, քանի որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինը սակագինն ավելի շատ չբարձրացնելու դեպքում ՀԾԿՀ ղեկավարին սպառնում է ընկերության` լիցենզիայով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման դադարեցմամբ:
Եվ մինչ ողջ հանրությունը վրդովված է, էներգետիկ համակարգում «շունը տիրոջը չի ճանաչում», ՀՀ Կառավարությունը ստիպված փորձում է թերհավաքագրվող բյուջեի դեֆիցիտի նվազեցման եւ նոր վարկային միջոցներ ձեռք բերելու նպատակով ԱԺ-ում փոխել «ՀՀ արտաքին պարտքի մասին» օրենքը եւ էլ ավելի մեծացնել մեր երկրի արտաքին պարտքի բեռը, Հայաստանի նախագահի լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ երկրի նախագահը երեկ վերջապես խորհրդակցություն է հրավիրել… համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքների ընթացքի քննարկման նպատակով:
Փաստորեն Սերժ Սարգսյանի համար երկրի թիվ մեկ խնդիրն այսօր համահայկական խաղերի անցկացումն է: Սա այլ կերպ, քան զավեշտ կոչելը դժվար է: Թեեւ զավեշտ անվանելն էլ ճիշտ չէ, քանի որ այս իրավիճակն արդեն ողբերգական է: Լավ, ինչքան պետք է ՀՀ քաղաքացիներին «ապահով Հայաստան» խոստացած երկրի նախագահն իր տեղում չլինի եւ ոչ ադեկվատ ընկալում ունենա, որ այս իրավիճակում նման կարեւորություն տա եւ հատուկ խորհրդակցություն հրավիրի ինչ-որ սպորտային միջոցառման անցկացման նպատակով: Հասկանալի է, որ Իլհամ Ալիեւի կողմից Եվրոպական խաղերի անցկացումից հետո Սերժ Սարգսյանն էլ ինքնադրսեւորվելու ցանկություն ունի, բայց նախ` մասշտաբների տարբերությունն է չափազանց տխուր, ապա եւ մեր երկրի ներկայիս վիճակը:
Ի վերջո, եթե Սերժ Սարգսյանը կարծում է, որ այս իրավիճակում իրեն կփրկի հանրությանը «հաց եւ տեսարաններ» ապահովելու դեռեւս հռոմեական կայսրերի փորձած մեթոդը, ապա սխալվում է, քանզի իր նախագահությամբ երկիրը հասցվել է այնպիսի վիճակի, երբ հանրությանն անգամ «հացով եւ տեսարաններով» պահելն է դարձել անհնար հացի բացակայության պատճառով:




Լրահոս